Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծապետական նկրտումներ՝ նավթային եւ բարոյական «հատակից»

Ապրիլ 28,2020 22:45

Նույնիսկ կորոնավիրուսի պանդեմիայի ահեղ մարտահրավերը չթեթեւացրեց Ռուսաստանի ղեկավարության ֆանտոմային ցավերը, եւ Պուտինի դոկտրինը շարունակում է մնալ ուժի մեջ՝ աշխարհակարգի դեմ ուղղված հիբրիդային պատերազմի բոլոր դրսեւորումներով եւ ուղղություններով։

Ռուսաստանը շարունակում է պրոպագանդիստական հարձակումները «թույլ» Արեւմուտքի եւ «քանդվող» Եվրամիության, առանձին եվրոպական երկրների դեմ, այն «հարստացնելով» նաեւ կորոնավիրուսային օրակարգով, Կրեմլը շարունակում է հիբրիդային ճնշումը Բելառուսի ու Ուկրաինայի նկատմամբ, չնայած Սաուդյան Արաբիայից ստացած ծանրագույն հարվածներին։ Ուստի որեւէ արտառոց բան չկա նաեւ նրանում, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն «ակտիվություն» է բեմականացնում նաեւ Հարավային Կովկասում, ցուցադրելով իր էներգետիկ եւ ռազմաքաղաքական «մկանները»։

Եվ միանգամայն տրամաբանական է, որ տարածաշրջանի կենտրոնական՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է դառնար Կրեմլի առկա լծակների գործադրման կիզակետը։ Ռուսներին էլ կարելի է հասկանալ. նավթի գները հասել են «հատակին», եւ այդտեղից «պոկվելու» հավանականությունը գոնե կարճաժամկետ հեռանկարում զրոյական է, իսկ դա իր հերթին արդեն հարցեր է առաջացնում գազի գնի հարցում, ինչը Պուտինի դոկտրինի կարեւորագույն հաղթաթուղթն է, գրեթե միջուկային զենքի նշանակության։ Եվ պարզվում է, որ Պուտինի հռչակած «մեծ էներգետիկ դերժավայի» ձեռքի «էներգետիկ զենքն» այլեւս ժանգոտած է եւ չի «կրակում»։ Եվ այստեղից սկսում է պարոն Լավրովի՝ ստով համեմված հոխորտանքը Հայաստանի եւ մեր կառավարության հասցեին։ Հայաստանի ԱԳՆ-ի Ղարաբաղյան հակամարտության բանակցությունների բովանդակության վերաբերյալ երկու «սերիայով»՝ նախարար Մնացականյանի եւ մամլո քարտուղար Նաղդալյանի կողմից տրվեցին բացատրություններ, որոնց՝ դիվանագիտական լեզվից պարզ ռուսերենի թարգմանությունը ճիշտ չի լինի հրապարակային արտաբերելը, մոտավորապես կնմանվի պարոն Լավրովի՝ սաուդյան գործընկերոջը տրված՝ հանրահայտ դարձած «բնորոշմանը»։ Սակայն, ոնց որ թե դեռ բաց են մնում գազի գնի եւ ռուսական ընկերությունների դեմ հարուցված քրեական գործերի հարցերը։

Եվ ուրեմն, նախ, դիվանագիտության չգրված օրենքն է ոչ թե ճարպկորեն ստելը, ինչով պարոն Լավրովը զբաղվում է տարիներ շարունակ, վերածվելով բազմաթիվ երգիծական մեմերի հակահերոսի, այլ հետեւյալը. ասել ճշմարտությունը, միայն ճշմարտությունը, ոչինչ բացի ճշմարտությունից, սակայն ոչ ամբողջ ճշմարտությունը։ Իհարկե, վերջին բանը, որը պարոն Լավրովին պետք է, դա մեր կողմից հուշելն է, թե ինչն է լավը եւ ինչն է վատը, կամ ինչ է դիվանագիտությունը եւ ինչը դիվանագիտություն չէ, այլ հակադիվանագիտություն է։ Նրա պրոֆեսիոնալիզմին կասկածելը թերեւս առնվազն միամտություն է։ Սակայն սրա մասին լրացուցիչ բարձրաձայնելը եւ մատնացույց անելն անհրաժեշտ է, քանզի փորձառու պրոֆեսիոնալ պարոն Լավրովն իրեն թույլ է տալիս թերագնահատել իր ունկնդիրների մտավոր ունակությունները, նույնիսկ երրորդ դասարանի թվաբանության յուրացման կարողությունները, երբ հայտարարում է, որ Ռուսաստանը մեզ գազը վաճառում էր «շուկայականից երկու-երեք անգամ էժան» գնով, եւ որ դա «քաղաքականություն չէր», եւ այդ «ծառայությունը» ռուսները մեզ մատուցում էին բացառապես «որպես մեր դաշնակիցը լինելու» մեծահոգի զգացմունքից դրդված։

Դժվար չէ պատկերացնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հոմերական ծիծաղը, ով ստիպված էր ուղղակի թվաբանական հերքումներով հրապարակային հանդես գալ։ Եվ այդ ծիծաղի պատճառը միայն Լավրովի «վրիպակը» չէր, այլեւ «Գազպրոմ Արմենիա» կոչվող՝ ռուսական մոնոպոլիստ «Գազպրոմի» դուստր ձեռնարկության ցինիկ քայլը՝ գազի սակագինը մեկ երրորդով բարձրացնելու հայտով մտնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։

Իսկ այդտեղ արդեն, ինչպես Ժվանեցկին կասեր, «հիվանդությունը սկսում է առողջ ձեւեր ընդունել», երբ պարոն Լավրովը սկսում է կշտամբել Հայաստանին, թե իբր մենք ենք «մեղավոր», որ մեր երկրում գործող սակագներն աննորմալ բարձր են։ Իհարկե, հաստատապես անհնարին է, որ Ռուսաստանի ԱԳ նախարարը տեղյակ չէ, թե ումն է Հայաստանի գազամատակարարման ողջ համակարգը եւ, հետեւաբար, ինչպիսին է որոշում ընդունելու ալգորիթմը, իսկ եթե տեղյակ էլ չէ, ապա դժվար է պատկերացնելը, որ, ասենք, Վիքիպեդիայի տեղը սմարթֆոնի վրա չգիտի։ Այսինքն, պետք է բացառել, որ ռուսական դիվանագիտության ղեկավարը կարող է այն աստիճանի ողբերգական անկում ապրել որակավորման առումով, որ սկսի «օդ կրակել»։ Ավելին, հաշվի առնելով պարոն Լավրովի պաշտոնավարման ստաժը, բացառվում է, որ նա չհիշի, թե ինչպիսի բազմաքայլ խուլիգանության արդյունքում Հայաստանի գազամատակարարման ոլորտը դարձավ ռուսական «Գազպրոմի» 100-տոկոսանոց սեփականությունը։ Բացառվում է նաեւ, որ պարոն Լավրովը չհիշի ավելի թարմ դեպքերը, կապված Հայաստանի գազամատակարարման հետ։ 2013 թվականի գարնանից, երբ կայսերապաշտ տառապյալները սկսեցին սպառնալ հետխորհրդային երկրներին, որպեսզի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրեր չստորագրեն՝ ամեն երկրի վրա ճնշում էին, ելնելով «տեղական առանձնահատկություններից»։ Իսկ Հայաստանի պարագայում այդ լծակներից մեկը գազի խնդիրն էր։ Այդ ժամանակ Հայաստանում իշխանությունը զավթած ռուսական կրիմինալ պրոքսիներն արդեն հասցրել էին գազի ոլորտում ռուսական կողմին ապահովել 80-տոկոսանոց՝ որոշիչ փաթեթով, եւ ռուսական «փորձագետ»-շանտաժիստները բաց տեքստով մեզ ասում էին. եթե ստորագրեցիք՝ ձեր գազի գինը կլինի ինչպես Գերմանիայի կամ Լեհաստանի համար, «Եվրոպա եք ուզում՝ կստանաք եվրոպական գներով գազ»։

Սա կարեւոր, հիշարժան հանգամանք է, քանզի կրկին դարձավ խիստ արդիական, երբ պարզ է դառնում, որ հայ սպառողը առանց այն էլ ավելի բարձր գին է վճարում, քան, ասենք, գերմանացի սպառողը, իսկ «Գազպրոմը» նույնիսկ սա է շատ համարում եւ սակագինը մեկ երրորդով բարձրացնելու հայտ ներկայացնում։ Եվ ահա՝ պարոն Լավրովը բողոքում է «Հայաստանի ներքին գներից»։ Սա արդեն ինչ-որ պաթոլոգիայի, այլ ոչ թե քաղաքականության ոլորտից է։ Հայաստանի կառավարության առաջարկը լիովին արդարացված է. ուրեմն, բարի եղեք «կապել» գազի գինը նավթի միջազգային գներին, ըստ ջերմային էկվիվալենտի, եւ բարի գալո՛ւստ առողջ բանականության եւ ադեկվատության դաշտ։

Էներգետիկ գլոբալ հեղափոխության դարաշրջանում «Take or pay» («վերցրու կամ վճարիր») բանաձեւը, ինչի մասին խոսում են ռուսական կառավարությունում՝ կատարյալ անբարոյականություն է, եւ այդ առումով Հայաստանի կառավարությունն ուղղակի պարտավոր է մեզ զերծ պահել այդ փորձանքից։ Հայաստանի լավագույն պատասխանը կարող է լինել գազի դերի էական եւ որքան հնարավոր է՝ արագ կրճատումը մեր էներգետիկ հաշվեկշռում, իսկ մյուս կողմից՝ իրանական ուղղությունը մեր գազային դիվանագիտության կողմից պետք է արժանացնել ավելի մեծ ուշադրության։ Սա ոչ թե «ռուսոֆոբիա» է, ինչի մասին շատ է սիրում խոսել պարոն Լավրովը, այլ քայլ, որն ուղղակի թելադրված է մեր ազգային անվտանգության հրամայականով։

…ԱՄՆ-ի դեմ ԽՍՀՄ կողմից հրահրված նավթային էմբարգոն 1973 թվականին տապալեց ամերիկյան ավտոմեքենաշինությունը, սակայն շատ կարճ ժամանակ անց տեղի ունեցավ հեղափոխություն՝ նոր ավտոմեքենաների, տնտեսող շարժիչների ստեղծմամբ եւ սերիական արտադրությամբ, եւ «ատելի Արեւմուտքի տապալման» ակնկալվող «Էֆեկտը» հօդս ցնդեց, նավթապետական դիկտատուրաներին, այդ թվում՝ Չարիքի կայսրությանը ստիպեց հաշվի նստել իրականության հետ։

Նավթային գների եւ դրանից ճակատագրորեն կախված ռուսական տնտեսության այսօրվա վիճակը լավագույնս բնութագրել է դեռ 19-րդ դարում հանճարեղ ռուս դասական Սալտիկով-Շչեդրինը. «Դա դեռ ոչինչ, որ Եվրոպայում մեր մեկ ռուբլու համար հիսուն կոպեկանոց են տալիս, ավելի վատ կլինի, եթե մեր ռուբլու համար տան դնչին»։ Դժվար է ասել, թե երբ «ավելի վատ կլինի» այդ իմաստով, սակայն մեր կողմից առաջնահերթ կարգով անհրաժեշտ է ապահովել սուվերեն որոշումներ, ուղղված պետության ռազմա-քաղաքական եւ տնտեսական շահերի առավելագույն պաշտպանությանը. արտաքին, անվտանգության, պաշտպանական, արտաքին տնտեսական քաղաքականությունների, էներգետիկ կարողությունների եւ էներգամատակարարումների դիվերսիֆիկացմանը, քաղաքական եւ տնտեսական համակարգի արմատական բարեփոխումներին։

Իսկ պարոն Լավրովին մնում է հաշտվել իրողությունների հետ եւ փորձել ադեկվատության դաշտ վերադարձնել իր վերադասին, որն իր քաղաքական քայլերով վաղուց է հասել բանականության եւ բարոյականության «հատակին», մինչդեռ ստիպված են հասկանալ մի պարզ բան. կայսրությունները դատապարտված են, ինչպես դինոզավրերը, եւ ձե՛ր ժողովրդին մի քիչ խղճացեք։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gagik says:

    Վերնագրածից արդեն պարզա, որ խոսափողի մոտ ռուսաֆոբ Ռուբեն Մեհրաբյաննա։
    Հետաքրքիրա էտ ինչ էներգետիկ հեղափոխությունա տեղի ունեցել՞
    1970-ականներից հետո ԱՄՆ-ը սկսես լուրջ ներդրումներ կատարել նավթարդյունաբերության մեջ ու այսօր Ռուսաստանից ու Սաուդյան Արաբիայից ավելի շատ նավթա հանում։
    Հենց միայն դա արդեն հերքում նավթային դարաշրջանի ավարտի միֆը։

    Նավթային դարաշրջանը կավարտվի, նավթի վերջանալու պատճառով։
    Իսկ տարբեր հաշվարկներով դա կլինի 50-60տարուց։
    Այլընտրանքային էներգիան, որ էդքան թմկահարվումա, ինքը ոչ թե նավթին փոխարինողա, այլ ընդամենը նպաստումա, որ աշխարհի նավթի պաշարները ավելի դանդաղ սպառվեն։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930