Անվանի տնտեսագետներ Արմեն Եղիազարյանն ու Էդվարդ Սանդոյանը վեբինար քննարկման ժամանակ քննադատեցին կառավարության հակաճգնաժամային ծրագրերի որոշ դրույթներ եւ արեցին կոնկրետ առաջարկներ:
«Տղաներ, եկեք հստակ պայմանավորվենք. եթե կարանտին է, արտակարգ իրավիճակ, ուրեմն իրոք պահպանեք: Մեր մոտ իմիտացիա է: Դուրս եկեք Երեւանի փողոցներ: Առավոտից երեկո մարդիկ դրսում են, փողոցներում խցանումներ են, իսկ բիզնեսին չեն թողնում աշխատել: Մսի տաղավարն աշխատում է, կոշիկի խանութն իրավունք չունի: Այդպես չի կարելի: Ինքներս մեզ խորը ճգնաժամի մեջ ենք գցում»,-ասաց տնտեսագիտության դոկտոր Էդվարդ Սանդոյանը:
Իսկ Արմեն Եղիազարյանը կառավարության հակաճգնաժամային ծրագրի մասին հավելեց, որ էկոնոմիայի տեսանկյունից բացարձակապես նշանակություն չունի, թե գումարներն ում ես տալիս, իսկ սոցիալական տեսակետից դա էական է. «Ինձ ի՞նչը դուր չի գալիս: 14 ծրագիրը շատ է: Երկրորդ՝ կառավարությունը վախենում է ներառելուց, թե ովքեր փող ունեն, կարող են ստանալ իրենց տված կոպեկները: Ոչ թե դրանից է պետք վախենալ, այլ դուրս թողնելուց: Ծրագրերը պետք է պարզ ու բոլորին հասկանալի լինեն: Ես այս երկրի ամենավերջին հիմարը չեմ: Հեռուստացույցով նայում էի ու ոչինչ չհասկացա, թե ով կարող է դիմել: Սրանք պետք է լրջորեն փոխվեն, բայց ոչ հիմա: Ես բացարձակ վստահ եմ, որ այդ $ 300 միլիոնը չի բավականացնելու: Եվ մի բան էլ. Չի կարելի կառավարության ծրագրերում բանկերն այդքան շատ մասնակից դարձնել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ