Aravot.am-ը ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանից հետաքրքրվեց, թե ինչու է մտահոգվել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտնած տեղեկությունից, որ ուսումնական հաստատություններում այս տարի քննություններ տեղի չեն ունենա, իսկ դիմորդները կհանձնեն ընդամենը մեկ քննություն, ինչ հարցեր է այն առաջացրել:
Տիկին Բախշյանը նշեց, որ նախարարի ասածը սղագրված եւ դրված է կայքում. «Այնտեղ հստակ գրված էր, որ երկրորդ կիսամյակի գնահատականները պետք է ամփոփվեն մինչեւ մարտի 13-ը մատյաններում եղած եւ դրանից հետո էլեկտրոնային մատյանների գնահատականների հիման վրա: Դրանից ժամեր անց Լիլիթ Ստեփանյան անունով օգտատերը գրում է՝ կներեք, վրիպել եմ եւ պետք է գրեինք, որ երկրորդ կիսամյակն ամփոփվում է միայն մատյանների գնահատականների հիման վրա: Վրիպելու մասին չէ խոսքը: Երեւի տեսել են ուսուցիչների գրառումները ու հասկացել են, որ ինչ-որ բան այն չէ, հիմա էլ հանում են էլեկտրոնային մատյանների գնահատականները եւ հիմնավորում են, որ արդար չէ, որովհետեւ երեխաներ կան, որ չեն կարողացել հեռավար կրթությանը մասնակցել:
Իմ կարծիքով, դպրոցում աշխատած որեւէ ուսուցիչ, տնօրեն չի մասնակցել նախարարի հրապարակած որոշմանը, որովհետեւ այդ որոշման հետ կապված պրակտիկ տնօրենն ու մանկավարժն այնքան հարցեր են տեսնում, ինչը երեւում է մանկավարժների գրառումներից, նաեւ իմ ֆեյսբուքյան գրառման տակ արված մեկնաբանություններից: Նրանց հարցերի պատասխանը չկա պարզապես, հետեւաբար այս որոշումը չի բխում դպրոցի, աշակերտի եւ կրթության շահերից: Չի բխում հատկապես այն կետը, որտեղ ասվում է, թե մայիսի 25-ին պետք է հանձնվեն ավարտական վկայականները»:
Կրթության ոլորտի «հնաբնակը» հավելում է. «Վկայական գրելու գործընթացն այնքան երկար է, որ եթե այսօրվանից էլ սկսեն, դժվար թե վկայականը մայիսի 25-ին երեխայի ձեռքին հայտնվի: Ուզում եմ, որ նախարարը հիմնավորի, թե այդ ինչ կարեւոր բան էր նշելը, որ մայիսի 25-ին ատեստատները պետք է հանձնվեն: Էլ չեմ խոսում ընդունելության քննություններին մեկ առարկա հանձնելու որոշման մասին: Պետք է հիմնավորվի ամեն բան»:
Կարդացեք նաև
Անահիտ Բախշյանը կարծում է, որ ընդունելության քննությունը չի կարող լինել մեկ առարկայից, դա չի բխում ոչ մեկի, առաջինը՝ ապագայի շահերից. «Ճիշտ չի լինի, որ օրինակ՝ բժշկական ինստիտուտի համար դիմորդը միայն հայոց լեզու, միայն քիմիա կամ միայն կենսաբանություն հանձնի: Պետք է լինի հարցաշար, որն ունենա համամասնորեն տվյալ բուհին, ֆակուլտետին համապատասխան անհրաժեշտ գիտելիքները ստուգող հարցեր պարունակի: Իհարկե, սա դժվար է իրականացնելը, բայց հնարավոր է…Եվ ընդհանրապես ընդունելության քննությունները պետք է բուհերն իրականացնեն եւ պատասխանատվություն կրեն իրենց ապագա մասնագետի որակի համար»:
Տիկին Բախշյանը կարծում է, որ միայն մեկ քննությամբ բուհ ընդունելը նշանակում է բուհում կրթության եւ ապագա մասնագետի, որոշներում առանց այդ էլ շատ ցածր մակարդակը եւ որակը գցել, մինչդեռ կորոնավիրուսից հետո էլ մեզ պետք են որակյալ մասնագետներ։
Հարցրինք՝ իր գրառումից հետո ԿԳՄՍ նախարարությունից չե՞ն կապվել իր հետ, չե՞ն արձագանքել գրառմանը, որի տակ բազմաթիվ մանկավարժներ եւս մտահոգություններ էին հայտնել, մեր զրուցակիցը բացասական պատասխան տվեց:
Անահիտ Բախշյանն ասում է, որ աշխարհում կան համակարգեր, որոնց միջոցով հնարավոր է կանխեն երեխաների արտագրությունները քննությունների ժամանակ. «Այդ համակարգը նախարարությունը կարող է ձեռք բերել, որը յուրաքանչյուր աշակերտի համար կարժենա 5-7 դոլար: Գոնե տասներկուերորդ դասարանի ավարտական քննությունները անցկացվեին եւ դրանց արդյունքներով մարդիկ գնային բուհ: Ես գիտեմ, որ Հայաստանում կա նման կազմակերպություն, որը զբաղվում է այդ համակարգերով»:
Տիկին Բախշյանի ձեւակերպմամբ, դպրոցի ավարտական վկայականում դրված գնահատականը զուտ թիվ չէ, այդ գնահատականով է չափվում երեխայի գիտելիքը. «Չափման ուրիշ միավոր չկա: Ասում են՝ գնահատականները հանենք: Ներողություն, ինչ-որ տարիքում կարող ենք գնահատականը հանել, գլուխը շոյել ու առաջ անցնել, բայց դպրոցն ավարտելիս չգնահատել չենք կարող: Իմ նշած գնահատման համակարգի օբյեկտիվության մասին պետք է այսօրվանից մտածել, իրավիճակը ուղղակի ստիպում է, որ մտածենք օբյեկտիվ գնահատական նշանակելու մասին՝ մարդկային գործոնը հնարավորինս բացառելով»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ