Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունը լայնածավալ ուսումնասիրություն է նախաձեռնել պետությանը կամ համայնքներին պատկանող հողամասերը կապի օպերատորներին ենթավարձակալության հանձնելու ոլորտում

Ապրիլ 28,2020 20:02

ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալությամբ հանձնելու, այնուհետև դրանք հեռահաղորդակցության կապի օպերատորներին ենթավարձակալությամբ տրամադրելու դեպքերի վերաբերյալ իրականացված մշտադիտարկման արդյունքների մասին տեղեկանքը։ Համաձայն վերջինիս՝ մշտադիտարկման արդյունքում պարզվել են պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը համայնքների ղեկավարների կողմից բավականին ցածր վարձավճարով վարձակալության տրամադրելու, ապա դրանից գրեթե անմիջապես հետո վարձակալի կողմից այդ գույքը կամ դրա մի մասը մի քանի, ընդհուպ տասնյակ անգամ թանկ վարձավճարով հեռահաղորդակցության կապի օպերատորներին ենթավարձակալության հանձնելու դեպքեր։

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ իրականացրած մշտադիտարկման արդյունքները պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում դարձվել են ուսումնասիրության առարկա: Հաշվի առնելով, որ նկարագրված սխեմայի կիրառումը կարող է ընդգրկել հանրապետության ողջ տարածքը՝ ներառելով բազմաթիվ համայնքներ՝ ՀՀ գլխավոր դատախազը մարզերի դատախազներին հանձնարարել է յուրաքանչյուր մարզի կտրվածքով նախաձեռնել մանրակրկիտ ուսումնասիրության իրականացում՝ պարզելու ՊՎԾ մշտադիտարկմամբ ներկայացված դեպքերից բացի այլ համայնքներում ևս նման սխեմայով գործարքների իրականացման հավանականությունը, ընդհանրապես բոլոր նպատակներով պետական կամ համայնքապատկան հողմասերի վարձակալության տրամադրումը օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ իրականացված լինելու, սեփականատիրոջ կողմից հողամասերը վարձակալներին ենթավարձակալության հանձնելու իրավունք տրված լինելու, ենթավարձակալության հանձնված հողամասերում, ըստ դրանց նպատակային նշանակության, հեռահաղորդակցության կայանների տեղադրումն ու շահագործումը թույլատրելի համարվելու, հեռահաղորդակցության կայանների տեղադրման տարածքը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա ազդեցության փորձաքննության ենթարկված լինելու, այդ կայանները պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների դրական եզրակացության առկայությամբ տեղակայելու և շահագործելու հանգամանքները:

Ուսումնասիրությունների արդյունքներից ելնելով՝ միջոցներ են ձեռնարկվելու նաև օրենսդրության պահանջների խախտմամբ կնքված ենթավարձակալության պայմանագրերը լուծելու և սահմանված իրավական ընթացակարգերի պահպանմամբ համայնքների և վարձակալների միջև նոր պայմանագրերի կնքման ուղղությամբ:

Ուսումնասիրությունների լիարժեքությունը և համակողմանիությունն ապահովելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից համապատասխան հարցումներ են կատարվել և վերաբերելի փաստաթղթեր են պահանջվել ՀՀ շրջակա միջավայրի և ՀՀ առողջապահության նախարարություններից, ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, և ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից:

Ի կատարումն ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականի՝ հանրապետության 8 մարզերում (Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արարատի, Լոռու) դատախազությունների կողմից արդեն սկսել են իրականացվել ակտիվ, լայնածավալ ուսումնասիրություններ, որոնց համատեքստում հետաքննության մարմիններին տրվել են բազմաթիվ դեպքերով քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարություններ:

Արդյունքում նախապատրաստված նյութերով արդեն իսկ առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու, փաստաթղթեր  կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, միջոցներ են ձեռնարկվում առերևույթ հանցավոր սխեմաների կիրառմամբ պետությանը կամ համայնքներին պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ:

Դրանց ընթացքի, արդյունքների վերաբերյալ առաջիկայում պարբերաբար կտրամադրվի տեղեկատվություն:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930