«Գալիս է մի պահ, երբ հասկանում ենք, որ ընտրությունը ոչ թե նրա մեջ է, որ հազար կամ հինգ հազար քաղաքացու հոսանք անջատենք, թե ոչ, այլ ընտրությունը նրա մեջ է, որ երկրում հոսանք ընդհանրապես լինելո՞ւ է, թե՞ չի լինելու»,- ֆեյսբուքի իր էջում այսօր ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին օրերին մեծ աղմուկ հանած խնդրին՝ սպառած էլեկտրաէներգիայի եւ գազի վճարումներին:
Այս երկու օպերատորները ապրիլին հայտարարեցին՝ վճարումները կատարելու համար բաժանորդներին երեք օր ժամկետ են տալիս, հակառակ դեպքում մատակարարումները կանջատեն. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է կայացրել՝ ապրիլի 22-ից ՀՀ-ում ֆորս մաժորային իրավիճակը համարվում է դադարեցված, ուստի չվճարելու դեպքում կանջատվեն մատակարարումները: Սրան հաջորդեցին բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունները, որ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումները դադարեցվել են:
Վարչապետն այսօր իր հերթական եթերում հիշեցրեց՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով արտակարգ դրության օրերին կոմունալների վարձերը չվճարելու դեպքում անջատումներ չեն լինելու: Բայց երբ սա հայտարարել են, ինչպես ասաց Փաշինյանը, հույս ունեին, որ ապրիլի 16-ին արտակարգ դրությունը կդադարեցվեր: Եվ արդյունքում, ըստ վարչապետի, ոչ միայն սկսեցին չվճարել նրանք, որոնք չունեն հնարավորություն վճարելու, այլեւ նրանք, ովքեր ունեն հնարավորություն. «Մենք տեսանք, որ հարուստ մարդիկ սկսել են չվճարել»:
Ի վերջո, ինչպես վստահեցրեց վարչապետը, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կառավարության առաջ հարց էր դրել՝ եթե մենք այսպես գնանք, սա նշանակում է՝ մեր ընտրությունը ոչ թե լինելու է առանձին մարդկանց հոսանքը կամ գազն անջատելը, այլ մեր ընտրությունը լինելու հետեւյալը՝ երկրում հոսանք կա՞, թե՞ չկա, գազ կա՞, թե՞ չկա. «Հետեւաբար այս պայմաններում մենք համաձայնություն տվեցինք հանձնաժողովին, որ մատակարարող ընկերությունները որոշակիորեն կոշտացնեն իրենց դիրքորոշումը: Եվ երբ կոշտացրեցին, խոշոր սպառողները, որ չէին վճարում՝ օգտվելով այդ առիթից, ինչ տեղի ունեցավ՝ մի քանի օրվա ընթացքում մոտ 7 մլրդ դրամի վճարումներ եղան համակարգում: Այսինքն՝ առնվազն բազմաթիվ մարդիկ, չեմ ասում բոլոր վճարողներն այդ կատեգորիայի մարդիկ են, բայց առնվազն բազմաթիվ մարդիկ, որ կարող էին վճարել, մտածում էին՝ չեն անջատելու, դե չվճարենք. հազարավոր մարդիկ, որոնք անապահով խմբերին չեն պատկանում: Մենք համակարգը փրկեցինք կոլապսից, եւ այս կոլապսի մեջ մենք մասնակցություն ունեցել ենք, տրվել էինք որոշակի էմոցիոնալ ինչ-որ բանի, ընդ որում հանձնաժողովը, բայց կառավարությունն էլ քաջալերել էր, ու այսպիսի իրավիճակ է ստացվել»:
Կարդացեք նաև
Փաշինյանը ներկայացրեց թվեր, թե քանի բաժանորդ է տուժել, ըստ այդմ, ՀՀ -ում կա 775 հազար էլեկտրաէներգիայի սպառման բաժանորդ, գազի՝ 623 հազար, այս պահին անջատվել է 4300 բաժանորդի հոսանքը, գազի՝ 736 բաժանորդների մատակարարումը:
«Անջատված հոսանքի բոլոր սպառողների պարտքը կազմում է 30 հազարից ավելի, գազն էլ՝ 80 հազար դրամ եւ ավելի: Ես կարծում եմ, որ այս պարագան շատ բանի մասին է խոսում, մեր հայտարարության արդյունքում եղել է սպեկուլյատիվ գործելաոճ:
Ես կարծում եմ, այն մարդիկ, որոնք հնարավորություն ունեն վճարելու եւ չեն վճարում, այո, նրանց հոսանքը պետք է անջատվի, որովհետեւ այդ մարդիկ սոցիալապես անապահովների շվաքի տակ փողը գրպաններում են պահում, որ մի քիչ ավելի տաք լինի, կամ բիզնես ունեն, տանում են բիզնեսի մեջ են դնում»,-ասաց վարչապետը:
Նրա ներկայացմամբ՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած ճգնաժամը հնարավոր է մեկ տարի տեւի. «Եվ եթե մենք ասենք, որ ճգնաժամի օրերին մարդիկ կարող են չվճարել, կարող ենք ասել՝ երկրում հոսանք չի լինելու»:
Ապա վարչապետը վստահեցրեց՝ հակաճգնաժամային 11-րդ եւ 12 –րդ ծրագրերի շահառուներից որեւէ մեկի հոսանքը չի անջատվել, խոսքը 300 հազար բաժանորդների մասին է: Բայց, ինչպես վստահեցրեց վարչապետը, խնդիր կա լիարժեք տեղորոշել իրական կարիք ունեցողներին. «Եվ այս 4300 մարդը, ում հոսանքն անջատել են, ենթադրում ենք, որ նրանց առնվազն մի մասն, իրոք, կարիքավոր է, եւ մենք պետք է գտնենք նրանց ու լուծենք խնդիրը: Բայց նրանք, ովքեր գուցե կարիքավոր են, բայց ունեն հնարավորություն հոսանքի գումարը վճարելու, նրանք կվճարեն եւ իրենց հոսանքը չի անջատվի: Այս փուլում ինչ տեղի է ունեցել՝ մենք վերահաս ճգնաժամից խուսափել ենք, որովհետեւ էներգետիկ ցանցերը փակել են իրենց մատակարարների վճարվելիք պարտքերը»:
Փաշինյանի կարծիքով՝ կառավարության աջակցության ծրագրերից փորձում են օգտվել նրանք, ովքեր դրա կարիքը չունեն. «Ինչո՞ւ պետք է մարդը 1 միլիոն պարտք ունենա, ու ասի՝ դե լավ, տանեմ էս 1 միլիոնը իմ բիզնեսի մեջ դնեմ, ու երկիրը թող էներգետիկ կոլապսի մեջ ընկնի»:
Նա նորից կրկնեց՝ երբ այդ հայտարարությունն արել էին, չգիտեին, որ երկարացնելու են արտակարգ դրության ռեժիմը. «Հիմա էլ չգիտենք, ասում եմ՝ բոլորդ պատրաստվեք, որ մինչեւ հաջորդ մարտը ճգնաժամը… կորոնավիրուսը լինելու է…Ասում են՝ եկեք պետական գանձարանի փողերը հանենք, բաժանենք ժողովրդին: Հա, հանենք, բաժանենք, դրանով լուծվելո՞ւ է հարցը, ո՞վ գիտի՝ դրանից հետո ինչ է լինելու: Իսկ երբ որ գանձարանում էլ փող չլինի, մենք գիտե՞նք էդ ժամանակ ինչքա՞ն փողի կարիք ենք ունենալու, մենք գիտե՞նք կենսական կարիքներն ու անհրաժեշտությունը որոնք են լինելու: Իմ առաջին գործը՝ օպերատիվ մարտահրավերներին արձագանքելն է: Ես հասկանում եմ՝ մենք բոլորս տուժելու ենք, մեկի հեղինակությունն է տուժելու, մյուսի՝ տնտեսությունը, էն մյուսի՝ սոցիալական վիճակը»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ