«Իմ մեկուսացումը գործում է ՀՀ կառավարության շենքում»,- «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ինստագրամյան «INSTALIVE» զրուցաշարի ընթացքում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը: Նա անկեղծացավ, թե ցավում է, որ այս օրերին իր ընտանիքին բավարար չափով չի տեսել, բայց միևնույն ժամանակ փաստեց՝ դա հասկանալի և ներելի է:
Խոսելով COVID-19 համավարակի առանձնահատկություններից՝ Տիգրան Ավինյանը նշեց՝ իրականում դրա առանձնահատկություններից մեկն այն է, որ շատ դժվար է կանխատեսել հետագա զարգացումները վարակի տարածման առումով: Խոսելով Հայաստանում վարակի տարածման տեմպերի և վերահսկողության մասին՝ Տիգրան Ավինյանն ասաց. «Ներկա իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է. որոշ նվազման տեմպով վարակի տարածման շարունակական բնույթ է նկատվում»:
Հարցին՝ վարակի տարածմամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարությունն ի՞նչ նոր բարեփոխումներ է նախաձեռնում, Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Նմանատիպ արտակարգ իրավիճակները բոլոր երկրների համար ստեղծում են որոշակի հրատապ խնդիրներ, որոնք ունեն լուծման կարիք: Այս իրավիճակից բխող բարեփոխումները համընկնում են այն ընդհանուր ռազմավարության հետ, որը որդեգրել է ՀՀ կառավարությունը: Մասնավորապես հանրային կառավարման բարեփոխումների շրջանակի լայն փաթեթ վերաբերում էր հանրային ծառայությունների թվայնացման ծրագրերին, առցանց ծառայությունների մատուցմանը, առցանց տնտեսության զարգացմանը: Այս առումով շատ դրական զարգացումներ են եղել էլեկտրոնային գործիքների առումով»:
Հարցին ինչպիսի՞ն կլինի աշխարհը համավարակից հետո, Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Արդեն իսկ մեզ համար ակնհայտ է, որ վարակը և ընդհանրապես կորոնավիրուսի տարածումը բավականին երկարաժամկետ գործընթաց է լինելու և էականորեն ազդելու է մեր առօրյա կյանքի վրա: Երբ ասում ենք, որ որոշ չափով վերադառնում ենք մեր բնականոն կյանքին, դա ենթադրում է, որ որոշակի զգուշավորություն և սահմանափակումներ պետք է շարունակեն գործել: Որոշակի նոր կանոնների պահպանման կարիք է լինելու»:
Կարդացեք նաև
Տիգրան Ավինյանը փաստեց՝ արտակարգ իրավիճակից էականորեն վնասներ է կրելու զբոսաշրջության ոլորտը, բիզնեսը, և կառավարությունն այդ ուղղությամբ աջակցության ծրագրեր է մշակում: Խոսելով COVID-19 համավարակից քաղած դասերի մասին՝ Տիգրան Ավինյանը նշեց. «Հանրային կառավարման համակարգը պետք է մտածի այն ուղղությամբ, թե ինչպես մոդիֆիկացնել ներկա փուլում գործող համակարգը»:
Հարցին՝ վարակի տարածման ի՞նչ մասշտաբներ կան գյուղական համայնքներում, հետաքրքիր է վիճակագրություն կա՞ վարակի մասշտաբների տարածվածության մասին գյուղական և քաղաքային համայնքներում, Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Շատ կոպիտ հաշվարկով կարող եմ ասել, որ կորոնավիրուսի տարածվածության 68-70 տոկոսը քաղաքներում է եղել: Սա հիմնականում պայմանավորված էր նրանով, որ այն հիմնական մեծ արտադրամասերը, որտեղ եղել են վարակի տարածման բռնկումներ, եղել են քաղաքներում: Վարակի տարածվածությունն Արարատի մարում 14 տոկոս է, Արմավիրի մարզում՝ 7 տոկոս, Կոտայքի մարզում կրկին բարձր է տարածվածության աստիճանը՝ 14 տոկոս: Նվազագույն տոկոս է գրանցվել Վայոց ձորի, Տավուշի մարզերում՝ մինչև մեկ տոկոս չափաբաժին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ