Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարության. Պարոն Բեգոյանին հրավիրել եմ ինձ մոտ, առաջարկել՝ հետ գնա կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ, որ սխալների ուղղում կատարի, բայց՝ հրաժարվել է

Ապրիլ 28,2020 19:40

Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցող ավագանու նիստում ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանից հետաքրքրվեց՝ ի՞նչ խնդիրներ առաջացան «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Բեգոյանի հետ, որը նշել էր, թե քաղաքապետ Հայկ Մարությանի կինն է անձամբ ասել, որ ազատման դիմում գրի:

Հայկ Մարությանն ի պատասխան ասաց, որ քաղաքապետարանի մամլո ծառայությունը եւ նաեւ ինքը «բամբասանքներին» չեն անդրադառնում: Հռիփսիմե Առաքելյանի այն դիտարկմանը՝ թե Բեգոյանն է ասել, Մարությանն արձագանքեց՝ չակերտավոր ասած՝ չգիտեմ աղջիկներով ինչ չեն կիսել այնտեղ. «Երբ պարոն Բեգոյանը տեղափոխվեց որպես ժամանակավոր պաշտոնակատար, Կանաչապատման նոր ստեղծված ՀՈԱԿ, խնդիրներ ստեղծվեցին կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ում, որը ինձ ստիպեց ավելի խորն ուսումնասիրել՝ ինչ վիճակում է ՀՈԱԿ-ը: Ճիշտ է բուժական անձնակազմի՝ բժիշկների, բուժակների մասով նորմալ է, նրանք շարունակելու են աշխատել, եւ շների հավաքագրումը նորմալ է, բայց շատ մեծ խնդիրներ կան կազմակերպչական եւ շատ մեծ բացթողումներ ու վրիպումներ կան, ինչի առիթով մեր վերահսկողության վարչությունն ուսումնասիրություն է սկսել եւ ուսումնասիրել է առկա վիճակը, ինչի շնորհիվ այդ բացթողումները գտնելով՝ նաեւ ուղարկվել է ոստիկանություն, որը քրեական գործ է հարուցել»:

Քաղաքապետն ասաց, որ չի ցանկանում անմեղության կանխավարկածը խախտել եւ պետք է տեսնել՝ ընթացքն ինչ կլինի. «Բայց կազմակերպչական մասով, որը պետք է ապահովեր տնօրինությունը, խնդիրներ էր առաջացրել, բնականաբար, եթե այնտեղ 32 հոգանոց ՀՈԱԿ-էր, այստեղ բավականին մեծ թվով աշխատակիցներ պետք է լինեին, եւ ինձ մոտ այդ մտավախությունը կար եւ ես պարոն Բեգոյանին հրավիրել եմ ինձ մոտ առաջարկել եմ, քանի որ այստեղ ժամանակավոր պաշտոնակատար էր, հետ գնա կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ, կարգավորի ամբողջ խնդիրները, այսպես ասած, իր սխալների ուղղում կատարի»:

Մարությանի խոսքով, ի զարմանս իրեն, պարոն Բեգոյանը հրաժարվել է: Ըստ քաղաքապետի. «Ես ընդունեցի ի գիտություն եւ մենք շարժվեցինք առաջ: Այնտեղ նշանակվեց այլ տնօրեն, որը հիմա աշխատում է եւ այդ տնօրենի հետ էր կապված վերահսկողության վարչության ուսումնասիրությունը, որպեսզի դրվեր այդ գիծը՝ մինչեւ իր գալն այդտեղ ինչ է կատարվել»:

Ինչ վերաբերում է կանաչապատման ՀՈԱԿ-ի՝ Հռիփսիմե Առաքելյանի նշած՝ շտապ կարգով կազմակերպված մրցույթին, Հայկ Մարությանն ասաց՝ դա շտապ չի կազմակերպվել, մեկ ամիս առաջ է հայտարարվել, քանի որ այնտեղ ժամանակավոր պաշտոնակատար էր, որը, ըստ իս, ունակ չէ կատարել իր պարտականությունները եւ քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել. «Ոչ մի բան շտապ չէր, ամեն ինչ բաց ու թափանցիկ, բոլորը եղել են, բոլորը տեսել են՝ ամենը նորմալ է անցել: Իմ կողմից շատ խիստ կերպով ասվել է, որ սոցիալական հեռավորություն, սանիտարական նորմերը խիստ պահպանվեն, որպեսզի այնպիսի միջադեպ չլինի, որ ինչ-որ մեկը մրցույթի պատճառով վարակ տարածի»:

Քաղաքապետը նաեւ ասաց, որ թափառող կենդանիների համար կառուցվող շենքի շինարարությունը նույնպես հետաձգվել է կազմակերպչական խնդիրների պատճառով, քանի որ այն կառուցվելիս է եղել առանց կոյուղի: Սակայն հիմա այդ հարցն էլ է լուծվել եւ շենքն իր պայմաններով  լավագույնն է լինելու տարածաշրջանում:

«Ես բազմիցս նշել եմ, որ իմ կինը եւ իմ ընկերներն ինձ օգնում են՝ մինչեւ իմ քաղաքապետ դառնալը եւ նաեւ քաղաքապետ դառնալուց հետո: Նրա օգնությամբ 5,3 միլիոն եվրոյի դրամաշնորհ ենք բերել Հայաստան: Ինչ վերաբերում է կադրային քաղաքականությանը խառնվելուն, ես բազմիցս նշել եմ՝ չկա մարդ Հայաստանի հանրապետությունում եւ սփյուռքում, որը կարող է խառնվել Երեւանի քաղաքապետարանի կադրային քաղաքականությանը: Այդ քաղաքականությունը սկզբից մինչեւ վերջ տանում եմ ես»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930