Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ եղավ Փարաջանովի սիրելի դերասանուհու եւ Գլազունովի մուսայի հետ

Ապրիլ 29,2020 12:30

Դրվագներ խորհրդային ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկի կյանքից

Լարիսա Կադոչնիկովան համարվում է խորհրդային կինոյի եւ թատրոնի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը: Նա  ռուս հայտնի նկարիչ Իլյա Գլազունովի մուսան էր, Սերգեյ Փարաջանովի ու Յուրի Իլյենկոյի սիրելի դերասանուհին:

Դեռեւս երեք տարի առաջ Կադոչնիկովան նշում էր իր ծննդյան 80-ամյակը: Նա հարցազրույցներից մեկում ասել է, որ չի ցանկանում մտածել տարիքի մասին, այլապես կնմանվի  այն տատիկներին, որոնց հաճախ հանդիպում է: Ասել է նաեւ, որ ինքն ապրում է այն սիրո  ու ջերմության պաշարի շնորհիվ, որ ստացել է ողջ կյանքում:

Հանուն իր առաջին ամուսնու՝ օպերատոր, ռեժիսոր Յուրի Իլյենկոյի, Լարիսա Կադոչնիկովան թողեց Մոսկվան եւ տեղափոխվեց Կիեւ՝ իր հարազատ թատրոնը փոխելով Կիեւի Լեսա Ուկրաինկայի անվան ռուսական դրամատիկական թատրոնի հետ: Այստեղ խաղացած դերերն էլ նրան ճանաչում բերեցին:

Իբրեւ կինոդերասանուհի նա հայտնի դարձավ  հատկապես Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմում (1964թ.) խաղացած Մարիչկայի դերով, որտեղ ուկրաինացի աղջնակն ասոցացվում է շեքսպիրյան Ջուլիետի հետ: Լարիսային ու նույն ֆիլմի նրա խաղընկերոջը՝ Իվան Միլոլայչուկին ծափահարեց ողջ աշխարհը:  Յուրի Իլյենկոյի «Սեւ նշանով սպիտակ թռչունը» (1971) կրկին փառք բերեց   դերասանուհուն, ռեժիսորին ու ողջ ստեղծագործական կազմին:

Կադոչնիկովան ավելի քան  40 դեր է խաղացել ինչպես կինոյում, այնպես էլ թատրոնում: Նրա հայրը՝ Վալենտին Կադոչնիկովը նույնպես դերասան էր,  Սերգեյ Էյզենշտեյնի սիրելի սաներից մեկը, իսկ մայրը՝ Նինա Ալիսովան, խորհրդային կինոյի աստղերից էր: Լարիսան երազում էր բալետի պարուհու  կարիերայի մասին, սակայն  ճակատագիրը նրան կինո տարավ:

Առաջին ամուսնու հետ ծանոթացել է, երբ ընդամենը տասնութ տարեկան էր: Մի ցուցահանդեսի ժամանակ էլ նա ծանոթանում է Իլյա Գլազունովի հետ: Նրանց սիրավեպը սկիզբ է առնում հենց Գլազունովի կնոջ՝  Նինա Վինոգրադովա-Բենուայի աչքի առաջ: Վերջինս  մտածում է, որ ամուսնու նոր մուսան դրական կանդրադառնա նրա ստեղծագործական գործունեության վրա: Նա անգամ կազմակերպում է ամուսնու եւ դերասանուհու հանդիպումը, որպեսզի ամուսինը նկարի նրան: Գլազունովը Լարիսայի յոթ դիմանկար է նկարել: Հանրահայտ նկարիչը, որ տարված է Դոստոեւսկու գրականությամբ, Լարիսային համեմատում էր Դոստոեւսկու ճակատագրական կանանց հետ: Երեք տարի անց նրանք բաժանվեցին՝ Գլազունովի  որոշմամբ: Լարիսայի հետ լաց եղավ մայրը, բայց ուրախությունից, քանի որ դեմ էր այդ կապին եւ վստահ, որ նկարչի հետ նա ապագա չի կարող ունենալ:

Իլյենկոյի հետ Լարիսան ապրեց տասնութ տարի, նկարահանվեց նրա բոլոր ֆիլմերում: Այնուհետեւ Իլյենկոն տարվեց դերասանուհի Լյուդմիլա Եֆիմենկոյով, ամուսնացավ նրա հետ ու երկու զավակ ունեցավ, մի բան, որ նրան  չկարողացավ պարգեւել Կադոչնիկովան:

Բաժանման ցավը մեղմելու համար դերասանուհին սկսեց զբաղվել նկարչությամբ: Երբ նա իր աշխատանքները ցույց տվեց Փարաջանովին, վերջինս ասաց, որ հրաշալի է նկարում: Տարիներ անց Կադոչնիկովան մի անգամ այցելում է Գլազունովի արվեստանոց՝ նկարները ցույց տալու: Նկարիչը դուռը բացելուն պես հարցնում է. «Ինչու ես շալվարով»:  Դերասանուհին պատասխանում է, որ նախկին Լարիսան այլեւս չկա: Դա նրանց վերջին հանդիպումն էր:

Դերասանուհու երկրորդ ամուսինը Միխայիլ Սարանչուկն էր, որը ռուսական թատրոնի տնօրենն էր ժամանակին, երբ հանդիպում էր Լարիսայի հետ: Երբ եկավ մի պահ, որ «վերեւներից»  առաջարկեցին՝ կամ թատրոնն ընտրել, կամ սիրավեպը,  Սարանչուկն ընտրեց սիրելի կնոջը:

Առայսօր դերասանուհին գեղեցիկ արտաքին ունի, ու նույնքան գեղեցիկ կյանքով է ապրում իր ստեղծած աշխարհում: Պատահական չէ, որ 2019-ին PINK UA ուկրաինական սնդուսափայլ ամսագիրն իր առաւջին էջում գերադասեց հրապարակել ավագ սերնդի գեղեցկուհու լուսանկարը՝ ի դեմս Լարիսա Կադոչնիկովայի:

Ըստ kulturologia.ru-ի

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930