Ավագանու ԲՀԿ խմբակցության ավագանու անդամ Արմեն Ներսիսյանը մինչ քաղաքապետ Մարությանին մանկապարտեզների վերանորոգման վերաբերյալ հարց ուղղելը, ասաց, որ իր համար վիրավորական է, որ երկու տարի անց էլ դեռ «սեւ ու սպիտակ»-ի մասին խոսակցություններ են լինում: Ապա` մանկապարտեզների մասով պատասխանները ստանալուց հետո քաղաքապետին ասաց՝ «սեւ ու սպիտակների» մասին, ոչինչ չասացիք, էս ի՞նչ խոսակցություններ են»
Հայկ Մարությանն ասաց. «Հարց եղավ մեր խմբակցության կողմից՝ ես ինչպես եմ տեսնում մեր քաղաքականությունը, իմ պատասխանի մեջ, կարծես թե ամեն ինչ սպառիչ էր, այնքան սպառիչ էր, որ տիկին Խաչատրյանն ասաց՝ էս ի՞նչ լավ է, որ դուք էլ «սեւ ու սպիտակ» չեք անում: Ոչ, պետք չէ խառնել «սեւ ու սպիտակն» ինչ-որ կուսակցությունների կամ մարդկանց կուսակցական լինելու կամ չլինելու հետ: Ինձ համար այն մարդիկ, որոնք չեն ուզում, որ Հայաստանը լավ ապագա ունենա, ուզում են, որ մեր ժողովուրդը վատ ապրի, դա սեւեր են, այն մարդիկ, որոնք ուզում են, որ Հայաստանը լավ ապագա ունենա, մեր ժողովուրդը, վերջապես, լավ ապրի՝ սպիտակներ են: Թե հիմա ինքը որ կուսակցությունից էր, որ կուսակցությունից ուր փախավ, հետ եկավ, դա ինձ չի հետաքրքրում: Եթե այդ մարդն ուզում է, որ մենք՝ հայերս լավ ապրենք, ինքն իմ համար սպիտակ մարդ է շատ, եթե ոչ՝ ինքն ուզում է վատ ապրենք, հետ գնանք, տնտեսությունը փլուզվի, ամեն ինչ վատ լինի, այդ մարդն ինձ համար սեւ մարդ է: Հիմա կարաք ասեք՝ թե հոգեպես է սեւ թե սպիտակ, պատկերացումներով, կարեւոր չէ, կարեւորը մոտեցման հարցն է»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ