Այսօր Երեւանի ավագանու նիստի օրակարգում ընդգրկված մի քանի նախագծերով առաջարկվում էր գույքահարկի արտոնության սահմանել «Հայաստանի նկարիչների միավորում» ՀԿ-ին, «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը, «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ին, Հայաստանում Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության մասնաճյուղին եւ «Հայաստանի ժուռնալիստների միություն» հասարակական կազմակերպությանը:
Այս նախագծերը ավագանու կողմից հավանության արժանացան, սակայն քննարկումների տեղիք տվեցին: Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Միրզոյանը դեմ չէր, որ կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված այս պայմաններում այդ կազմակերպություններին գույքահարկի արտոնության տեսքով աջակցություն տրամադրվի, սակայն, գտնում էր, որ եկող տարի այդ ֆինանսական արտոնությունը տալ ոչ թե գույքահարկի արտոնություն տրամադրելու տեսքով, այլ՝ զարգացման ծրագրերի. «Մենք ուզում ենք այդ ոլորտներում զարգացում տեսնել: Այնպես չստացվի, որ ամեն տարի գույքահարկի արտոնություն է տրվում, բայց մենք չենք տեսնում այդ ոլորտում որեւիցե տեղաշարժ կամ որեւիցե զարգացում, հակառակը՝ տեսնում ենք ընդամենը պարտքերի ավելացում: Այդ բոլոր ՀԿ-ներում առողջացման ծրագրեր են պետք»:
Քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ չի պատկերացնում ինչպես պետք է կարգավորվի զարգացման ծրագրեր ներկայացնելու հարցն այն դեպքում, երբ նշյալ կազմակերպությունները մասնաճյուղեր ունեն հանրապետության տարբեր մարզերում: Քաղաքապետը առաջարկեց ընդհանրապես վերացնել գույքահարկի «ներման» պրակտիկան, փոխարենն առաջարկելով աջակցություն՝ զարգացման ծրագրերը կյանքի կոչելու համար:
Կարդացեք նաև
Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ասաց, որ, իսկապես, հարց է առաջանում՝ ինչո՞ւ Նկարիչների միությունը պետք է ստանա աջակցություն, Թատերական գործիչների միությունը՝ ոչ. «Սա վատ նախադեպ կարող է լինել, քանի որ վաղը մյուս ՀԿ-ներն էլ կարող են դիմել եւ մենք լուրջ ֆինանսական բեռի տակ մտցնենք համայնքը: Ավելի լավ է, հետագայում, նրանց ծրագրերը բերել համայնքի հետաքրքրությունների դաշտ, որի համար կա համայնքային մեծ բյուջե»:
Այս տարվա համար բոլոր այդ կազմակերպությունները ստացան գույքահարկի արտոնությունը, սակայն, ըստ քաղաքապետի, մյուս տարվա համար պետք է նոր ծրագրեր մշակեն՝ ինչպես աջակցեն այդ ՀԿ-ներին, որպեսզի զարգանան:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ