Լրահոս
Օրվա լրահոսը

Կանաչապատման 11 ընկերություններ լուծարվեցին. նոր ՀՈԱԿ-ը բակերն էլ կկանաչապատի

Ապրիլ 28,2020 16:19

Երեւան քաղաքի ավագանին այսօր որոշեց լուծարել Երեւանի ենթակայության տակ գտնվող կանաչապատում իրականացնող 11 կազմակերպություններ: Քաղաքապետարանի աշխատակազմի Բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Նավասարդյանն այսօր Երեւանի ավագանու նիստում ասաց, որ այս ընկերությունները կանաչապատում են իրականացրել մինչեւ 2020 թվականը եւ, որոնց միակ բաժնետերը եղել է Երեւան համայնքը: Սակայն 2019 թվականի դեկտեմբերին ստեղծվել է «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, որը կենտրոնացնում եւ տնօրինում է Երեւան քաղաքի կանաչապատման համար քաղաքապետարանի կողմից տրամադրվող գումարները, իրականացնում է կանաչապատման աշխատանքները:

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լեւոն Զաքարյանը Գեւորգ Նավասարդյանին հարց ուղղեց՝ նորաստեղծ հիմնարկը, որը կանաչապատում է անում միայն փողոցներում ու բանուկ մասերում, հնարավո՞ր է բակային տարածքներում էլ էտ եւ կանաչապատում անի, թե՞ մեկ այլ ծրագիր կա, որի մասին չգիտեն:

Ի պատասխան փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, որը ավագանու նիստի կեսից վարողի իրավունքով փոխարինեց քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ասաց. «Երբ ստեղծվում էր կանաչապատման ՀՈԱԿ-ը եւ հաշվարկվում էր, թե որքան ֆինանսական միջոցներ է հարկավոր, այդ ժամանակ բակային տարածքների սպասարկումը, որպես այդպիսին, ներառված չի եղել: Բայց քանի որ մեր ՀՈԱԿ-ի աշխատակիցների քանակը եւ ռեսուրսներն ավելի շատ են, կարծում եմ, հնարավորություն ունենք նաեւ բակային տարածքները սպասարկելու»:

Փոխքաղաքապետի խոսքով, այդ փորձը կորոնավիրուսի այս շրջանում չեն կարողացել իրականացնել, քանի որ ՀՈԱԿ-ի աշխատակիցները 60 եւ ավելի տարեկան են. «Մոտ 400 աշխատակիցներից աշխատում էին 120-ը, այդ իսկ պատճառով հնարավորություն չունեցանք բակային տարածքներում աշխատանքներ իրականացնել: Բայց խնդիր է դրված, որ կանաչապատման ՀՈԱԿ-ը սպասարկում իրականացնի նաեւ բակերում»:

Հրաչյա Սարգսյանն ասաց, որ այս պահի դրությամբ չի կարող ֆինանսական գնահատական տալ, թե բոլոր բակերում կանաչապատման աշխատանքներ իրականացնելն ինչ գումարներ կկազմի:

«Իմ քայլի» ավագանու անդամը հետաքրքրվեց՝ լուծարված կազմակերպությունների աշխատակիցները նոր ՀՈԱԿ-ում գտա՞ն աշխատանք, թե՞ մարդիկ եղան, որ դուրս մնացին: Ի պատասխան, փոխքաղաքապետն ասաց, որ այս պահին այդ 11 ՀՈԱԿ-ներում կան մեկական աշխատակից, որոնք չեն տեղափոխվել, իսկ մնացածն աշխատանք են գտել նոր ՀՈԱԿ-ում:

Հրաչյա Սարգսյանը հայտնեց, որ մեծ քանակությամբ բանվոր-աշխատակիցների ազատ աշխատատեղ ունեն եւ չեն կարողանում համալրել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930