Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղաբնակ աղջիկ. «Եթե կորոնավիրուսը չլիներ էլ, էլի ինքնամեկուսացված էի լինելու»

Ապրիլ 28,2020 22:10

Վերջերս զրուցեցի մի աղջկա հետ, որը խոսելով իր միապաղաղ առօրյայից, այնուամենայնիվ չէր դժգոհում կյանքից, մինչդեռ իրենց գյուղում ոչ մի զբաղմունք չկա: Հարցրի՝ իր մասին գրել կարելի՞ է, կես կատակ-կես լուրջ պատասխանեց՝ Կարմիր գրքում:

15-ամյա Հասմիկը ապրում է Կոտայքի մարզի Փյունիկ գյուղում, որը 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ 370 բնակիչ ունի: «Ես հիմնականում տանն եմ լինում։ Կարելի է ասել, եթե կորոնավիրուսը չլիներ էլ, էլի ինքնամեկուսացված էի լինելու: Գյուղում երեխաները քիչ են, շատերը 9-֊րդ դասարանից դուրս են գալիս ու գնում Հրազդան՝ քոլեջում սովորելու։ Օրինակ, անցյալ տարի 2 մեծ ընտանիք գնաց քաղաք… Մարդիկ այստեղ հիմնականում անասնապահությամբ են զբաղվում»,-ասաց իմ զրուցակիցը:

Հասմիկը պատմեց, որ աշակերտների փոքր թվի պատճառով որոշվել էր իրենց գյուղի դպրոցը միացնել հարեւան գյուղի դպրոցի հետ, բայց ցույցերի արդյունքում իրենց դպրոցը պահել են:

«2019 թ. դպրոցի դիմաց խաղահրապարակ կառուցեցին ու դպրոցի տանիքը, սանհանգույցը վերանորոգեցին։ Գյուղում 2018 թվականից գործում է աղբատար մեքենա, բայց մեկ է աղբահանման խնդիր կա։ Դպրոցում մինչև ձմեռ պարի դասընթացներ կային փոքրերի համար, հիմա ոնց որ էլ չկա: Ճանապարհները բավարար վիճակում են, ուղղակի տրանսպորտի խնդիր կա»,-արագ-արագ իրենց գյուղի մասին պատմում է Հասմիկը:

Նշեց, որ իրենց գյուղը շատ է սիրում. «Դժվար թե ուրիշ տեղ այսպիսի բնություն գտնես… Բացի այդ, մեր դպրոցում ուսման մակարդակը բարձր է: Ավարտողների 4-ից 3-ը ընդունվում են բուհ»:

Հարցին, որ եթե գյուղապետ լիներ, ի՞նչ կփոխեր գյուղում, պատասխանեց. «Երևի թե առաջին հերթին տրանսպորտի ու ճանապարհների հարցը կլուծեի, ու քաղաքի ու գյուղի միջև կապը ապահովվեի: Շատ կուզեի նաև, որ գյուղում լուծվեր բուժկետի հարցը»:

Հասմիկը երազում է բժշկուհի դառնալ ու ապացուցել, որ Հայաստանի բժշկությունն ամենաբարձրակարգն է: Իր առօրյայից էլ խոսեց, ասաց, որ օգնում է ծնողներին, ընտանի կենդանիների հետ խաղում, յութուբի օգնությամբ պարեր սովորում ու մարզվում,յուրովի փորձում է լցնել օրը։

Աղջնակն ինձ ոգեւորեց, որովհետեւ ապրելով մի գյուղում, որտեղ չկան զվարճանքի վայրեր ու ժամանցի կենտրոններ, միեւնույն է սիրում է իր ծննդավայրը եւ չի տրտնջում, մինչդեռ շատերը ավելին ունենալով, հաճախ բողոքում են՝ կյանքից, կարանտինից հազար ու մի բանից:

Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930