«Ծիծաղս եկավ, առաջին անգամ եմ լսում»,- Aravot.am-ի հարցադրմանն այսպես արձագանքեց իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը: Տեղեկություն ունեինք, որ պարոն Ղալումյանը երկու հատ «ջիփ» տեսակի ավտոմեքենա է նվեր ստացել վերջերս, սակայն, դրանք աչքից հեռու թաքցրել է: Ասում են`վարչապետն է հորդորել իր կնքահոր եղբորը`առայժմ չվարել մեքենաները, որպեսզի հանրային դժգոհությունների տեղիք չտա:
Հիշեցնենք, Վահե Ղալումյանը Հայաստանում հեղափոխություն-իշխանափոխությունից հետո`01.06.2018-14.01.2019թթ, եղել է Տավուշի մարզպետ, իսկ 2019 թվականի դեկտեմբերի 9-ից ԱԺ պատգամավոր է, «Իմ քայլը» խմբակցության անդամ: Վահե Ղալումյանի եղբայրը`Իջեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնքահայրն է:
«Ոնց կարող է նման տեղեկությունը ճիշտ լինի: Երկու հատ «ջիփ»… առաջին անգամն եմ լսում»,- հավելեց մեր զրուցակիցը:
Մեր տեղեկություններով մեքենաներից մեկը նվիրել են ՌԴ-ում աշխատող, ծնունդով Տավուշցի գործարարներ: «Ես երկու ավտոմեքենա նվեր ստացած`կյանքում չկամ»,- ասաց Վահե Ղալումյանը: Դիտակմանը`ապա ինչո՞ւ են իր հայրենի Իջեւանում նման խոսակցություններ պտտվում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մարդիկ խոսում են… բայց ես չեմ լսել, չեմ էլ հավատում: Ես մի հատ ավտոտնակ ունեմ, կարող եմ հենց հիմա բացեմ`զգաք էնտեղ քանի ամիս, քանի տարի մեքենա չի մտել: Ես իմ մեքենան էլ ավտոտնակում չեմ կանգնացնում: Եթե էդպիսի խոսակցություն լիներ, ես էլ լսած կլինեի: Կարող է մեկ-երկու-հինգ-տաս հոգի մի ապուշ տեղից խաբար ստանան… ո՞նց է կորոնավիրուսը մի տեղից դուրս գալիս, մի քանի հոգու վարակում (ծիծաղում է-Ն. Գ)… բայց դա իրականությանը չի համապատասխանում»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԳՈՐՅԱՆ