Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում 27.04.2020թ. տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկում, որով նախատեսում էր քրեականացնել փաստաբանի լիազորությունների իրականացման ժամանակ նրա մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, ինչպես նաև կապված նրա լիազորությունների իրականացման հետ վերջինիս վիրավորելը և զրպարտելը:
Փաստաբանների պալատի պաշտոնական կայքէջում հրապարակվել է հաղորդագրություն, որում նշվել է, որ Կառավարության ներկայացուցիչ, Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը առարկել է փաստաբանին վիրավորելու և զրպարտելու արարքը քրեականացնելու նախաձեռնությանը:
Նշված պնդումը չի արտացոլում Կառավարության ներկայացուցչի ներկայացրած փաստարկներն ամբողջությամբ: Կառավարության ներկայացուցչի ելույթից հատվածային դրվագներ ներկայացնելը և տարընկալումներ առաջացնելն ընդունելի չէ, ուստի, Նախարարությունը հարկ է համարում անդրադառնալ նշված նախագծի վերաբերյալ բերված փաստարկներին: Մասնավորապես.
1) Նախագծի վերաբերյալ Կառավարության առաջարկությամբ ներկայացվել են դիտարկումներ, որոնք միտված են եղել Նախագծի խնդրահարույց կարգավորումները բացառելուն և այն կատարելագործելուն: Օրինակ՝ 1) առաջարկվել է հստակեցնել փաստաբանին սպառնալու դրսևորումները, 2) հաշվի առնելով, որ գործնականում կարող են սպառնալ նաև փաստաբանների մերձավոր ազգականներին կամ մերձավորների կամ նրանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվող անձանց, առաջարկվել է ընդլայնել օրենսդրական ձևակերպումը՝ ընդգրկելով նաև նշված անձանց, և այլն: Այսինքն՝ Կառավարության ներկայացուցիչը ոչ թե առարկել է օրենսդրական նախաձեռնությանը, այլ ընդհակառակը, նշել է, որ նախագծի կարգավորումներն ընդունելի են՝ պնդելով միայն Կառավարության առաջարկությամբ ներկայացված զրպարտության և վիրավորանքի քրեականացումը բացառելու վերաբերյալ առաջարկը:
Կարդացեք նաև
2) Կառավարության ներկայացուցիչն, անդրադառնալով զրպարտության ապաքրեականացման հիմքերին, վկայակոչել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ 2007թ. հոկտեմբերի 4-ի «Զրպարտության ապաքրեականացման վերաբերյալ» թիվ 1577(2007) բանաձևը, որի վերնագիրն արդեն իսկ նախանշում է բանաձևի բովանդակության մեկնաբանությունը։ Շեշտելով, որ զրպարտությանն առնչվող օրենքներն այլ անձանց իրավունքների և բարի համբավի պաշտպանության իրավաչափ նպատակ են հետապնդում` Վեհաժողովը, այնուամենայնիվ, պետություններին առաջարկել է այս օրենքները կիրառել մեծագույն զսպվածությամբ, քանի որ դրանք կարող են լրջորեն վտանգել արտահայտվելու ազատությունը:
Սահմանադրական դատարանն իր թիվ ՍԴՈ-997 որոշմամբ ևս արձանագրել է, որ այս բանաձևի ընդունումից հետո Եվրախորհրդի անդամ շուրջ մեկ տասնյակ երկրներ, այդ թվում` Հայաստանը, նախաձեռնել են համապատասխան օրենսդրական փոփոխություններ` վիրավորանքի ու զրպարտության ապաքրեականացման ուղղությամբ (2010թ. մայիսի 18-ի ՀՕ-98-Ն օրենքով ուժը կորցրած ճանաչվեցին ՀՀ քր. օրենսգրքի 135-րդ և 136-րդ հոդվածները, իսկ նույն օրն ընդունված ՀՕ-97-Ն օրենքով ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը լրացվեց նաև վեճի առարկա 1087.1-րդ հոդվածով):
Այսինքն՝ եվրոպական երկրները, փոփոխելով իրենց վարած քրեական քաղաքականությունը, հրաժարվել են զրպարտության դեպքերին քրեաիրավական հարթությունում արձագանքելու գործիքակազմից:
3) Կառավարության ներկայացուցիչն ընդգծել է, որ լոկ այն փաստարկը, որ գործող Քրեական օրենսգրքում դեռևս առկա է դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ հարկադիր կատարողին զրպարտելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունը, չի կարող միանշանակ հիմնավորել դրա գոյության անհրաժեշտությունը և դրանում սուբյեկտային կազմի ընդլայնմամբ նաև փաստաբանին ընդգրկելը: Հրապարակային վիճակագրական աղբյուրների վկայակոչմամբ Կառավարության ներկայացուցիչն արձանագրել է, որ գործնականում այն կիրառվող և լայն տարածում ունեցող հանցակազմ չէ, և եթե անգամ հարուցվել է քրեական գործ, ապա դատական քննության փուլին չի հասել:
Ավելին, հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի փորձագետների ուղղակի պնդումները՝ Քրեական նոր օրենսգրքի նախագծով որևէ սուբյեկտի նկատմամբ զրպարտության համար քրեական պատասխանատվություն չի նախատեսվել։
Բերված պարզաբանումներն իրենց ամբողջության մեջ առավել քան ակնհայտ են դարձնում այն, որ Փաստաբանների պալատի կողմից տարածած հաղորդագրությամբ Կառավարության ներկայացուցչի կողմից հնչեցրած դիրքորոշման հատվածային մեջբերումը չի համապատասխանում Նախագծի վերաբերյալ Կառավարության ներկայացված դիրքորոշման հետ:
ՀՀ Արդարադատության նախարարություն