«Կառավարությունն ասում է՝ փող չկա, իսկ եթե կա, դա ուրիշ բանի համար է…Վերջին երկու տարում ՀՀ քաղաքացիների բախտը բերել է, եւ կան խնայողություններ, որոնց հաշիվը մոտ 385 միլիարդ դրամ է, պարոն Ջանջուղազյան: Դուք ճիշտ եք ասում, որ այդ փողն ազատ փող չի: Մոտ 150 միլիարդ դրամն, այո, ազատ փող չի, բայց մոտ 200 միլիարդ դրամը խնայողությունների փող է, որը կառավարությունը կարող է ծախսել մեր ժողովրդին աջակցելու համար՝ այդպես գումարը ներարկելով տնտեսության մեջ»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր դիմելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ ասաց ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք՝ նա առաջարկում էր, որ կառավարությունը նշյալ գումարները ծախսի հանրությանն աջակցելու համար, նախարարն էլ այսօր ասաց, որ այդ 300 միլիարդ դրամը գանձապետական միասնական հաշիվն է, որը ծախսել չեն կարող:
Մարուքյանի խոսքով. «Ժողովրդի ձեռքին փող չկա, գազն ու լույսն անջատել են, ով էլ փող է ունեցել, գազ ու լույս է վճարել, սոված նստել: Նրանց տվեք 100 000 դրամ, որը կազմում է 50 միլիարդ դրամ: Թոշակառուներին էլ մի ամսվա հավելյալ թոշակ տվեք: Այս երկու առաջարկը չի գերազանցում 100 միլիարդ դրամը, իսկ կառավարությունն ասում է, թե սա պոպուլիզմ է… պոպուլիզմ կլիներ, եթե քաղաքացիները կարիք չունենային, իսկ մենք ասեինք՝ «տվեք»…պոպուլիզմ կլիներ, եթե այդ գումարը գոյություն չունենար: Մարդիկ սննդի վերջին գումարը տվել են հոսանքին, որ երեխան կարողանա դաս սովորել»:
Էդմոն Մարուքյանի բնորոշմամբ՝ աշխարհի շատ երկրներ կորոնավիրուսի ճգնաժամի իրավիճակում իրենց քաղաքացիներին անվերադարձ փող են տվել, որպեսզի կարողանան ապրել:
Կարդացեք նաև
Պատգամավորը նաեւ շեշտեց, որ կառավարության աջակցության ծրագրերի չափորոշիչները նման են դեզի մեջ ասել փնտրելուն, ինչի պատճառով հազարավոր քաղաքացիներ դուրս են մնացել աջակցության ծրագրերից. «Մի քանի ընտանիք էլ թող ստանա այդ հարյուր հազար դրամը՝ առանց դրա կարիքն ունենալու, չէ՞ որ նրանք էլ են մեր քաղաքացիները, ի՞նչ կլինի որ: Եթե խնայողությունը պահեք ու ծախսեք այն ժամանակ, երբ մարդիկ սովի մատնվեն, ուշ է լինելու: Փողը կա, դա քաղաքացիների փողն է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ