«Տեսաք չէ՞ չինացիներն ինչ են ուտում՝ կատու, կռիս, մուկ, բայց Աստվածաշնչում գրված է՝ պետք է ուտեք որոճացող ու կճղակաբաշխ անասունները»,- այսօր ԱԺ-ում ԲՀԿ պատգամավոր Վարդան Ղուկասյանն այսպես իր դիտողությունն արեց չինացիներին:
Նա նաեւ խոսեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Ըստ նրա, Քոչարյանը պետք է ազատության մեջ լինի ու չի հավատում, որ գործը դրանից կտուժի. «Եթե հստակ մեկի վրա որեւէ բան չկա ու այդպես պահել են, որ հանկարծ մեկի վրա կազդի, դա սուտ է, չեմ հավատում դրան»:
Խոսելով կաթողիկոսի մասին հնչող քննադատություններից, մասնավորապես, թե ինչու Մարտի 1-ին նա ձայն չհանեց, երբ տասը մարդ զոհվեց ու հիմա Քոչարյանի կալանքը փոխելու հորդորով է հանդես գալիս, Վարդան Ղուկասյանն ասաց. «Ես ճիշտն ասած հիշում եմ, որ կաթողիկոսը դուրս եկավ ու ասեց՝ համերաշխություն բոլորին: Մի քանի անգամ: Ազգը խառնվել էր իրար, կաթողիկոսն ասում էր՝ նայեք արյուն չթափվի, ես դա տեսել եմ»:
Որպեսզի չստացվի, որ ինքը «խելագարված» կաթողիկոսին է պաշտպանում, Վարդան Ղուկասյանն ասաց, որ բաներ կան, որ ինքը չի ընդունում. «Ես Սովետական միության ժամանակ քահանայի մորուքը թրաշեցի, գիտե՞ք: Բայց իրավունք չունեի: Պոռնկության ակտի մեջ բռնեցինք ու արեցինք: Ես հիմա խելագարված չեմ շատ հոգեւորականների համար, բայց չափի մեջ պիտի մարդը մի քիչ մնա: Հետո մի հատ նայենք մեծերին, թե ոնց են արել: Մեղադրողն ո՞վ է՝ Սահակ Պարթեւ կաթողիկո՞սն է, թե՞ Ներսես Մեծն է, որ եկել է ու ասում է, թե դու արժանի չես: Աստվածաշունչն ասում է՝ քո աչքի միջի գերանը չես տեսնում, ուրիշի չոփն ես տեսնում»:
Կարդացեք նաև
Վարդան Ղուկասյանը հավելեց, որ նախկին իշխանություններն էլ չեն կարողացել արժանիներին գնահատել, պիտի անպայման գնայիր, քծնվեիր. «Ես ինչի՞ դարձա ՀՀԿ-ական, որովհետեւ հնար չկար: Կուսակցությունները խեղդում էին, նամանավանդ անհատ մարդուն՝ Գյումրիի քաղաքապետին»:
Ըստ ԲՀԿ պատգամավորի, եթե ներկայիս իշխանությունները մի տասը հոգու պատերին ծեփեն, երկիրը վարդի պես կապրի, բայց նրանց թողել են, ընկել են ժողովրդի հետեւից, դա է վատը. «Գել ու գազանին, ովքեր այս երկիրն այս վիճակի են հասցրել, բոլորդ էլ նրանց գիտեք: Պիտի գնան նրանց մոտենան, ոչ մեկին էլ չեն մոտենում: Որ ասում են օլիգարխ, օլիգարխ, իսկական օլիգարխների անունները դուք պահել եք, որովհետեւ ԶԼՄ-ների հետեւը մարդիկ կան: Այն մարդկանց, որոնք հանցագործ են, օլիգարխ են, պահել եք, իսկ այն մարդկանց, որոնք օլիգարխ չեն, սարքել եք օլիգարխ, հանցագործ»:
Լրագրողները հորդորեցին անուններ տալ, Վարդան Ղուկասյանը, կարծես, վիրավորվեց. «Ես ընդհանրապես անուն չեմ տալիս: Որ նայես պետական արխիվներն էլ, մենք անուն տվող չենք ու չենք ուզում որեւիցե մեկը բանտարկվի, մենք այդպես ենք ապրել ու այդպես էլ ապրում ենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ