Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարությանին չի հետաքրքրում վերելակների մրցույթում ով կհաղթի` Սամվել Ալեքսանյանի՞, թե՞ Պողոս Պողոսյանի ընկերությունը, մրցույթը բաց է, թափանցիկ

Ապրիլ 28,2020 21:01

Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն այսօր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին փոխանցեց իր ունեցած տեղեկությունը, որ 500 վերելակի համար հայտարարված մրցույթը խոստացվել է գործարար Սամվել Ալեքսանյանին եւ այդ վերելակները բերվելու են Թուրքիայից: Ապա ասաց՝ հերքեք կամ հաստատեք այս տեղեկությունը:

Մարությանը պատասխանեց՝ եթե այդքան տեղյակ եք, ուրեմն դուք էլ այդ գործի մեջ խառն եք. «Ես, ընդհանրապես, ոչ մի տեղեկություն չունեմ այդ մրցույթներից, դրանք դրվում են եւ մասնակիցները գալիս են պարզ, բաց, թափանցիկ եւ ով առաջարկում է լավագույն պայմանը՝ նա էլ հաղթում է: Պողոս Պողոսյանն է, Փիլիպոս Փիլիպոսյանն է, էս է, էն է, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում: Ինձ հետաքրքրում է վերջնարդյունքը՝ որ մեր տված տեխնիկական բնութագրի համաձայն այդ ընկերությունը հանձնի իր աշխատանքը: Մնացածը՝ ինչ եղավ, ոնց եղավ, գնացեք իրար հետ քննարկեք, տվեք առեք, հարցեր տվեք, ի վերջո դուք էլ կարող եք մասնակցել»:

Թեհմինա Վարդանյանը նաեւ ասաց, որ իրեն վարչական շրջանների աշխատակիցները բողոքել են, որ իրենցից ղեկավարությունը գումար է հավաքել եւ ուղղել սոցիալապես անապահով ընտանիքներին եւ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներին:

Հայկ Մարությանն ասաց, որ նման տեղեկատվություն ինքը չունի: Քաղաքապետը հորդորեց այդ վարչական շրջանների անունները հնչեցնել, որպեսզի ղեկավարներին հարցնեն, սակայն Վարդանյանը հրաժարվեց: Վարչական շրջանների ղեկավարները, որոնք ներկա էին քաղաքապետի հետ ավագանու անդամների հարցուպատասխանին, նշեցին, որ նման դրամահավաք չի եղել ոչ մի վարչական շրջանում: Քաղաքապետը կրկին հորդորեց բարձրաձայնել վարչական շրջանների անունները, որպեսզի գոնե վերահսկողական ծառայությանը հանձնարարեն զբաղվի, բայց Թեհմինա Վարդանյանը կրկին հրաժարվեց՝ նշելով, որ իրեն լուրեր են հասել, որ իրենց կամ ընդդիմադիրներին «լայքելու» համար մարդկանց բանավոր նկատողություն են տալիս եւ չի կարող «գործ տալ» ու մարդկանց փաստի առաջ կանգնեցնել:

Հայկ Մարությանն ի պատասխան ասաց՝ «Ձեր լեզվի պաշարը նման չէր, ժամանակին «Ելքի» ավագանու, այլ, ավելի շատ ՀՀԿ-ի ավագանու՝ «գործ տալ» եւ այլն բառապաշարին: Բայց, եթե ուզում եք օգնած լինեք քաղաքապետարանին եւ իսկապես գործողություններ լինեն՝ հասկանալու համար ինչպես է եղել, գոնե մեկ վարչական շրջանի անուն գրեք, որ գնանք ու հասկանանք ՝ եղել է նման բան թե՝ չի եղել: Այլապես հարցերը բարձրացնելով միայն չեն լուծվի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930