Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիները բաց են՝ հատուկ կարգի պահպանմամբ, այդ կարգապահությամբ նշեցինք նաեւ զատկական տոները»

Ապրիլ 29,2020 14:00

Հարցազրույց «Վրաստան» շաբաթաթերթի լրագրող Գայանե Բոստանջյանի հետ

Այս օրերին անխափան լույս է տեսնում «Վրաստան» հայատառ շաբաթաթերթը (թերթի խմբագիրը Վան Բայբուրթյանն է) եւ չնայած Վրաստանում մարզային ելումուտի սահմանափակմանը, տարածվում է հայաշատ շրջաններ:

-Վրաստանում ե՞րբ  է հայտարարվել համավարակի հետ կապված արտակարգ դրություն եւ ինչպիսի՞ սահմանափակումներ կան:

– Թագավարակի առաջին դեպքը Վրաստանում հաստատվեց փետրվարի 26-ին: Վրաստանի քաղաքացին Իրանից, հատելով Ադրբեջանը, ժամանել էր Վրաստան:

Վրաստանում արդեն գործում էր Կորոնավիրուսի կանխարգելման միջգերատեսչական խորհրդի (խորհրդի կազմում են երկրի առաջատար համավարակաբաններ, վարակաբաններ եւ կառավարության համապատասխան ատյանների նախարարներ՝ ղեկավարում է վարչապետ Գիորգի Գախարիան) հանձնարարականով չեղարկվեցին զանգվածային միջոցառումները, իսկ մարտի 2-ին դադարեց ուսումնական ընթացքը՝ դպրոցներում, բուհերում, ինչպես նաեւ մանկապարտեզներում:

Դադարեցին գործել նաեւ թատրոնները: Խուճապ չկար, որովհետեւ ԶԼՄ-ներով անընդհատ խոսվում էր այդ մասին, խոսվում էր սոցիալական հեռավորությունը պահպանելու եւ հիգիենային հետեւելու մասին եւ ահազանգվում հնարավոր վտանգի մասին: Կարելի է ասել՝ արդեն փաստացի արտակարգ դրություն էր: Մարտի 21-ին հայտարարվեց արտակարգ իրավիճակ ողջ Վրաստանում: Իսկ մարտի 31-ին համընդհանուր կարանտին եւ պարետային ժամ` մարտի 31-ին, 21.00-ից առավոտյան 6-ը (առայսօր գործում է): Մարտի 23-ին Մառնելուիի  եւ Բոլնիսիի մունիցիպալիտետներում հայտարարվեց կարանտին: Քանի որ բնակչուհիներից մեկի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, իսկ նա ուներ շփման լայն շրջանակ: Այդ երկու շրջաններում փակվեց ելումուտը: Միջանցք էր ստեղծված միայն բեռնատարների եւ Հայաստան վերադարձող հայաստանցիների համար: Եվ այս պարագայում մեծ դերակատարություն ունեցավ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը` տեղափոխելով եւ աջակցելով Հայաստանի քաղաքացիներին:

Ապրիլի 22-ին կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչեւ մայիսի 22-ը: Ապրիլի 17-ին արգելվեց նաեւ մարդատար մեքենաների տեղաշարժը՝ ողջ Վրաստանում, բացառությամբ՝ բեռնատարների եւ առաքման մեքենաների: Իսկ մինչ այդ, ապրիլի 15-ին փակվեցին չորս գլխավոր քաղաքները՝ Թբիլիսին, Բաթումին, Քութայիսին եւ Ռուսթավին: Մեքենաների տեղաշարժն, ըստ խորհրդի, կվերականգնվի ապրիլի 27-ին:

Վրաստանում չի գործում հանրային տրանսպորտը, չեն աշխատում տարադրամի փոխանակման կետերը, նոտարական գրասենյակները խիստ սահմանափակմամբ են աշխատում: Իսկ ավտոմեքենայում երեքից ավելի անձ չի կարող նստել:

– Վրացերեն ինչպե՞ս է թագավարակը հնչում:

– Կորոնավիրուսի:

– Ինչ քայլեր են արվում անսպասելի տանը հայտնված, դպրոցահասակ երեխաներ ունեցողների, թիրախային խմբերում գտնվողների հոգսը թեթեւացնելու համար: Նկատի ունեմ` սոցիալական պաշտպանությանը միտված միջոցառումները:

– Այո, կոմունալ վճարումների հարցում կառավարության աջակցությունը հետեւյալն է՝ պետությունը մարում է մինչեւ 200 կվտ էլեկտրաէներգիա եւ մինչեւ 200 խորանարդ մետր գազ սպառած բաժանորդների՝ մարտ, ապրիլ, մայիս վճարումները: Կոնկրետ մեր պարագայում, շտապել էինք եւ վճարել գազը, բայց գումարը հետ նստեց հաշվին: Վրաստանում գործում է COVID-19, ուր փոխանցումներ են կատարում գործարարները, շարքային քաղաքացիները: Հիմնադրամը ծառայում է բնակչության սոցիալական, կորոնավիրուսի հետ կապված ծրագրերին: Իսկ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, ըստ որի՝ անդամների աշխատավարձի մեկ երրորդ մասը  փոխանցվելու է հիմնադրամ: Իսկ  ապրիլի 24-ին վարչապետ Գիորգի Գախարիան ներկայացրեց Հետճգնաժամային ծրագիրը: Առանց աշխատավարձ մնացած աշխատակիցները 6 ամսվա ընթացքում ստանալու են յուրաքանչյուր ամիս 200-ական լարի` համարժեք երեսուն հազար ՀՀ դրամին: Փաստորեն, կհատկացվի այդ մեկ մարդուն 180 հազար դրամ՝ վեց ամսվա ընթացքում: Այն գործատուները, որոնք շարունակել են վճարել իրենց աշխատակիցներին, ազատվելու են եկամտահարկերից:

Վրաստանի համավարակաբանների կանխատեսմամբ՝ Վրաստանն այս պահին ներքին վարակի տարածման զանգվածային փուլում է, պիկը սպասվում է առաջիկա երեք շաբաթների ընթացքում: Ըստ վարչապետի՝ կյանքի նորմալ հունին կվերադառնանք հաղթահարելով Հետճգնաժամային ծրագրի վեց փուլ, առաջինը սկսվելու է ապրիլի 27-ից, որոշ սահմանափակումներ կհանվեն, երկրորդը՝ հավանաբար, երկու շաբաթ անց:

– Դպրոցներում ի՞նչ վիճակ է, մասնավորապես, հայկական դպրոցները՝ հայ  երեխաների համար:

– Գործում է հեռավար ուսուցում եւ դպրոցներում, եւ բուհերում: Անձամբ երկու դպրոցահասակի մայր եմ: Երեխաներս հաճախում են Թբիլիսիի 104-րդ հայկական դպրոցը: Ամեն օր անցկացվում է հեռավար ուսուցում: Բացի այդ, Վրաստանի Առաջին ալիքի հավելյալ ալիքով, որն ամբողջությամբ կրթական ոլորտին է տրամադրվել, գործում է Հեռուստադպրոց՝ վրացերեն, հայերեն, ադրբեջաներեն: Տարին կփակվի հունիսի 15-ին, ինչպես միշտ, առայժմ չեն հետաձգվել նաեւ բուհերի Ազգային միասնական քննությունները: Ի դեպ, առցանց` տեսագրված ներկայացումներ է ցուցադրում նաեւ Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնը ու նույնիսկ սպասվող պրեմիերայի փորձեր անցկացնում:

– Գայանե, իրավախախտներին  ի՞նչ է սպասվում:

– Ֆիզիկական անձանց՝ 3 000 լարի (մոտ 900 դոլար), իրավաբանականի դեպքում՝ 15 հազար լարի (մոտ 5000 դոլար) տուգանք է սպառնում: Կրկնակի խախտման դեպքում՝ քրեական գործ է հարուցվում:

– Որն է տարբերությունը վրացիների եւ հայերի: Դու ունես հնարավորություն համեմատելու, դու նաեւ սոցիալական ցանցերի միջոցով տեսնում ես մեր խանութները, բայց օգտվում ես այդտեղի խանութներից, դեղատներից, փողոցում ես լինում:

– Վրաստանում այս պահին գործում են միայն դեղատներն ու սննդի խանութները եւ ԶԼՄ-ն ու միայն այն կենսականորեն անհրաժեշտ ձեռնարկությունները, որոնք պահպանում են առողջապահության նախարարության եւ Վրաստանի Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի սահմանած հանձնարարականները: Ուստի եթե տուգանվել են, ապա հիմնականում պարետային ժամից դուրս հայտնվածները, մեքենայում երեքից ավելի անձ ունեցող վարորդը կամ այդ ընկերությունները:

Ինչ վերաբերում է քաղաքացիներին, ապա վստահ ասում եմ, որ առավել քան կարգապահ են: Խանութներում, ճիշտ է, հերթեր են կուտակված, բայց պահպանված է սոց հեռավորությունը, իսկ ներսում՝ սահմանված ներկաների թիվը: Մեծ մտավախությունը զատկական օրերին էր: Վրացիները մեծ շուքով են նշում, գիշերը ժամում են անցկացնում: Եկեղեցի-կառավարություն մի քանի անգամ բանակցեցին, մինչեւ կայացվեց հստակ որոշում՝ արարողությունը փոքր եկեղեցիներում դռնփակ անցկացնել, իսկ մեծերում՝ հստակ պահպանված սոց հեռավորությամբ: Զատիկը Վրաստանում անցած կիրակի էր: Ժողովրդի կուտակումից խուսափելու համար փակ են նաեւ գերեզմանատները: Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիները բաց են՝ հատուկ կարգի պահպանմամբ, այդ կարգապահությամբ նշեցինք նաեւ զատկական տոները: Մի քանի օր առաջ բողոքի ցույցեր սկսվեցին Մառնեուլիում` բնակչությունը բողոքում էր տեղական բանջարեղենը սպառել չկարողանալու համար, քանի որ փակ են գյուղատնտեսական շուկաները ու հնարավոր չէ դուրս գալ շրջանից:

Ցույցերը մարդաշատ էին եւ կառավարության որոշմամբ թույլատրվեց որոշ ժամերին մեքենաների տեղաշարժն ու նաեւ այն, որ ինքն է գնելու ապրանքը գյուղացիներից:

Վրաստանում զանգվածային թեստավորման մոդելն առայժմ չի կիրառվում: Կիրառելի է նպատակային մոդելը: Մինչ այժմ արվել է 12 հազարից ավելի PCR թեստ եւ 5000-ից ավելի՝ արագացված թեստ:

Հարցազրույցը`

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
28.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930