Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Անսահման ծախսեր եք ուզում անել ու առանց ԱԺ-ի». Կառավարությունը կորոնավիրուսի համար պարտքեր է պատրաստվում վերցնել, Թանդիլյանը դժգոհում է

Ապրիլ 28,2020 12:20

Կորոնավիրուսը տնտեսության վրա աննախադեպ ազդեցություն է ունեցել: Եթե 2008-ին պահանջարկի շոկ էր ստեղծվել, պատերազմների դեպքում առաջարկի շոկ է ստեղծվում, այս համավարակը ե՛ւ պահանջարկի, ե՛ւ առաջարկի շոկ է ստեղծել: Այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում այդ մասին ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նա ասաց, որ համավարակն ինչպես մարդկային կյանքեր է խլում, այնպես էլ տնտեսության անկում է առաջացնում ու առաջիկա ժամանակահատվածում կանխատեսվում են իրական ու իրատեսական սնանկության ռիսկեր՝ հաշվի առնելով այն խորը ազդեցությունները, որոնք տեղի ունեցող իրադարձությունները թողնում են տնտեսության վրա: Դրա համար քաղաքական աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկվում՝ հետեւանքները մեղմելու համար:

Մեր կառավարությունն առաջարկում է «Պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարել: Բյուջեում դրված 7 տրիլիոն 95 մլրդ-ի փոխարեն՝ մենք կունենանք 6 տրիլիոն 486 մլրդ դրամ անվանական արտահայտությամբ ՀՆԱ: Նախարարն ասաց, որ կանխատեսվում է, որ մենք կունենանք շուրջ 169 մլրդ դրամ պակաս եկամուտներ, քան կանխատեսել էին «Բյուջեի մասին» օրենքով: Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ ծախսերը չեն կրճատելու, դա ավելի վատ ազդեցություն կունենա: «Բյուջեի մասին» օրենքով շուրջ 160 մլրդ դրամի պակասորդ պետք է ունենային, հիմա կունենան 324 մլրդ դրամի չափ պակասորդ: Այսինքն, պարտք ենք վերցնելու»:

Առաջարկվում է պահուստային ֆոնդից ֆինանսավորման համար սահմանափակումներ ստեղծել, մոտ 150 մլրդ դրամ նախատեսվում է տրամադրել տնտեսական, սոցիալական աջակցության ծրագրերի համար:

Հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը հարցրեց. «Բերել եք մի նախագիծ, որն ընդլայնում է կառավարության լիազորությունները մինչեւ անսահման ծախսեր անելու եւ ԱԺ-ում այդ հարցը նույնիսկ քննարկելու հնարավորությունը, սահմանափակումները հանելով: Չառարկելով, որ ծախսերը մեծացնելու անհրաժեշտություն կա՝ ինչո՞ւ եք նպատակահարմար գտել դա անել կառավարության որոշումներով, ինչո՞ւ առանց Ազգային ժողովի, անգամ, եթե դա ժամանակավոր է: Սա ամենասկզբունքային հարցն է ինձ համար»:

Մանե Թանդիլյանը նաեւ հարցրեց. «Կա՞ն ծրագրեր, որոնք այլեւս առարկայական չեն լինելու՝ գործուղումներ, վարչական մեքենաների, սարքավորումների ձեռքբերում եւ այլն, չե՞ք դիտարկել ծախսերի վերաբաշխում անել: Ասում եք՝ ծախսերը չենք հանելու, բայց ակնհայտ է, որ ծախսեր կլինեն՝ չեք անելու, այդ թվում՝գործուղումների բավական լուրջ բյուջեն է կրճատվելու»:

Թանդիլյանը նաեւ դժգոհեց, որ նախագծով հավելվածներ կան, որոնք փոփոխվել են ու նորը չեն բերել. «Այսպես կիսատ փաստաթղթով ինչպե՞ս եք պատկերացնում ԱԺ-ում սրա քննարկումը»: Ջանջուղազյանը չհամաձայնեց, որ բերել է «կիսատ փաստաթուղթ», նա նաեւ չհամաձայնեց, որ «անսահման ծախսեր անելու» նախագիծ են բերել ԱԺ. «Ընդհակառակը, մենք ներկայացրել ենք նախագիծ, որտեղ առաջարկում ենք սահմանափակել ծախսերի հնարավորությունը՝ պակասորդով: Մենք չենք առաջարկում, որ մեզ հնարավորություն տրվի անսահման ծախսեր իրականացնել, ասում ենք՝ սահմանափակել առավելագույն դեֆիցիտի չափը: Ինչ վերաբերում է ծախսերի վերաբաշխման հնարավորությանը, իհարկե, ոչ միայն դիտարկել ենք, այլ իրականացրել ենք փաստացի վերաբաշխումներ, հակառակ դեպքում այն միջոցառումները, որ մենք այսօր իրականացնում ենք՝ առողջապահական համակարգում մարդու կյանքին ուղղված միջոցների համար, չէինք կարողանա անել»:

Իսկ ԱԺ-ին անտեսելու եւ կառավարության որոշումներով ծախսերն անելու առնչությամբ նախարարն ասաց, որ նախ, պարտք վերցնելն անսահմանափակ չի լինելու, բացի այդ, ԱԺ-ն կառավարմանը չի կարող մասնակցել:

Մանե Թանդիլյանի համար անհասկանալի էր՝ ի՞նչ հաշվարկ են արել, որովհետեւ, ըստ նրա, զուտ թիվ են բերել, որ այսքան պակասորդ է լինելու ու առաջարկում են իրենց տալ հնարավորություն պարտք վերցնել՝ ինչքան ուզեն: Ջանջուղազյանը պատասխանեց, որ հիմա ոչ ոք չգիտի, թե անկումն ինչքան է լինելու, այս թիվը ներկայացրել են էկոնոմետրիկ վերլուծությունների հիման վրա:

Իմքայլականներն առաջարկեցին ժամկետ սահմանել, հենց իրավիճակը վերականգնվի, նորից բյուջեի հիմքում նախկին սահմանափակումները դնեն: Սա կառավարության համար ընդունելի է:

Համազասպ Դանիելյանն ասաց, որ կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման ու վերացման միջոցառումների ժամկետների հարցում պետք է հստակություն լինի, մարդիկ պիտի նաեւ իմանան, թե ինչի վրա ինչ ծախս են անում:

«Բյուջեի մասին» նախագիծը հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930