Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են եղել Գյումրու հոգեբուժարանի վրա հայհոյանքներով հարձակվողներն ու թմրանյութ պահանջողները

Ապրիլ 28,2020 13:17

Կիրակի ժամը 18․00 սահմաններում ավազակային հարձակում էր տեղի ունեցել Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի վրա։ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Նադյա Վարդանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ 14 տարի է՝ ղեկավարում է այս հիմնարկը, թեև ռիսկային աշխատանք է, սակայն նման դեպք երբևէ չէր եղել։

4 անձինք, այդ թվում տաքսու վարորդը, ջարդուփշուր անելով հոգեբուժարանի ապակյա դռները, բարձրացել էին երկրորդ հարկ՝ նարկոլոգիական բաժանմունք, այլասերված հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցնելով՝ դեղորայք են պահանջել։

ՀՀ դատախազության հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ փոխանցեցին, որ այս պահին նյութեր են նախապատրաստվում։

Նադյա Վարդանյան

Իսկ Նադյա Վարդանյանը պատմեց, որ բուժանձնակազմը ճանաչել է հարձակվողներից առնվազն երկուսին։ Նրանից մեկը եղել է իրենց հիվանդը, ընդ որում՝ բաժանմունքում իրեն շատ վատ է պահել, թույլ չի տվել, որ որևէ մեկն իր պալատի կողքից անցնի, նույնիսկ մի անգամ հարձակվել է տնօրենի վրա։ Հոգեկան առողջության կենտրոնում հիշում են, որ նա «նստած-ելած էր»։

Մյուսը եղել է նրա եղբայրը, որը գոռացել է․ «Ախպորս դեղ տվեք, հիմի կվառեմ, կտրաքցնեմ էս շենքը»։ Բոլորն էլ, ըստ տնօրենի, երիտասարդներ են՝ մոտ 27-28 տարեկան։

«Նարկոլոգիական բաժանմունքում հիվանդ չկա, կոտրել են դռներ, որոնք իրենց առաջ շարժվելուն ընդհանրապես չէին խանգարում։ Ճանապարհին ինչքան ապակի տեսել՝ կոտրել են, մտել են հիմնարկ, պիտի բարձրանան երկրորդ հարկ, բայց առաջին հարկում դեպի ուրիշ կողմ գնացող դռներ կան, դրանց ապակիներն էլ փշրել են։

Ըստ երևույթին, տաքսու վարորդը ևս իրենց ընկերն է եղել ու գործին մասնակից, երբ եկա, ասացին, որ տաքսու վարորդն էլ իրենց հետ բարձրացել է երկրորդ հարկ։ Սովորաբար տաքսու վարորդները գալիս են, սպասում են։ Բուժքույրն արագ նկարել է մեքենան, պետհամարանիշը, ամենավերջին հայհոյանքներն են հնչեցրել, իսկ մեր պացիենտի եղբայրը գոռացել է․ «Ախպորս դեղ տվեք, հիմի կվառեմ, կտրաքցնեմ էս շենքը»։

Իրենց մտածելակերպով նարկոլոգիական բաժանմունքն ասոցացվում է նարկոտիկ տալու հետ, իրենց ուղեղով երևի այդպես է, ենթադրում եմ, որ իրենք թմրանյութի ազդեցության տակ են եղել։ Միջանցքը, որտեղ ո՛չ բուժաշխատող կա, ո՛չ հիվանդ, իրենք հենց այդտեղ են վնաս հասցրել, այլապես, երբ հասնում են նարկոլոգիական բաժանմունք, այնքան լավ է պաշտպանված, վանդակապատ է, իրենք ոչինչ անել չէին կարող։

Հասել են այնտեղ, բուժքույրերից մեկը ձեռքի հեռախոսով նկարել է, մյուսը զանգահարել է ոստիկանություն հենց իրենց ներկայությամբ, երբ ասել է՝ ոստիկան ուղարկեք, հասել են մեր հիմնարկի վրա, փշրում են, արագ թողել ու փախել են։ Երևի մտածել են, այս խառը վիճակում կվախենան ու կբավարարեն իրենց պահանջը, էլ չեն մտածում, թե այս հիմնարկը նարկոտիկ տալու տեղ չէ»,-պատմեց տնօրենը։

Նադյա Վարդանյանն ասում է, որ 80-100 հազար դրամի վնաս են հասցրել, սովորաբար ավելի հաստ ապակիներ են գցում, որպեսզի հիվանդները դրանց պատահաբար դիպչելիս՝ չկոտրեն։

«Գիտեք, այդքան վնասը չէ ինձ անհանգստացնողը, թեև սուղ պայմաններ են, որքան երևույթը, 13-14 տարի աշխատում եմ, առաջին դեպքն է։ Երբևէ նման բան չի եղել։ Այս պահին տեսախցիկ ունենալ- չունենալն անգամ կարևոր չէր, որովհետև մենք իրենց շատ լավ ճանաչում ենք»,-ասաց Նադյա Վարդանյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930