Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 24-ին Պուտինը հայերի հետ չէր

Ապրիլ 29,2020 12:00

Անկարան պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու գաղափարը չի մոռանում

Հայաստան-Թուրքիա միմյանց ուղղությամբ հայտարարությունների համար ամենամյա առիթը ապրիլի 24-ն է: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի օրը նամակ հղեց Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին։

Նամակում Թուրքիայի հայ համայնքի «շատ թանկագին անդամներին» ողջունելով «սիրով ու հարգանքով», Էրդողանը նշել էր. «Աշխարհի ժողովուրդներին մեծ ցավ պատճառած առաջին աշխարհամարտի ծանր պայմաններում մահացած օսմանցի հայերին հարգանքով հիշում եմ եւ նրանց թոռներին հղում իմ անկեղծ ցավակցությունները։ Այդ ժամանակահատվածում մահացած օսմանյան բոլոր քաղաքացիների համար ալլահի ողորմածությունն եմ հայցում։ Ոչ մի դեպքում թույլ չենք տվել եւ թույլ չենք տալու օտարացնել մեր որեւէ մի քաղաքացու, հավատքի կամ ինքնության պատճառով վատ վերաբերմունքի արժանացնել»։

Այնուհետեւ Թուրքիայի նախագահը հավելել էր. «Բոլորիս համար ակնհայտ են այն շրջանակները, որոնք, անտեսելով Անատոլիայի խորքից ծնված մեր միասնականությունը, ցանկանում են պատմությունից թշնամություն բխեցնել։ Մեր ամենակարեւոր ցանկությունն այն է, որ այլ նպատակներ հետապնդող շրջանակներին հնարավորություն չտանք, մանավանդ որ մենք միասնությամբ, բարեկեցությամբ ու խաղաղությամբ լեցուն ապագա ենք ցանկանում կառուցել։ Այս խոհերով եւս մեկ անգամ հարգանքով եմ հիշում առաջին աշխարհամարտում մեր կորցրած օսմանցի հայերին»։

Մինչ Էրդողանի ուղերձը, նրա խոսնակ Իբրահիմ Քալընը ապրիլի 24-ի առիթով ավելի կոշտ հայտարարությամբ էր հանդես եկել, նշելով. «Առաջին համաշխարհային պատերազմի կործանիչ պայմաններում ընդունված տեղահանության որոշումը հայ ժողովրդի բնաջնջմանն ուղղված քաղաքականության հետեւանք չի եղել»: Քալընը հիշեցրել էր պաշտոնական Անկարայի՝ պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկը, 2009թ. հայ-թուրքական արձանագրությունները, ինչպես նաեւ նախագահ Էրդողանի 2014թ. ուղերձը՝ փաստելով, թե թուրքական կողմի քայլերը անպատասխան են մնացել: «Թուրքիայի Հանրապետությունը երբեք թույլ չի տա պատմության խեղաթյուրումն ու նոր թշնամության սերմանումը,- ասել է Քալընը՝ հավելելով,- Թուրքիան շարունակելու է ընդառաջ գնալ արխիվների եւ պատմական ճշմարտության, ընդհանուր ցավի եւ համատեղ ապագայի հեռանկարի վրա հիմնված ցանկացած կառուցողական մոտեցման եւ աշխատել տարածաշրջանային խաղաղության ու բարօրության համար»:

Ապրիլի 24-ին պատրիարքարանի մայր եկեղեցում պատարագ էր մատուցվել, որը նվիրված էր Առաջին համաշխարհային պատերազմի նահատակների ոգեկոչմանը։ Ակնկալում ենք, որ Թուրքիայի եւ Հայաստանի պատկան մարմինները կերկխոսեն հանուն բարիդրացիական հարաբերությունների հաստատման, իր պատգամում ասել էր Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

Ե՛վ փակված սահման, ե՛ւ անվերապահ աջակցություն Ադրբեջանին ԼՂ-ի հարցում

Հայաստան-Թուրքիա արձանագրությունները Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապող եւ ողջ գործընթացը փակուղի մտցրած պաշտոնական Անկարան, ինչպես նկատում ենք, չի մոռանում պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին՝ այն Հայաստանի հետ խոսելու, թերեւս, միակ ճանապարհ համարելով:

Ապրիլի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Հանրային հեռուստաընկերության «Օրվա հերթապահը» հաղորդաշարին տված հարցազրույցում անդրադարձավ պաշտոնական Անկարայի չփոփոխվող քաղաքականությանը եւ դրան ի պատասխան՝ Հայաստանի կողմից տարվող քաղաքականության փոփոխության հնարավորության մասին հարցին: «Քաղաքականության մեջ յուրաքանչյուր քայլ սառնասիրտ եւ հավասարակշռված հաշվարկի արդյունք պետք է լինի, եւ այդ մոտեցմամբ էլ մենք մոտենալու ենք հարաբերություններին։ Բացի նրանից, որ մենք ապրում ենք այդ ժխտված արդարության պայմաններում, դրան ավելանում են նաեւ այլ քայլեր Թուրքիայի կողմից, որոնք էլ ավելի խորացնում են խնդիրը. դա ե՛ւ փակված սահմանն է, ե՛ւ անվերապահ աջակցությունն Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցում։ Բոլոր այս հանգամանքները միասին վերցրած մեզ համար հանդիսանում են սպառնալիք, եւ մենք այդ սպառնալիքին անդրադառնում ենք այնպես, ինչպես պետք է անդրադառնա պետությունը. սառնասիրտ եւ հավասարակշռված հաշվարկով մենք ապահովում ենք մեր ազգային անվտանգությունը։ Յուրաքանչյուր քայլ մենք անում ենք այնպես, ինչպես անհրաժեշտ է մեր ազգային շահի համար»,- նշել էր ՀՀ ԱԳ նախարարը։

Անդրադառնալով Էրդողանի խոսնակ եւ գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալըմնի գնահատականին, թե՝ ԼՂ խնդրի կարգավորմամբ Հարավային Կովկասում «խաղաղությանը եւ կայունությանն ուղղված քայլը Հայաստանը մերժեց», Զոհրաբ Մնացականյանը նկատել էր. «Գիտեք, այս խեղաթյուրված մեկնաբանությունը քննարկելը, կարծում եմ, նույնիսկ պատիվ չի բերում մեզ, որովհետեւ շատ լավ գիտենք պատմությունը: Հայաստանն իր կողմից ներդրում էր կատարել, որպես պետություն, որը ներկայացնում էր ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, իր կողմից ներդրում էր կատարել՝ այդ գործընթացը մինչեւ վերջ տանելով առաջ։ Եվ Դուք շատ լավ հիշում եք, որ դա շատ համազգային, խորը եւ շատ դժվար քննարկումների առարկա էր։ Եվ այդ ամենն իրականացնելով՝ մենք ինչի՞ն հանգեցինք։ Հանգեցինք նրան, որ Թուրքիան, իրականում, ուղղակի պատուհանից դուրս նետեց այդ ամենը։ Եվ սա նորից ի ցույց է դնում այն, որ այդ վտանգը խորքային է։ Եվ մնացած այդ մեկնաբանությունները, որ արվել են, արդեն համադրում են, ավելի են խորացնում ժխտողականությունը, որովհետեւ ժխտողականությանը նաեւ միանում է ցեղասպանության արդարացումը։ Այդ ամենը միասին դառնում է անպատժելիություն եւ վտանգ»։

Ավելի վաղ՝ ապրիլի 23-ին ՀՀ ԱԳՆ-ն Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ տարածած մամլո հաղորդագրությունում արձանագրել էր, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության շարունակական ժխտումը եւ արդարացումը, Հայաստանի ցամաքային շրջափակումը, ինչպես նաեւ ԼՂ-ի հիմնահարցի շրջանակներում ընդգծված հակահայկական դիրքորոշմամբ հանդես գալը անվտանգության սպառնալիքներ են ստեղծում ՀՀ եւ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների համար: «Անցյալի ճանաչումը էական է ներկայի եւ ապագայի համար. այն զսպող ուժ է աշխարհի որեւէ անկյունում նմանօրինակ ոճրագործության կամ ցեղասպանության կրկնության կանխարգելման համար: Ճշմարտության ճանաչումը եւ անցյալի ոգեկոչումը կարեւոր նախադրյալներ են արդարության պահպանման, մարդկային արժանապատվության, անպատժելիության դեմ պայքարի եւ միջազգային համերաշխության շուրջ միավորվելու համար»,- ասվում էր ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Ի դեպ, ապրիլի 23-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտնեց, որ շրջանառության մեջ է դրվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկում են քրեականացնել ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը:

Թրամփն այս տարի էլ հիշատակեց Մեծ եղեռնի զոհերին

Չնայած այն փաստին, որ անցյալ տարի ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատները, այդ թվում Ներկայացուցիչների պալատը՝ ձայների ճնշող մեծամասնությամբ, իսկ Սենատը՝ միաձայն, ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես եկավ ապրիլքսանչորսյան ուղերձով, որում, սակայն, կրկին օգտագործեց Մեծ եղեռն տերմինը։

«Այսօր մենք միանում ենք միջազգային հանրությանը՝ հիշելով 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկի՝ Մեծ Եղեռնի զոհերին: Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին՝ 1915-ից սկսած մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ մահվան երթի դատապարտվեցին։ Հիշատակի այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր կորցրեցին իրենց կյանքը, միաժամանակ վերահաստատում ենք մեր հանձնառությունը` ի նպաստ ավելի մարդասեր ու խաղաղ աշխարհի,-նշում էր ԱՄՆ նախագահը, եւ հավելում,-ամեն տարի ապրիլի 24-ին մենք անդրադառնում ենք Ամերիկայի եւ հայ ժողովրդի միջեւ ամուր եւ տեւական կապերին: Հպարտանում ենք Ամերիկայի հայկական եւ սիրիական նպաստամատույց կոմիտեն հիմնած ամերիկացիներով, 1915-ին սկիզբ առած առաջադեմ նախաձեռնություն, որն այնքան անհրաժեշտ մարդասիրական օգնություն էր հասցնում հայ փախստականներին, եւ շնորհակալ ենք հազարավոր ամերիկացիներից, որոնք օգնեցին իրենց տներից տեղահանված հայերին»: Ամփոփելով՝ Թրամփը նշում էր. «Մենք ողջունում ենք ցավալի անցյալի փաստերն ընդունելու ու դրանց հետ հաշվի նստելու՝ հայերի եւ թուրքերի ջանքերը։ Մենք հավատում ենք, որ մեր պարտականությունն է ոգեկոչել նրանց, ովքեր տառապել են եւ զոհվել, եւ վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ պաշտպանելու աշխարհում կրոնական եւ էթնիկ փոքրամասնություններին»:

Ինչպես եւ նախկինում՝ պաշտոնական Անկարան արձագանքեց ԱՄՆ նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձին: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը տարածած հայտարարությունում նշել էր, թե ԱՄՆ նախագահի ուղերձը «հիմնված է հայերի կողմից դոգմայի վերածված սուբյեկտիվ պատումների վրա»։ «Ներքաղաքական մտադրություններով արված այս հայտարարությունը մեզ համար չունի ոչ մի իրավական ուժ: Մենք մերժում ենք այդ հայտարարության մեջ արված պնդումները»: Հաղորդագրության մեջ նաեւ նշվում էր, որ դեռ ուժի մեջ է 1915-ի դեպքերի ուսումնասիրության համար պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու թուրքական կողմի առաջարկը. «Հավատում ենք, որ հանձնաժողովի ստեղծման պարագայում ճշմարտությունը ի հայտ կգա: Հանձնաժողովի հարցը օրակարգից հանողներն այն ծայրահեղական հայերն են, որոնք ուզում են մոռանալ տալ 1915-ին ունեցած իրենց պատասխանատվությունը»:

Իր հերթին ԱՄՆ նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարության մեջ խոստացավ, որ ընտրվելու դեպքում պարտավորվում է սատարել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը եւ մարդու իրավունքները դարձնել իր վարչակազմի գլխավոր առաջնահերթությունը:

«Այսօր մենք հիշում ենք չարագործությունները, որոնց բախվել է հայ ժողովուրդը Մեծ եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ: 1915-1923 թթ. շուրջ 2 միլիոն հայ է արտաքսվել, իսկ 1,5 միլիոն տղամարդիկ, կանայք եւ երեխաներ սպանվել են: Հույները, ասորիները, քաղդեացիները, սիրիացիները եւ այլ քրիստոնյաներ նույնպես եղել են այդ հանցանքի թիրախը: Մենք երբեք չպետք է մոռանանք կամ լռենք այդ ոչնչացման սարսափելի եւ սիստեմատիկ արշավի մասին: Եվ մենք միշտ պետք է հարգենք հայ ժողովրդի համառությունն այդ ողբերգությունից հետո: Հատկապես կարեւոր է արտաբերել այս խոսքերը եւ հարգանքի տուրք մատուցել այդ պատմությանն այն պահին, երբ մեզ ամեն օր հիշեցնում են ճշմարտության ուժի եւ մեր համընդհանուր պատասխանատվության մասին հակազդելու ատելությունը, քանի որ լռությունը հանցակցություն է: Եթե մենք ամբողջովին չենք ճանաչում, չենք ընդունում եւ չենք հայտնում մեր երեխաներին ցեղասպանության մասին, «այլեւս երբեք» բառերը կորցնում են իրենց նշանակությունը: Փաստերը պետք է լինեն այնքան պարզ եւ համոզիչ ապագա սերնդի համար, որքան նրանց համար, ում հիշողություններում այդ ողբերգությունն է: Ցեղասպանության փաստը հիշելու կամ ճանաչելու ունակության պակասը միայն ուղիներ է ստեղծում ապագա զանգվածային հանցագործությունների համար»: Բայդենն այնուհետեւ նկատել էր, որ Սենատում հպարտությամբ է գլխավորել հայ ժողովրդի դեմ կատարված ցեղասպանության ճանաչման ջանքերը: «Անցած տարի եւս հաստատել են Պալատում եւ Սենատում երկկուսակցական օրենսդրությունը, որում պաշտոնապես ճանաչվում էր Հայոց ցեղասպանությունը: Ընտրվելու դեպքում ես պարտավորվում եմ սատարել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը եւ մարդու ունիվերսալ իրավունքները կդարձնեմ իմ վարչակազմի գլխավոր առաջնահերթությունը»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 105-ամյակի կապակցությամբ նամակ էր հղել նախագահ Արմեն Սարգսյանին, որում փաստում էր, որ ապրիլի 24-ին Ֆրանսիան հիշում է՝ Կոստանդնուպոլիսի 600 հայ մտավորականների սպանդը, որը սկիզբ դրեց ցեղասպանությանը. «Այսօր Ֆրանսիան առավել քան երբեւէ հանձնառու է պաշտպանելու զոհերի հիշատակը, պայքարելու ժխտողականության դեմ եւ լուրջ դաս քաղելու այդ ողբերգական պատմության էջից»: Ֆրանսիայի նախագահը փաստում էր, որ այսօր աշխարհը պատուհասած կորոնավիրուսի համավարակը պարտադրում է առողջապահական, տնտեսական եւ սոցիալական նոր մարտահրավերներ, եւ այդ մարտահրավերը Ֆրանսիան կդիմագրավի Հայաստանի հետ: «Ինչպիսին էլ լինեն դժվարությունները, հայերը կարող են հույս դնել Ֆրանսիայի բարեկամության վրա: Հավատարիմ իր հանձնառություններին՝ Ֆրանսիան հայերի կողքին է խաղաղության եւ բարգավաճման հասնելու նրանց իղձերի մեջ»:

Նկատենք, որ այս տարի Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ պաշտոնապես լռություն պահպանեց Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը: Մինչդեռ 2015թ. Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրը Ծիծեռնակաբերդի բարձունքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց. «Մեկուկես միլիոն մարդ սպանվեց, 600 հազարից ավելի մարդ տեղահանվեց։ 1915-ի իրադարձությունները ցնցեցին ողջ աշխարհը։ Միլիոնավոր մարդիկ ապաստան գտան Ռուսաստանում եւ փրկվեցին. հենց ռուսական դիվանագիտությունը հասավ հայ ժողովրդի նկատմամբ ոճրագործության միջազգային ճանաչման։ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան կատարվածն անվանեցին մարդկության դեմ հանցագործություն»։ Պուտինն այսպես էր ամփոփել ելույթը 5 տարի առաջ՝ «Ցեղասպանությունը որեւէ կերպ չի կարող արդարացված լինել: Մենք պետք է լավատեսությամբ մեր հայացքը հառնենք ապագային, բարություն դրսեւորենք ու համաձայնության գանք: Միայն այդպես է հնարավոր աշխարհն ավելի ապահով դարձնել: Մենք ձեզ հետ ենք, հարգելի բարեկամներ»:

Այս տարի ապրիլի 24-ին Պուտինը հայերի հետ չէր:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28
.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930