Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատիր մեզ Ազատիչ, դու դարձիր ազգի փրկիչ». երգի հեղինակը հիասթափվել է Նիկոլ Փաշինյանի կառավարությունից

Ապրիլ 28,2020 22:47

Կորոնավիրուսի հետեւանքով գազի եւ էլեկտրաէներգիայի վերջին երկու ամսվա պարտքը չվճարած Միքայել Մարգարյանը շարունակելու է կառավարության շենքի դիմաց  բողոքի ցույցերը, թեեւ այսօր իր տան հոսանքը, որն անջատված էր պարտքը չվճարելու համար, միացրել են:

«Իմ դժգոհությունը կոնկրետ դեպքի համար չէ, եթե իմ գազը վաղը չանջատեն էլ, ես ընդվզելու եմ դրա դեմ, եթե ուրիշներինն անջատեն, ես բարձրաձայնեցի իմ խնդիրը, բայց պարզվեց, որ շատ մարդիկ կան, որոնք ունակ չեն բարձրաձայնել  իրենց ձայնը, ես հիմա պետք է լծվեմ այդ աշխատանքին»,- Aravot.am-ին ասաց Միքայել Մարգարյանը:

Մեր զրուցակիցն անտրամաբանական է համարում վարչապետի՝ շաբաթներ առաջ կատարած հայտարարությունը, թե գազի ու հոսանքի պարտքերը չվճարած քաղաքացիների գազն ու լույսը չի անջատվի եւ այսօրվա քննադատությունը չվճարողների հասցեին. «Աննորմալ է արձագանքը, որովհետեւ վարչապետն ստիպված է հերքել այն, ինչ ասել էր մի քսան օր առաջ, պատճառաբանեց՝ չգիտեր, որ հետաձգվելու է, ինձ համար անհասկանալի է, որ կառավարությունը չգիտեր, որ հետաձգվելու է 15 օր հետո, նրանք երեւի տեղեկություն ունեին, թե կորոնավիրուսը հաղթահարվել է: Թույլ տվեք չմեկնաբանեմ վարչապետին,  իմ կողմից անհասկանալի պատճառաբանություն է, չեմ կարող հասկանալ, ինչու մի տասը օր առաջ մի բան ասաց, այսօր՝ մի այլ բան»:

Միքայել Մարգարյանը քաղաքական ակտիվությամբ աչքի ընկած քաղաքացի է, ժամանակին նա Ռիտա Սարգսյանին նվիրված երգ էր երգում. «Ազատիր մեզ Ազատիչից»:

Մենք նրանից հետաքրքրվեցինք  ազատվելուց հետո իրեն լա՞վ է զգում, գո՞հ է այս կառավարությունից եւ արդարացա՞ն իր սպասումները, ի պատասխան ասաց.  «Մինչ այսօր Սերժ Սարգսյանա-ռոբական ռեժիմ, սեւեր, հներ սպառնալիքները դեռ ուժի մեջ են ու կիրառվում են այս իշխանական թեւի՝ հանձին վարչապետի ու մնացած իշխանավորների կողմից, օգտագործվում են այդ տերմինները, ժողովրդին որոշ չափով վախեցնելու, իրենց կարծիքով սթափեցնելու եւ ինչ-որ անհասկանալի պայքարի մղելու համար, բայց երկու տարի անց, իմ կարծիքով, այս խնդիրը պետք է շտկված լիներ… այս արտակարգ դրության ժամանակ էլ կառավարությունն  անթույլատրելի սխալներ է թույլ տալիս: Ինձ չգտա վարչապետի նշած հիասթափվածների ցանկում, բայց ես ունեի ակնկալիքներ կառավարման նոր ձեւի առումով, բայց իմ հույսերը չեն իրականանում, ես հիասթափված եմ այս իշխանություններից: Սակայն սա պատճառ չէ, որ մենք ենթարկվենք այն շանտաժին, որն այսօր փորձում է իշխանությունը մեզ ենթարկել, թե եթե մենք գնանք, հները կգան: Ես դա անթույլատրելի եմ համարում: Մերժել եմ հին իշխանությանը, հին իշխանությունն այլեւս երբեք չի վերադառնալու, բայց դա նոր իշխանությանը թույլ չի տալիս վարվել այնպես, ինչպես  հիմա վարվում է: Բոլոր ոլորտներում կառավարությունը թերացել է, մի ոլորտ չկա, որ ասեմ՝ այստեղ ունենք առաջընթաց»:

Ըստ «Փաստինֆոյի»՝ այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնող  քաղաքացիների մեջ էր նաեւ մի քաղաքացի, որը երկու տարի առաջ իր երեխայի անունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվին դրել էր Ռուզաննա-Նիկոլ: Քաղաքացիները պահանջում էին միացնել իրենց գազն ու լույսը։

Լուսանկարը՝ Միքայել Մարգարյանի ֆեյսբուքյան էջից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930