Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պետք են սոցիալական համերաշխության քայլեր

Ապրիլ 29,2020 10:00

Կա՞ արդյոք «ֆորսմաժորային» վիճակ էլեկտրաէներգիայի եւ գազի հայաստանյան սպառողների համար: Որքան հասկանում եմ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեսանկյունից՝ չկա: Չեմ կարող ասել, թե ինչպիսի չափանիշներով է առաջնորդվում այդ հանձնաժողովը: Հավանաբար՝ միջազգային: Բայց էլ ինչպիսի՞ն պետք է լինի «ֆորսմաժորն» այն մարդկանց համար, որոնք մարտի աշխատավարձը չեն ստացել (ես շատերին գիտեմ, որոնք չեն ստացել նաեւ փետրվարինը), իսկ հիմա պարտադրված են վճարել կոմունալ ծախսերը:

Արդյոք իրավիճակը սովորակա՞ն է այն կրպակատիրոջ համար, որի կրպակն արդեն մեկուկես ամիս է փակ է: Կամ երթուղային տաքսու վարորդի, որի մեքենան մեկ ամիս դուրս չի եկել երթուղի: Պետությունը կոմունալ ծախսերի համար մասամբ փոխհատուցում է տալիս այն դեպքում, երբ փետրվար ամսվա էլեկտրաէներգիայի ծախսը չի գերազանցել 10.000, իսկ գազինը՝ 30.000 դրամը: Բայց ես հեշտությամբ պատկերացնում եմ ոչ ճոխ կյանքով ապրող ընտանիքների, որոնք ավելի շատ էլեկտրաէներգիա կամ գազ են սպառում, բայց այս պահին զրկվել են իրենց եկամուտի աղբյուրից:

Էլցանցը գալիս անջատում է այդ մարդկանց էլեկտրաէներգիան: Չեմ ուզում սրտաճմլիկ տեսարաններ պատկերել՝ մասնավոր ընկերություն է, որը պետք է հավաքագրի իր գումարները: ՀԷՑ-ում էլ աշխատում են մեր քաղաքացիները, եւ եթե նրանք էլ աշխատավարձ չստանան, դրանից ոչ ոք չի շահի:

Բայց ես էլցանցի փոխարեն այդքան «վճռական» չէի լինի: Այստեղ, վստահ եմ, հնարավոր են փոխզիջումային տարբերակներ: Օրինակ, հնարավոր է քաղաքացիների պարտքը, այսպես ասած, «վերակազմակերպել», այսինքն՝ ձգել մի քանի ամսով: Երբ օրերը տաքանան, գազն ու էլեկտրաէներգիան ավելի քիչ կսպառվեն, եւ քիչ-քիչ, հաջորդ ամիսների վարձի հետ պարտքն էլ կվերադարձնեն: Եթե, իհարկե, տնտեսությունն այդ ընթացքում սկսի շնչել: Քաղաքացու եւ մասնավոր ընկերության միջեւ միջնորդը, ենթադրում եմ, պետք է լինի պետությունը, որը կարող է աջակցել, որ տնտեսվարողը եւ պարտատերը պայմանագիր կնքեն:

Սոցիալական խնդիրները մոտակա ամիսներին սրվելու են, կարծում եմ, դրանում ոչ ոք չի կասկածում: Արդյոք պետությունը ճի՞շտ թիրախներ է ընտրել՝ այդ խնդիրները մեղմելու համար, դժվարանում եմ ասել: Ինձ թվում է, ընդհանուր սկզբունքը պետք է հիմնված լինի տնտեսվարողին օգնելու առաջնահերթության վրա: Ինքնաթիռում ուղեկցորդուհիները պարտադիր բացատրում են, որ աղետի դեպքում սկզբից պետք է դնել ձեր դիմակը, հետո՝ երեխայինը: Տրամաբանությունը պարզ է. երեխան ձեզ չի կարող օգնել, իսկ դուք երեխային կարող եք: Նույն տրամաբանությամբ պետք է առաջին հերթին աջակցել կերակրողին, աշխատատեղեր պահողին: Չգիտեմ, գուցե սխալվում եմ: Բայց ինչ հերթականություն էլ ընտրվի, պետական բյուջեից, այսինքն՝ մեր՝ քաղաքացիներիս, գրպանից միլիարդավոր դրամներ են ծախսվելու:

Այդ միլիարդները, ինչպես հայտնի է, անսահմանափակ չեն, որովհետեւ մենք՝ մյուս կողմից, պետք է տանք թոշակառուների թոշակները, ուսուցիչների եւ բժիշկների աշխատավարձերը: Հետեւաբար անհրաժեշտ են այլ՝ ոչ ստանդարտ քայլեր սոցիալական համերաշխության ուղղությամբ: Ես բերեցի դրա օրինակներից մեկը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930