Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է դիմադրություն ցուցաբերել առողջապահության նախարարի փոքրիկ կապրիզներին». ԲՀԿ-ի ավագանին՝ տուբդիսպանսերը լուծարելու մասին

Ապրիլ 28,2020 15:10
dispanser

Տուբդիսպանսերում աշխատել է 19 բժիշկ, որից 11-ն արդեն աշխատանքի են տեղավորվել տարբեր բուժհաստատություններում: Միջին բուժանձնակազմից 7-ն էլ արդեն աշխատանք ունեն, 12-ը՝ դեռ աշխատում են: Մնացածին էլ վարչությունը օգնում է, որ աշխատանք գտնեն: Բնականաբար բոլորին չենք կարող օգնել»,-այսօր ի պատասխան Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանի հարցի՝ ի՞նչ է լինելու լուծարվող տուբդիսպանսերի աշխատակիցների ճակատագիրը, ասաց Երեւանի քաղաքապետարանի Առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:

Այսօր Երեւանի ավագանու նիստի օրակարգում ընդգրկված էր «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ընկերության լուծարման հարցը:

Բաբինյանն ասաց, որ տուբդիսպանսերում մատուցվել են հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ծառայություններ, իսկ ընկերության ֆինանսավորման միակ աղբյուրը եղել է պետբյուջեից: Նրա խոսքով, երբ ընկերությունը հերթական անգամ դիմել է պետական պատվեր ստանալու, առողջապահության նախարարը հայտը մերժել է՝ հիմնավորմամբ, որ առողջապահության նախարարությունը Երեւան քաղաքում արտահիվանդանոցային տուբերկուլյոզային բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու համար արդեն իսկ 9 պոլիկլինիկաների հատկացրել է լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների եւ նեղ մասնագիտական խորհրդատվության համար նախատեսված ֆինանսական միջոցներ:

ԲՀԿ խմբակցության ավագանու անդամ Միքայել Մանրիկյանը հետաքրքրվեց՝ հիմնարկը լուծարելուց հետո շենքի ճակատագիրն ի՞նչ է լինելու:

Ի պատասխան, Բաբինյանն ասաց՝ շենքը գտնվում է բավականին լավ վիճակում. «Ինձ թվում է կլինեն լավ բիզնես առաջարկներ: Առաջարկներ լինելու դեպքում կքննարկենք եւ որեւիցե գործունեություն, բնականաբար, կծավալվի այդ շենքում»:

Մանրիկյանն արձագանքեց՝ «Փաստորեն, ստացվում է, որ հերթական բուժհիմնարկն ենք լուծարում, մասնավորին կառավարման ենք հանձնում, լավ, սենց քայլելով մինչեւ ո՞ւր պիտի գնանք: Ընկերությունը դիմել է, որ պետպատվեր տրամադրի, նախարարությունը չի տրամադրել, փաստորեն, ստացվում է, որ հիմնարկը լուծարվում է նախարարության քմահաճույքի արդյունքում»:

Ըստ Մանրիկյանի, այն դեպքում, երբ, որ քաղաքային ենթակայության տակ գտնվող Նորք-Մարաշը կատարել է 170 միլիոն դրամի պետպատվեր, բայց նախարարությունը «քցոցիով» այդ 170 միլիոն դրամը չի փոխանցել: Ապա ԲՀԿ խմբակցության ավագանու անդամը դիմեց մյուս խմբակցությունների իր գործընկերներին, որպեսզի ավագանիով այս հարցին լուրջ մոտեցում ցուցաբերեն. «Այն 170 միլիոն դրամը, որը կատարել է Նորք-Մարաշ բուժհաստատությունը, այդ գումարը նախարարությունից վերադարձնենք մեր բյուջե»:

Քաղաքապետ Հայկ Մարությանը ճշտեց՝ պետբյուջե՞, ի պատասխան Մանրիկյանն ասաց, համայնքային բյուջե: Քաղաքապետն էլ արձագանքեց՝ հա մեր բյուջե, թե չէ, պետբյուջեում էր էլի. «Մեր բյուջե համաձայն եմ, էն մեկին դեմ էի»:

Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը հետաքրքրվեց՝ «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ում կա՞ն ստացիոնար հիվանդներ եւ ի՞նչ է լինելու նրանց հարցը: Բաբինյանն ասաց, որ այն հիվանդները, որոնք բուժվում էին ամբուլատոր պայմաններում, նրանք կա՛մ տուբդիսպանսերից կա՛մ պոլիկլինիկաներից իրենց դեղորայքը ստանում էին, որի համար 200 դրամ էր նրանց հատկացվում. «Բայց, երբ լուծարվեց տուբդիսպանսերը, այն հիվանդները, որոնք ունեն ստացիոնար բուժման կարիք, գնալու են Աբովյանում բուժվեն, իսկ այն հիվանդները, որոնք դեղեր էին ստանում, իրենց տարածքի պոլիկլինիկաներից են դրանք ստանալու՝ 200 դրամն էլ՝ նույնպես, որ գնան դեղերը ստանան»:

Հռիփսիմե Առաքելյանը դիմելով Մարությանին ասաց, որ պետք է դիմադրություն ցուցաբերել առողջապահության նախարարի «փոքրիկ կապրիզներին». «Մինչեւ կորոնավիրուսի ի հայտ գալը, մենք հիշում ենք, որ ՁԻԱՀ-ի կենտրոնը միացնում էին Նորքի ինֆեկցիոնին եւ շատ քիչ ժամանակ անց մենք տեսանք, թե ինֆեկցիոնը որքան կարեւոր է մեզ համար»:

Հայկ Մարությանն ասաց, որ սա այն դեպքերից է, որ արված աշխատանքը չի գովազդվում. «Իսկ ո՞վ ասաց, որ շատ մեծ աշխատանք չի տարվել, մեր բուժվարչությունով շատ հետաքրքիր եւ բավականին ծավալուն, փուլային ծրագիր չէր ներկայացվել կառավարությանը: Ո՞վ ասաց, որ այդ ծրագիրը չէր քննարկվել: Ո՞վ ասաց, որ պայքար չէր գնացել՞ Բայց գոյություն ունեն լիազորություններ եւ այդ լիազորություններից քաղաքային իշխանությունները չեն կարող դուրս գալ, այդ լիազորությունների սահմաններում մենք անում ենք ամեն ինչ, բայց ծեծկռտուքով հարցեր չենք կարող լուծել, կարողանում ենք լուծել միայն օրենքի սահմաններում: Եվ այդ օրենքի սահմաններում արել ենք հնարավորն ու անհնարը: Հիմա այդպես է ստացվել, որ այն տարբերակը, որն առաջարկում էինք՝ չի անցել: Հիմա մենք պետք է գործենք եղած իրավիճակից ելնելով եւ անենք առավելագույնը թե՛ այդ մարդկանց աշխատանքի տեղավորելու հարցով, թե այդ կաբինետները ավելի լավ համալրելով»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930