«Այո, պոպուլիզմ է, որովհետեւ այն, ինչ առաջարկվում է եւ այն, ինչի մասին մեր գործընկերներն են խոսում, իրականում տեղի է ունենում»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր անդրադառնալով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկին՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք՝ Մարուքյանը պնդում է, որ կորոնավիրուսի ճգնաժամով պայմանավորված՝ գանձապետական միասնական հաշվին առկա գումարի մի մասը պետք է բաշխվի քաղաքացիներին, կառավարությունն էլ համաձայն չէ:
«Եթե փող բաժանելու մասին է խոսքը, կառավարությունն այդ փողն այսպես թե այնպես բաժանում է, եւ այդ բաժանելու մեջ տրամաբանություն կա: Այդ սկզբունքով այսօր կառավարության աջակցության 14 ծրագիր կա: Այո, ոչ բոլորին են դրանք հասանելի, բայց 48 միլիարդ դրամի օգնությունն այսօր բաժանվում է ու վերաբերում է մի քանի հարյուր հազար մարդու»,-հավելեց Ալեն Սիմոնյանը:
Նա նշեց. «Պոպուլիզմ է նաեւ, երբ քաղաքական կուսակցությունը նախապես իմանում է, թե կառավարությունն ինչ է անում ու ասում է՝ «պետք է սենց անել, տեսա՞ք՝ ես ասեցի-արեցի»…Կլասիկ քաղաքական գործչի համար լուրջ չի սա: Պոպուլիզմ է նաեւ, որովհետեւ նման կուսակցություն կար այս դահլիճում, կոչվում էր ՕԵԿ, որը երկու անգամ ընտրվեց՝ ասելով «ավանդներ, ավանդներ»…ավանդներն այդպես էլ չտրվեցին, բայց սա է պոպուլիզմը: «Իմ քայլը» եւ կառավարությունը լինելու են ազնիվ եւ եղել են ազնիվ: Հասկանում ենք, որ ճգնաժամ է, եւ միասին կհաղթահարենք այն»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ