Կորոնավիրուսոտ աշխարհի տարբեր անկյուններում մահացության դեպքերը վերջին երկու ամսին 5%-90%-ով ավելին են անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. Financial Times-ը համադրել է այս տարվա մարտ-ապրիլ ամիսների եւ նախորդ հինգ տարիների նույն ժամանակահատվածի մահացության ցուցանիշները 14 երկրում ու արձանագրել՝ մահերն ավելացել են 122 հազարով, ոչ թե պաշտոնապես հայտարարված 77 հազարով:
Այս համամասնության վերադրմամբ՝ ֆինանսական վերլուծության ոլորտում առաջատար պարբերականը եզրահանգում է, որ իրականում Covid-19-ով վարակվածների մահերը ողջ աշխարհում ոչ թե 201 հազար են, այլ՝ 318 հազար:
Դիտարկելով 2020-ի մարտ եւ ապրիլ ամիսների ցուցանիշները եւ այս շրջանում արձանագրված մահերը համեմատելով 2015-2019թթ. միեւնույն ժամանակահատվածի մահացության ցուցանիշների հետ՝ հոդվածի հեղինակները հաշվարկում են, որ մահերը դիտարկված երկրներում պատմական միջինի համեմատ 50 տոկոսով ավելի են եղել:
Հետազոտության շրջանակում ներառված են Ավստրալիան, Բելգիան, Դանիան, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Իտալիան, Նիդերլանդները, Պորտուգալիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան: Բոլոր երկրներում, բացառությամբ Դանիայի, մահացության աճի պաշտոնական թիվն էապես մեծ է եղել կորոնավիրուսակիր մահացածների թվից: Խնդիրն այն է, թե որքանով է ճշգրիտ ամեն երկրում հիվանդության բացահայտման թեստավորման կարգը եւ մահացության պաշտոնական վիճակագրությունը: Որոշ երկրներ, ներառյալ Չինաստանը, այժմ հետահայաց վերանայում են գրանցված մահերի պատճառները:
Կարդացեք նաև
Այսպիսով, նախորդ տարիների համեմատ համաճարակի ժամանակ մահացության դեպքերն, ընդհանուր առմամբ, Բելգիայում աճել են 60%-ով, Իսպանիայում`51%-ով, Նիդեռլանդներում`42%-ով, Ֆրանսիայում`34%-ով:
Բնականաբար, այս մահերի մի մասն ունի այլ պատճառներ, քանի որ այս շրջանում մարդիկ խուսափում են հիվանդանոցներից նաեւ այլ հիվանդությունների դեպքում: Բայց մահացությունն առավելապես աճել է այն վայրերում, որտեղ Covid-19-ն առավել տարածված է եղել, եւ կարելի է ենթադրել, որ այդ մահվան դեպքերի մեծ մասն ուղղակիորեն կապված է վիրուսի հետ, այլ ոչ թե պարզապես սահմանափակումների կողմնակի հետեւանքն է:
Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր, ռիսկերի հանրային ընկալման մասնագետ Դեյվիդ Սփիգելհալթերն ասել է, որ, օրինակ, Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի հետեւանքով մահերի ամենօրյա ցուցանիշները «չափազանց ցածր էին», քանի որ դրանք ներառում էին միայն հիվանդանոցներում արձանագրված մահերը:
«Անաչառ համեմատություն կարող եք ունենալ միայն այն ժամանակ, երբ դիտարկենք բոլոր մահերի պատճառները… Մահվան աճի հետ կապված այնքան հարցեր կան. Covid-19 ախտորոշում չունեցողների մահվան վկայականները հուշում են, որ այդ մարդկանց մահը միանշանակ կապված է եղել այս համավարակի հետ»:
Մահվան առավել մեծ աճ է գրանցվել քաղաքային տարածաշրջաններում, որտեղ եղել է վարակի բռնկում: Սա հատկապես մտահոգիչ է զարգացող շատ տնտեսությունների դեպքում, որտեղ մահացության իրական աճը կարող է տասն անգամ գերազանցել պաշտոնական տվյալներին:
Միացյալ Թագավորությունում, ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում գրանցված մահերի թիվն ամենաբարձրն էր այս հարյուրամյակում: Անցյալ հինգ տարիների ցուցանիշից այն բարձր է 76 տոկոսով, եւ 58 տոկոսով բարձր՝ նույն ժամանակահատվածում կորոնավիրուսով պայմանավորված մահերի պաշտոնական ցուցանիշից:
«Եթե մենք ուզում ենք… [հասկանալ], թե տարբեր երկրներ ինչպես են արձագանքել ծավալվող համավարակին, եւ ինչպես է այն ազդել բնակչության առողջության վրա, ապա պիտի հաշվենք մահերի աճը»,- ասել է Լոնդոնի Հիգիենայի եւ Արեւադարձային բժշկության դպրոցի համաճարակաբանության պրոֆեսոր Դեւիդ Լեոնը:
Փորձագետները նախազգուշացրել են, որ այս վարակի համար խոցելի խումբ համարվող տարեցներից շատերը կարող են կնքել իրենց մահկանացուն բնակարաններում: «Շատ քիչ երկրներ են, ըստ երեւույթին, համակարգված եւ պարբերաբար թեստավորում մարդկանց խնամքի տներում, աշխատավայրերում եւ բնակարաններում»,- ասել է Լոնդոնի Տնտեսագիտական դպրոցի Խնամքի քաղաքականության կենտրոնի գիտաշխատող Ադելինա Կոմաս-Հերրան:
Կարմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: