«Մեր գործընկերները գտնում են, որ կառավարությունը մոտ 300 միլիարդ դրամի ազատ միջոցներ ունի, որից 100-ը կարելի է բաժանել ընտանիքներին, այդ ի՞նչ գումարի մասին է խոսքը»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին նման հարցադրում հղեց «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը: Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց. «Ենթադրում եմ, որ խոսքը գանձապետական միասնական հաշվի մնացորդի՝ 300 միլիարդ դրամի մասին է: Մինչեւ համավարակն էլ էին մեզ քննադատում, անգամ՝ ԱՄՆ կառավարությանը ֆինանսավորելու հանդիմանանքով…Դրանք ազատ միջոցներ չեն, գանձապետական միասնական հաշիվը նախատեսված է նրա համար, որպեսզի շրջանառվեն պետությանը եւ համայնքին պատկանող բոլոր դրամական միջոցները»:
Նախարարի բնորոշմամբ. «Սա չի նշանակում, թե դրանք ազատ միջոցներ են եւ որեւէ պահի կարող են օգտագործվել ցանկացած ուղղությամբ: Կառավարությունը չի կարող օգտագործել, օրինակ, ՏԻՄ-ին պատկանող դրամական միջոցները: Մենք չունենք 300 միլիարդ դրամ ազատ գումար, եւ բյուջեի փոփոխության այդ օրինագիծը ենթադրում է, որ միջոցառումների իրականացման համար մենք պարտք ենք ներգրավելու»:
Հիշեցնենք, որ ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում քննարկում է ՀՀ 2020թ.-ի բյուջեի մասին օրենքի նախագծում փոփոխությունների օրինագիծը, որը բխում է կորոնավիրուսի տնտեսական-սոցիալական հետեւանքներից:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ