«Քիչ առաջ տեսա, որ մեր գործընկեր Միքայել Մանրիկյանը ուղիղ եթերում քննադատությամբ հանդես եկավ Նորքի սրտաբանականի հետ կապված՝ օգտագործելով «քցոցի» արտահայտությունը»,-Երեւանի ավագանու նիստում ելույթի իրավունք խնդրելով, ասաց «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը: Նա օրվա առաջին կեսին նիստից բացակայում էր՝ առողջապահության նախարարությունում աշխատանքի լինելու պատճառով, սակայն նիստի կեսից եկավ, որպեսզի պատասխանի Մանրիկյանի հնչեցրած քննադատությանը:
«Պարոն Մանրիկյան, պետական բյուջեն անձնական գրպան չի, ես կարծում եմ, որ որեւիցե ելույթ ունենալուց առաջ պետք է ծանոթանալ՝ ինչ պայմանագրերով է աշխատում պետությունը բժշկական կազմակերպությունների հետ եւ որից հետո նոր միայն փորձել քննադատել: Նորք- Մարաշի սրտաբանական հիվանդանոցը 2019 թվականից գրեթե 1 միլիարդ դրամով ավելի բյուջե է ստանում ու, եթե պետությունը պատվեր է տալիս բժշկական կազմակերպությանը, որ կոնկրետ ծավալի շրջանակում կատարվի աշխատանք, արվում է այդ ծավալի, այստեղ որեւէ «քցոցիի» խնդիր չկա: Պայմանագրից դուրս կատարվել է աշխատանք, որը մնում է առողջապահության նախարարության ֆինանսական կարողության վրա, ունի՞ հնարավորություն, փոխանցվում է, չէ՝ խնդիրն այլ կերպ է լուծվում»,-պարզաբանեց Աշոտ Սարգսյանը:
Նրան արձագանքեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը. «Պարոն Սարգսյան ես կխնդրեմ՝ որպես ավագանու անդամ լինեք մեր ավագանու նիստերին եւ այդ պահին օրակարգային այդ հարցի շուրջ ձեր կարծիքն արտահայտեք»:
Միքայել Մանրիկյանն էլ ասաց. «Ինձ համար սպասելի էր, որ առողջապահության նախարարության համար այս հարցը ցավոտ կլինի, բայց որ այն կարգի ցավոտ, որ նախարարությունը րոպեների ընթացքում դեսանտ կիջեցնի իմ գործընկերոջ՝ պարոն Սարգսյանի գլխավորությամբ, անսպասելի էր: Կասեմ հետեւյալը՝ կա կատարված աշխատանք, կա չվճարված 170 միլիոն դրամի պետպատվեր, եւ ինչ-որ մեկը պետք է սրա համար պատասխանատվություն կրի՝ անկախ նրանից՝ մեղավորը առողջապահության նախարարությո՞ւնն է, թե՞ քաղաքապետարանը: Ուրեմն եկեք պարզաբանենք ո՛վ է մեղավորը եւ նրան բերենք պատասխանատվության, որովհետեւ մարդիկ կատարել են աշխատանք, որի դիմաց չեն ստացել վարձավճար»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ այսօր, երբ Երեւանի ավագանու նիստում քննարկվում էր «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի լուծարման հարցը, Միքայել Մանրիկյանը հայտարարեց, որ քաղաքային ենթակայության տակ գտնվող Նորք-Մարաշը կատարել է 170 միլիոն դրամի պետպատվեր, բայց առողջապահության նախարարությունը «քցոցիով» այդ 170 միլիոն դրամը չի փոխանցել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ