«ԼՀԿ-ի պատգամավորի կողմից «Իմ քայլի» պատգամավորի հասցեին հնչեց տեսակետ, որը վերագրվեց նաեւ «Իմ քայլին»…Ալեն Սիմոնյանի լրջության գնահատականն «Իմ քայլը» խմբակցությունը տվել է՝ նրան ԱԺ փոխնախագահի թեկնածու առաջադրելով»,-ԱԺ նիստում այսօր անդրադառնալով ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանի՝ «Ալեն Սիմոնյանին անգամ իր խմբակցությունում լուրջ չեն ընդունում» հայտարարությանը, ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Նրա ելույթներից էլ ավելի տեսանելի է մեր վերաբերմունքը եւ լրջությունը նրա հանդեպ: Եթե Ալեն Սիմոնյանը դիպուկ եւ սուր տեսակետներ է հայտնում, որոնց հակափաստարկ չկա, պետք է ընդունել այդպես»,-նշեց նա:
«Իմ քայլի» պատգամավոր Սոս Ավետիսյանն էլ իր հերթին շեշտեց. «Հարգելի տիկին Սամսոնյան, Ալեն Սիմոնյանը մեր կուսակցության վարչությունում ընտրվել է բազմաթիվ քվեներով: Իր կուսակցությունում նա շատ մեծ հարգանք ունի եւ ընդունված է իր թիմի կողմից»:
«Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ հավելեց. «Արդեն օրինաչափություն է դարձել, որ առանձին պատգամավորներ տարրական էթիկայի կանոններից դուրս են գալիս»:
Կարդացեք նաև
Անի Սամսոնյանն էլ այսպես պատասխանեց. «Հերթով, շարքով, կարգով գալիս եք այս ամբիոնի մոտ եւ արդարացնում, թե դուք լուրջ եք ընդունում Ալեն Սիմոնյանին՝ այս կերպ փաստելով, որ դուք իրականում լուրջ չեք ընդունում Ալեն Սիմոնյանին»:
Անի Սամսոնյանին արձագանքեց «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանը. «Տիկին Սամսոնյան, լուրջ եք խոսո՞ւմ: Լրջություն կա՞ ձեր ասածի մեջ: Մտածեք, արժի մտածել»:
ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ այսպես դիմեց «Իմ քայլին». «Մեր անկարգությունը գալիս է ձեր անկարգությունից»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ