Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունները` արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:
Մամեդյարովի խոսքով` հակամարտության կարգավորման փուլային տարբերակը, որի մասին հայտարարել է Լավրովը, արդեն մի քանի տարի է, ինչ քննարկման առարկա է բանակցությունների ժամանակ և հստակ արտացոլված է համանախագահների հայտարարություններում: Նա միևնույն ժամանակ նշել է, որ բանակցությունները գաղտնի են, մանրամասները չեն բացահայտվում, բայց բանակցությունների ընդհանուր շրջանակներն ուրվագծվել են համանախագահների կողմից, ինչպես նաև համանախագահող երկրների ղեկավարների հայտարարություններում:
«Դրանցում արտացոլվել են հակամարտության փուլային կարգավորման տարրեր, այսինքն` հակամարտության հետևանքների քայլ առ քայլ վերացում, ինչը սկզբնական փուլում ենթադրում է Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների ազատագրում, հաղորդակցությունների բացում Ադրբեջանի և Հայաստանի միջև…»,-ասել է Մամեդյարովը Minval.az-ին տված հարցազրույցի ժամանակ:
Ադրբեջանի արտգործնախարարը նաև հայտարարել է, որ հայկական կողմը «խաբում է իր հայրենակիցներին»` հայտարարելով, որ արցախյան հակամարտության կարգավորման փուլային տարբերակ չի քննարկվում, բանակցությունների սեղանին որևէ փաստաթուղթ չկա: «Հայկական կողմը լավ կաներ առանց ժամանակ կորցնելու սեփական ժողովրդին պատրաստեր խաղաղության, ինչպես համաձայնվել էր միջազգային հանրության առաջ»,-ասել է Մամեդյարովը` հավելելով, որ արցախյան հակամարտությունը հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով, եթե կողմերը դրսևորեն անհրաժեշտ քաղաքական կամք:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ