Լրահոս
Օրվա լրահոսը

Թատերական նոր ձեւաչափ Հայաստանում «կորոնապիեսի» ժանրում

Ապրիլ 29,2020 13:30

«Առավոտին» հասած տեղեկություններով՝ Վանաձորում թատերական մի քանի գործիչներ շուտով կիրականացնեն նոր ձեւաչափ, որը մինչ օրս չի եղել Հայաստանում եւ ոչ միայն: Մենք կապ հաստատեցինք բեմադրիչի հետ եւ մանրամասնեցինք որոշ բաներ:

Առաջին անգամ դերասաններն օնլայն կխաղան էկրանի առջեւ նստած հանդիսատեսի համար եւ այն կլինի ոչ թե տեսագրված ներկայացում, որը վաղուց արվում է, այլ կենդանի, կամ ինչպես ընդունված է՝ LIVE:

Մտահղացման հեղինակը, ըստ որի՝ այս ամենը ծնվեց անհրաժեշտությունից, ասելիքից, երիտասարդ բեմադրիչ Տիգրան Սուքիասյանն է, իսկ թե ով է պիեսի հեղինակը, չգիտեն անգամ դերակատարները:

Դոկումենտալ օնլայն «կորոնապիեսի» նոր ժանրի ձեւավորման հեղինակը հանդես է գալիս գրական կեղծանվամբ՝ Լայվ Քըրոուն. ասես փորձարարություն՝ փորձարարության մեջ… Ըստ բեմադրիչի՝ հեղինակը, որը հանրապետության լավագույն դրամատուրգներից է, պրոֆեսիոնալ, գրական մրցանակների դափնեկիր, պիեսը գրել է հատուկ այս ձեւաչափի համար,  եւ բեմադրիչը հատկապես ընտրել է հենց այդ հեղինակին՝ գնահատելով նրա՝ ժամանակի  սուր զգացողության կարողությունը, իսկ  դրամատուրգը համաձայնել է համատեղ աշխատել, քանի որ ինքն էլ, որպես ստեղծագործող, ուներ ասելիք համաշխարհային այս համաճարակի համատեքստում:

Դրամատուրգը պայմանականորեն ժանրաձեւն անվանել է կորոնապիես, որը դոկումենտալ օնլայն կենդանի թատրոնի համար է, արտիստները խաղում են տեսազանգերի միջոցով քո աչքի առաջ: Պիեսն ունի ժանրային փոխներթափանցումներ. փոքր դրամա է. այնտեղ կան սոցիալական դրամայի տարրեր, հիմնականում դոկումենտալ թատրոնի սկզբունք ունի, կան հոգեբանական թատրոնի, «հույսի» գրականության, հեգնանք, հումոր, փաստացի շրջանառվող իրական նյութեր եւ այլն: Վերնագիրը՝ «Ինձ գտնելու եկա», բազմիմաստ է. մարդու սեփական եսին վերադարձի, մարդկային արժեքների վերականգնման թեմաներն են շոշափվում…

Կորոնապիեսը կդառնա ուղիղ եթերում կենդանի ներկայացումների գրական հենք: Ի՞նչ մեծ փոփոխություններ են կատարվում մարդու մեջ, աշխարհի հետ ի՞նչ հարաբերություն ունի մարդը, գերհզոր պետությունները կարողացա՞ն դեմն առնել: Բեմադրիչ Տ. Սուքիասյանը նշեց, որ հետաքրքրությունը հենց նրա մեջ է, որ դերակատարները գտնվելով ինքնամեկուսացման մեջ, խաղում են հենց ինքնամեկուսացված կերպարներ: Օնլայն ներկայացման մեջ զբաղված են հեղինակավոր անուններ: Քանի որ նախկինում չենք ունեցել նման փորձ, բեմադրելիս զուգահեռ մշակվում է նոր խաղաոճ՝ նման ձեւաչափի համար: Այս խառը, լարված ժամանակներում դերակատարներն այնքան ոգեւորվածությամբ են կպել գործին, որ չեմ կարող շնորհակալ չլինել:

Դերակատարներն են ՀՀ ժողովրդական արտիստուհի, բազմաթիվ մրցանակների դափնեկիր, 89-ամյա դերասանուհի  Ռոզա Մխիթարյանը, կինոյի եւ թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Թորոսյանը, Հովհ. Աբելյանի անվան թատրոնի երիտասարդ, շնորհալի դերասանուհի Նոնա Սաֆարյանը, իսկ դերակատարներից մեկը՝ Հրաչ Ռուշանյանը խաղում է կերպար, որը գտնվում է Ռուսաստանում եւ տեսազանգային ներկայացմանը դերակատարը մասնակցում է Ռուսաստանից: Այժմ տարբեր երկրներում ստեղծվում են էքսպերիմենտալ թատրոնի ձեւաչափեր: Մոտ օրերս սահմանափակ հանդիսատեսի համար կլինի փակ ցուցադրում, ապա հատուկ ստեղծված կայքում հանդիսատեսը կկարողանա դիտել նրանց խաղը:

Ներկայացումը պետք է լինի www.tatron.online կայքում՝ ուղիղ եթերում լայվ-սթրիմ ձեւաչափով կոնկրետ ժամի եւ ուղիղ եթերը օնլայն կմնա մեկ ժամ:  «Էնտուզիաստ դերասանները մեծ սիրով ու հետաքրքրությամբ են աշխատում, իրենց համար էլ նոր բան է սա եւ ինձ համար պատիվ է աշխատել նրանց հետ, իսկ պրեմիերան՝ շուտով, – նշեց բեմադրիչը եւ հավելեց, – միայն այս նոր՝  լայվ-սթրիմ ձեւաչափում է թատրոնը գործում՝ պահպանելով հանդիսատես-դերասան կենդանի կապը: Մեր ստեղծագործական թիմն ունի կարեւոր ասելիք այս օրերին ինքնամեկուսացված մարդու հետ խոսելու եւ միանում ենք «Մնա տանը» նախաձեռնությանը: Առաջին պրեմիերան տեղի կունենա մոտ օրերս սահմանափակ հանդիսասրահի համար, իսկ դրանից հետո կլինեն բաց, շարունակական ցուցադրություններ՝ «Տանը մնա» խորագրով, լայն հանդիսասրահի համար: Հավելեմ, որ այսպիսի նախաձեռնություն սկսել են  նաեւ Ղազախստանում եւ Ռուսաստանում»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930