Այսօր Երեւանի ավագանին Կենտրոն վարչական շրջանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եւ Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկի անկյունային հատվածի՝ Երեւանի կրկեսին հարակից պուրակն անվանակոչեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կրկեսի հայ դերասան, մնջախաղաց, ծաղրածու, գրող եւ թատերական ռեժիսոր Լեոնիդ Ենգիբարյանի անունով:
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը ներկայացրեց դերասանի կենսագրությունը: Ասաց, որ Լեոնիդ Ենգիբարյանը մինչեւ 1950-ականների կեսերը լավ արդյունքների էր հասել՝ որպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ. «1952-1953 թվականների մրցաշրջանում բռնցքամարտի Մոսկվայի առաջնությունում Ենգիբարյանը տանում է 9 հաղթանակ եւ պարտվում ընդամենը մեկ անգամ: Արդյունքում իր քաշային կարգում գրավում է 3-րդ տեղը: 1952 թվականին սկսելով երրորդ կարգից՝ 1954 թվականին արդեն առաջին կարգային բռնցքամարտիկ էր: 1955 թվականին Կրկեսային արվեստի պետական ուսումնարանում բացվում է կլոունադայի բաժին եւ Լեոնիդը ընդունվում է այդտեղ»:
Ըստ Արման Անտոնյանի, կրկեսից բացի՝ Լեոնիդ Ենգիբարյանը հանդես է գալիս մնջախաղի երեկոներով, գրում է արձակ ստեղծագործություններ, շարունակում նկարահանվել ֆիլմերում. Սերգեյ Փարաջանովի՝ «Մոռացված նախնիների ստվերները», Ռոլան Բիկովի՝ «Այբոլիտ-66», «Մանեժում պատանեկություն է», Վասիլի Շուկշինի՝ «Վառարան-նստարաններ», Թենգիզ Աբուլաձեի՝ «Վզնոց իմ սիրելիի համար» եւ այլն:
Ավագանու անդամի ներկայացմամբ, Լեոնիդ Ենգիբարյանը մահանում է 37 տարեկան հասակում, 1972 թվականի հուլիսի 25-ին Մոսկվայում՝ իր դեբյուտից ուղիղ 13 տարի հետո նույն օրը: Արտիստի գերեզմանը գտնվում է Մոսկվայի «Վագանկովսկոյե» գերեզմանատանը. «2020 թվականի մարտի 15-ին Լեոնիդ Ենգիբարյանը կդառնար 85 տարեկան: «Չի կարելի բարձր պաշտոններ վստահել հումորից զուրկ մարդկանց»,-ասում էր Լեոնիդ Ենգիբարյանը:
Կարդացեք նաև
Քաղաքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետ, ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանը ներկայացրեց ականավոր գործիչ Մահաթմա Գանդիի արձանը Երեւան քաղաքի Հալաբյան եւ Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրելու հարցը։
Ըստ Սեդոյանի, առաջարկությունը եղել է արտաքին գործերի նախարարությունից, որը համաձայնեցվել է հնդկական կողմի հետ: Ավագանին միաձայն ընդունեց որոշումը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ