Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ալեն Սիմոնյանին անգամ սեփական թիմում լուրջ չեն ընդունում, ուր մնաց մենք եւ ժողովուրդն ընդունեն». Սամսոնյան

Ապրիլ 28,2020 17:21

«Երեկ ոստիկանություն տարված Միքայել Մարգարյանը բողոքում էր կառավարության առաջ, որ իրեն ստիպում են կոմունալները վճարել: Մարգարյանն այն վառ ապացույցն է, որ կառավարության աջակցության ծրագրերի քաղաքականությունը ողբալի վիճակում է, որովհետեւ Մարգարյանի ընտանիքը մշակութային միջոցառումների կազմակերպմամբ է զբաղվում, մինչդեռ սահմանափակումները թույլ չեն տալիս քսանից ավելի մարդու կուտակում»,-ԱԺ նիստում այսօր անդրադառնալով քաղաքացի Միքայել Մարգարյանի սոցիալական խնդրին՝ ասաց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը:

Նրա խոսքով՝ Միքայել Մարգարյանը նման իրավիճակում հայտնված միակ քաղաքացին չէ, մինչդեռ կառավարությունը որոշել է, որ նա որեւէ օգնության ծրագրի շահառու չէ:

Անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանի՝ ընդդիմությանն ուղղված այսօրվա կոչին, թե «մի ասեք՝ ժողովուրդը սոված է», Անի Սամսոնյանը հարցադրում արեց. «Դուք ո՞ւմ հետ եք շփվում, գործարարների ու քաղաքական գործիչների՞…իրավիճակն այսպիսին է, բոլոր նման իրավիճակներում ժողովուրդը սոված է, որովհետեւ հիմնականում զրկվել է իր աշխատանքից՝ արտակարգ դրության ուղղակի կամ անուղղակի ազդեցությամբ: Ես ու դուք չենք զրկվել, դրա համար ձեր ձայնը տաք տեղից է գալիս»:

Ապա Սամսոնյանը հիշեցրեց «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանի այսօրվա նկատառումն այն մասին, որ որեւէ մեկը ՀՀ-ում սոված չի մնալու. «Առաջարկում եմ, որ հրապարակեք ձեր հեռախոսահամարը: Մեկ օրում սննդի կարիք ունեցող այնքան քաղաքացի կզանգի ձեզ, որ դուք կզղջաք ձեր ելույթի համար: Ազնիվ չէ, երբ մենք մեր շրջապատով ենք չափում՝ մարդիկ սովա՞ծ են, թե ոչ»:

Հիշեցնենք՝ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդում է, որ կորոնավիրուսի ճգնաժամով պայմանավորված՝ գանձապետական միասնական հաշվին առկա գումարի մի մասը պետք է բաշխվի քաղաքացիներին, կառավարությունն էլ համաձայն չէ: «Իմ քայլի» պատգամավոր Ալեն Սիմոնյանն այսօր Մարուքյանի պնդումը պոպուլիզմ էր որակել:

Սամսոնյանը, դիմելով «Իմ քայլին», այդ դրվագին էլ անդրադարձավ. «Երբ հաջորդ անգամ որեւէ քաղաքացու բերման կենթարկեն ոստիկանություն, իշխանության պատգամավորներ, գնացեք նրա հետեւից եւ բացատրեք ձեր հասցեականության քաղաքականությունը: Չմոռանաք ձեր հետ տանել փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին, ով մարդկանց համար 100 հազար դրամ աջակցությունը պոպուլիզմ է համարում: Թող նա էլ բացատրի: Չնայած, կարող եք չտանել, որովհետեւ նրան անգամ սեփական թիմում լուրջ չեն ընդունում, ուր մնաց մենք եւ ժողովուրդը լուրջ ընդունեն»:

Անի Սամսոնյանի ելույթին արձագանքեց «Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանը. «Դուք որտեղի՞ց գիտեք, թե ում ինչպես են ընդունում եւ ինչ կարծիք ունեն նրա մասին: Նախեւառաջ ձեր մասին կարծիքները լսեք, հետո նոր ձեզ իրավունք վերապահեք խոսել մեկի մասին, որը դահլիճում չի գտնվում: Պահանջում եմ, որ նույնը կրկնեք Ալեն Սիմոնյանի ներկայութամբ՝ նայելով նրա աչքերին եւ ասեք, թե ումից եք լսել նման կարծիքներ»: Դավոյանը եւս «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումները պոպուլիզմ որակեց:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930