Ավագանու ԲՀԿ խմբակցության ավագանու անդամ Միքայել Մանրիկյանը քաղաքապետ Հայկ Մարությանից հետաքրքրվեց՝ երբ կբացվեն սրճարաններն ու ռեստորանները: Նշեց, որ քաղաքացիները պարբերաբար իրենց դիմում են նման հարցերով:
Մանրիկյանին պատասխանեց փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը՝ նշելով, որ պաշտոնական գրություն չունեն, բայց վարչապետն այսօր նշել է, որ տասը օրվա ընթացքում մի շարք տնտեսվարողների գործունեություն կթույլատրվեն, բայց առողջապահության նախարարությունն ու աշխատանքի տեսչությունը հորդորում են վերափոխվել՝ դիմակներ կրել, սոցիալական հեռավորություն պահպանել եւ այլն:
Մանրիկյանը նաեւ հարցրեց՝ ելնելով կորոնավիրուսային հետեւանքներից հնարավո՞ր է այդ տնտեսվարողներին քաղաքային տուրքերի արտոնություններ տալ:
Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ի պատասխան ասաց՝ քաղաքային տուրքերը դրանք առեւտրի տուրքերն են՝ ալկոհոլային խմիչքների եւ սիգարետների վաճառքի եւ այդ տուրքերի վճարման ռեժիմն ինքնին ենթադրում է, որ տուրք վճարողը, գործունեության չիրականացման հիմքով կարող է դիմել տուրքի վճարի կասեցման համար. «Մեր փոխարեն օրենսդրությունն արդեն արել է ինչ պետք է եւ տնտեսվարողները կարող են այս հնարավորությունից օգտվել նույնիսկ հիմա»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ