Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի դեռ կան նպատակներ, իրավունք չունես հոգնելու»

Ապրիլ 29,2020 13:00

Կորոնավիրուսով վարակվածների հետ աշխատող ապագա ինֆեկցիոնիստը` սպասումների եւ հիվանդների տրամադրության մասին

Այս օրերին, երբ կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է, ամենաբարդն ու պատասխանատուն շարունակում է մնալ բուժաշխատողների աշխատանքը:

Aravot.am-ը զրուցել է ԵՊԲՀ մանկական ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկական օրդինատոր Մարիամ Հակոբյանի հետ, որը վարակի տարածման առաջին օրերից որպես կամավոր ներգրավվել է  կորոնավիրուսով վարակվածների բուժման աշխատանքներում:

– Որքա՞ն ժամանակ է, որ աշխատում եք կորոնավիրուսով վարակվածների հետ։ Ինչպե՞ս որոշեցիք որպես կամավոր ներգրավվել աշխատանքներում։

– Հենց ամենասկզբում, երբ հիվանդանոցն անցավ արտակարգ ռեժիմով աշխատանքի, մենք կլինիկական օրդինատորներով նույնպես անցանք արտակարգ ռեժիմով աշխատանքի։ Ես արդեն 1 ամիս է՝ հիվանդանոցում եմ եւ տուն չեմ գնում։ Իսկ որոշեցի մնալ հիվանդանոցում, որովհետեւ սա է իմ ապագա աշխատանքը, եթե հիմա փախչեի համաճարակից, հետո ինչպես պետք է աշխատեի, չէ՞ որ ես ինքս եմ ընտրել այս մասնագիտությունը:  Ճիշտ է, տատիկս մինչեւ հիմա չի համակերպվում այն մտքի հետ, որ ես ինֆեկցիոնիստ եմ դառնալու, բայց միեւնույն է՝ ես ապագա ինֆեկցիոնիստ եմ:

– Ինչի՞ համար եք ամենաշատը փոշմանում։

– Ոչ մի բանի համար չեմ փոշմանում, որովհետեւ արած բանի համար չեն փոշմանում, ուղղակի պետք է ամեն ինչից դրականը քաղել եւ փորձ ձեռք բերել։

– Ո՞ւմ եք շատ կարոտում ու ի՞նչ հաճախականությամբ եք հանդիպում մտերիմներին։

– Կարոտում եմ ընտանիքիս անդամներին, բայց ամենաշատը հայրիկիս, իր հետ իմ կապն ուրիշ է, ես իր նման եմ, եւ երբ խոսում եմ իր հետ, ասում` հոգնել եմ, միշտ ասում է՝ հոգնել չկա այս կյանքում, քանի դեռ կան նպատակներ, իրավունք չունես հոգնելու։

Հանդիպում եմ հազվադեպ, երբ պետք են լինում ինչ-որ իրեր, որ տնից փոխանցեն եւ ուտելիք են ինձ ուղարկում, որը նույնիսկ չեմ էլ հասցնում ուտել:

– Զվարճալի դեպք պացիենտի հետ շփման ժամանակ, որ կուզեիք պատմել:

– Ամենազվարճալի դեպքը` համայցի ժամանակ մի տատիկ էինք ընդունել, եւ երբ իրեն էինք զննում, ասաց` վայ, էս պուճուրն էլ է բժիշկ:

– Վախեր եղե՞լ են:

– Վախեր չունեմ, սկզբում էի վախենում, դժվար էի մտնում հիվանդների մոտ, բայց հիմա չկան, հաղթահարել եմ ինքս իմ մեջ։

– Ի՞նչ տրամադրություն կա վարակվածների շրջանում՝ խուճա՞պ, թե՞ հույս:

– Մի մասի մոտ խուճապ, մի մասի մոտ՝ հույս, խիզախություն, կախված է մարդու տեսակից։

– Այս օրերին հարազատներից ամենաշատը ի՞նչ խորհուրդ, խնդրանք կամ հորդոր եք լսել։

– Ամեն անգամ, երբ  մայրիկիս ու տատիկիս հետ եմ  խոսում,  պարտաճանաչորեն հարցնում են առողջական վիճակիցս: Խորհուրդները գուցե սովորական են, բայց ինձ համար արժեքավոր` հաց կեր, միրգ կեր, հեղուկներ խմիր, ուշադիր եղիր։

– Առաջին բանը, որը պլանավորում եք անել կորոնավիրուսին վերջնականապես հաղթելուց հետո։

– Առաջին բանը, որ պլանավորում եմ՝ համաճարակից հետո Ղարաբաղ գնալն է:

– Համավարակը փոխե՞լ է ձեր մոտեցումները:

– Համավարակը չի փոխել իմ մոտեցումները, հասկացել եմ, որ պետք է ավելի հաստատակամ լինել, լավ կազմակերպել ամեն ինչ եւ ամենակարեւորը՝ աշխատել միշտ լավ տրամադրություն ունենալ, որովհետեւ հիվանդները դրա կարիքը շատ ունեն։

Զրուցեց ՄԱՐԻՆԵ ԵՐԵՄՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
28.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930