ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է սպառազինությունների վերահսկման, չտարածման և զինաթափման պայմանագրերին, պարտավորություններին հետևելու մասին զեկույցը, որի համաձայն Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը խախտել են Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի դրույթները:
Զեկույցում, մասնավորապես նշված է, որ թեպետ Հայաստանը լիակատար աջակցում է պայմանագրին, բայց 2019թ. Հայաստանում զրահատեխնիկայի ընդհանուր քանակը (AIFV) շարունակել է գերազանցել Ռազմական տեխնիկայի սահմանափակման մասին պայմանագրի (TLE) թույլատրելի սահմանը: Ըստ զեկույցի` մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ Հայաստանը չի կատարել պայմանագրով ստանձնած այլ պարտավորություններ ևս:
Ադրբեջանին վերաբերող հատվածում նշված է, որ երկրի սպառազինության ընդհանուր քանակը շարունակել է գերազանցել TLE-ի թույլատրելի սահմանը, բացի այդ Ադրբեջանը նախապես չի տեղեկացրել 2019թ. հիմնական զորավարժություններ անցկացնելու մասին, ինչպես պահանջում է Վիեննայի փաստաթուղթը (VD11): Ադրբեջանը ևս չի կատարել պայմանագրով ստանձնած մի շարք այլ պարտավորություններ:
Զեկույցի համաձայն` Ռուսաստանը դադարեցրել է պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը 2007թ.: Եվ այդ ժամանակից ի վեր շարունակում է խախտել իր պարտավորությունները: Բացի այդ, Ռուսաստանի զորքերի տեղակայումը Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի տարածքներում շարունակվել է նաև 2019 թվականին` առանց այդ երկրների համաձայնության:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ