ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսում հիշեցրեց բոլոր այն փոփոխությունները, որոնց մասին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն արդեն հայտնել էր ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ:
Նախարարի տեղակալը կրկին նշեց, որ ի թիվս այլնի՝ մեդալի քննություններ եւս չեն լինի, իսկ Վերջին զանգի արարողություն կկայանա համավարակի ավարտից հետո որեւէ հարմար օր: Ինչ վերաբերվում է բուհերի ընդունելության քննություններին, ասաց, որ դրանց հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն կտրվի ապրիլի 30-ին, կհրապարակվի ըստ մասնագիտությունների քննությունների ցանկը, ողջ տեղեկատվությունն էլ հասանելի կլինի heravar.armedu.am կայքում:
Aravot.am-ի հարցին, որ նախարարի վերջին ուղիղ եթերը մի շարք հարցեր է առաջացրել, կոնկրետ դպրոցների վերաբերյալ որոշում կայացնելիս՝ նախարարությունն արդյոք լսե՞լ է ուսուցիչների ու տնօրենների կարծիքները, թե՞ դա եղել է այսպես կոչված՝ աշխատասենյակում կայացրած որոշում, նախարարի տեղակալը պատասխանեց. «Բոլոր խնդիրները երկար ժամանակ քննարկվել են նախարարությունում, եւ տեղի է ունեցել ոչ մեկ քննարկում: Հնարավորինս հաշվի են առնվել բոլոր հանգամանքները, բոլոր կողմերի դեպքում առաջացող խնդիրները:
Եվ հիմքը սովորողների շահից ելնելով եւ բոլոր սովորողների հավասար իրավունքների պահպանման սկզբունքից ելնելով՝ որոշումների կայացումն է: Միաժամանակ շատ հստակ պատկերացրել ենք, որ ստեղծված իրավիճակում չենք ունենալու իդեալական լուծումներ: Եվ ցանկացած լուծման պարագայում առաջանալու են խնդիրներ, այստեղ հնարավոր լուծման ընտրությունը կախված է նաեւ նրանից, թե ինչպիսի խնդիրներ է դա առաջացնում: Արդյոք այդ խնդիրները կառավարելի՞ են եւ կարո՞ղ են կարգավորվել հաջորդ ուսումնական տարվա ընթացքում»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է մինչեւ մարտի 13-ն ունեցած գնահատականներին, որոնք էլ հաշվի են առնվելու աշակերտի կիսամյակային գնահատականներն ամփոփելիս, այս մասին էլ նախարարի տեղակալը նշեց. «Մինչեւ մարտի 13-ը գնահատականների հաշվի առնումը ելնում է այն հանգամանքից որ մենք պետք է կարողանանք ունենալ հավասար իրավիճակ՝ մեր երկրի բոլոր սովորողների տեսանկյունից, եւ առկա ուսուցումը մեզ համար հենց այդ իրավիճակն է. բոլոր երեխաները այս կամ այն կերպ ունեցել են հնարավորություն դպրոց հաճախելու, չհաշված անհատական իրավիճակները: Հետեւաբար մենք տարեկան ամփոփումը անելիս պետք է հենվենք այս իրավիճակի վերջնաժամկետի վրա, որը մարտի 13-ն է»:
Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այս իրավիճակը հնարավորություն է, որպեսզի վերանայվեն մոտեցումները կրթության գործընթացի վերաբերյալ. «Մենք տեսանք, թե ինչպես կարելի է դասեր անել հեռուստատեսության միջոցով, ինչպես փորձառու մանկավարժները սկսեցին կիրառել այն տեխնոլոգիաները, որոնց մասին գուցե անցյալ կիսամյակ չէին էլ մտածում, տեսանք, թե ինչպես ծնողները, աշակերտները եւ ուսուցիչները միավորվեցին: Արդյոք այս ամենը միայն գնահատականի՞ համար էր, իհարկե՝ ոչ: Պրոցեսը առաջ էր տանում սովորելու ձգտումը»:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին էլ անդրադարձ եղավ, փոխնախարարն ասաց, որ ինչ-ինչ քայլեր արդեն արվել են, օրինակ տեսադասերն ուղեկցվում են ժեստերի լեզվի ուղեկցությամբ::
Նախարարի տեղակալը պատասխանելով հարցերից մեկին, ձեռնպահ մնաց ներկա վիճակը կիսակրթություն որակելուց, նաեւ ասաց, որ ամենեւին հակված չէ իրականությունը վարդագույն ակնոցով նայել, ապա հավելեց, որ արտակարգ դրությունից առաջ էլ կրթական համակարգում եղել են խնդիրներ, եւ միշտ չէ, որ դպրոցներից, բուհերից ու քոլեջներից դուրս եկած շրջանավարտներն իդեալական են եղել:
Aravot.am-ի հաջորդ հարցին՝ իր կարծիքով արդյոք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին մորթելու կոչ արած մանկավարժը՝ Լիճք գյուղից, իրավունք ունի՞ շարունակելու իր աշխատանքը երեխաների հետ, ԿԳՄՍ նախարարի տեղակալը պատասխանեց. «Բռնության կոչերը համարում եմ անթույլատրելի: Այս միջադեպի առնչությամբ մարզպետարանի հետ ունեցել ենք բազմաթիվ քննարկումներ, նաեւ գիտեմ, որ մարզպետարանն է փորձել որոշակի քայլեր ձեռնարկել: Մենք նախարարության կողմից դիմել ենք իրավապահ մարմիններին, որպեսզի համապատասխան իրավական գնահատական տրվի»:
Ի թիվս այլնի, նշվեց, որ առաջին դասարանցիների գրանցումը կրկին կիրականացվի առցանց, սակայն համապատասխան փոփոխություններ են իրականացրել Հանրակրթության մասին օրենքում, ինչի արդյունքում նույն դպրոցում քույր, եղբայր ունեցողներին, այդ դպրոցում աշխատողների երեխաներին առաջնահերթություն կտրվի:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ