Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե նոր պարտք չվերցնենք և չկասեցնենք տնտեսական անկումը, պարտք-ՀՆԱ ցուցանիշն ավելի է խորանալու. «Փաստ»

Ապրիլ 28,2020 12:25

Գրեթե բոլոր երկրների տնտեսությունները շարունակում են մեծ վնասներ կրել համավարակի արդյունքում առաջ եկած համաշխարհային տնտեսական ճգնաժամից։ Հայաստանի տնտեսությունը նույնպես տուժում է ճգնաժամից՝ պայմանավորված ներքին և արտաքին պատճառներով։ Եթե 2020 թվականի պետական բյուջեի հիմքում դրված էր 4,9 տոկոս տնտեսական աճ ունենալու կանխատեսում, ապա այժմ կառավարությունը կանխատեսում է 2020 թվականին իրական ՀՆԱ-ի շուրջ 2 տոկոսով նվազում և պետական բյուջեի պակասորդի աճ՝ մինչև ՀՆԱ 5%։

Այս համատեքստում ընդգծենք, որ այսպիսի իրավիճակում պետության ստացած հարկային և ոչ հարկային եկամուտները ոչ բավարար են լինելու ստանձնած պարտավորությունների կատարման համար:

Իսկ նոր միջոցներ ներգրավելու համար պետությունը ստիպված է գնալ պետական պարտքի ավելացման ճանապարհով, որի կառավարումը վերածվում է պետական ֆինանսատնտեսական քաղաքականության կարևորագույն բաղադրիչի:

Նոր վարկային միջոցների ներգրավման հետ մեկտեղ կաճի նաև Հայաստանի պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշը և կմոտենա 60 տոկոսի մակարդակին։ Ուստի շատ կարևոր է, որ պարտք-ՀՆԱ ցուցանիշը կառավարելի վիճակում լինի և ընթացքում բարելավվի՝ ավելի շատ ՀՆԱ-ի աճի վրա շեշտադրում անելով։

Այսինքն՝ որպես պարտք ներգրավված ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործումը պետք է հիմքեր ստեղծի ՀՆԱ-ի աճի համար, որպեսզի պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը բարելավվի։

Մինչդեռ, եթե ճգնաժամային ժամանակահատվածում նոր պարտք չվերցնենք և չկասեցնենք տնտեսական անկումը, ապա պարտք-ՀՆԱ ցուցանիշն ավելի է խորանալու, այս անգամ արդեն տնտեսական աճի նվազման և ՀՆԱ-ի անկման արդյունքում։

Սակայն իրավիճակի յուրահատկությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր պատգամավոր էր, փորձում էր հանրության շրջանում արմատավորել այն մտայնությունը, թե պետական պարտքը բացասական երևույթ է, դրա համար էլ առանց բացառության դեմ էր քվեարկում յուրաքանչյուր վարկային համաձայնագրի։

Իսկ վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանը հպարտանում էր, որ իրենց կառավարությունը կարողանում է նվազեցնել արտաքին պարտքի ցուցանիշները։ Այնինչ, բազմաթիվ մասնագետներ վերջինիս խորհուրդ էին տալիս էժան վարկային միջոցներ ձեռք բերել, քանի դեռ դրանք հասանելի են, և դրանք ներդնել տնտեսության մեջ՝ լրացուցիչ արդյունք ստանալու համար։

Եվ հիմա, երբ ֆորսմաժորային պայմաններում նոր վարկային միջոցների ներգրավումն ուղղակի անհրաժեշտություն է, Փաշինյանի կառավարությունը ցանկանում է հանրությանը արդեն ցույց տալ, թե նոր վարկային միջոցների ներգրավումը դրական երևույթ է։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930