Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճգնաժամն աննախադեպ է, տնտեսության անկումն ու սնանկության ռիսկերը՝ անխուսափելի». նախարար

Ապրիլ 28,2020 12:13

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում քննարկում է ՀՀ 2020թ.-ի բյուջեի մասին օրենքի նախագծում փոփոխությունների օրինագիծը: Ինչպես հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, օրինագծի նպատակն է՝ համարժեք հակազդել կորոնավիրուսի հետեւանքներին. «Կային տեսակետներ, որ արտակարգ դրության ռեժիմը հնարավորություն է տալիս առանց բյուջեի փոփոխության առաջ շարժվել, բայց մենք թափանցիկ ենք եւ առաջարկում ենք քննարկման առարկա դարձնել նախագիծը, որը ճկունություն է ենթադրում, որպեսզի այս տարվա բյուջեի նախագիծը շարունակվի իրականացվել»:

Նախարարի խոսքով՝ ինչպես բոլոր երկրները, այնպես էլ ՀՀ-ն համավարակի տնտեսական-ֆինանսական ազդեցությունը մեղմելու նպատակով պետբյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագիծ են բերում. «Արտաքին շոկերն ազդել են նաեւ ՀՀ տնտեսության վրա, որն իր բնույթով բաց է: Միջազգային շուկաներում ապրանքների գների անկումը, մետաղների եւ նավթի համաշխարհային գների անկումն ազդում են ՀՀ տնտեսության վրա: Գործընկեր երկրներում տնտեսական աճը դանդաղում է, համաշխարհային տնտեսության անկում է նկատվում: ՀՀ-ն սերտ կապ ունի ՌԴ-ի հետ, որի ռուբլու արժեզրկումը չի կարող չդիտարկվել որպես ցնցում»:

Որպես հետեւանք՝ Ջանջուղազյանը նշեց, որ իրավիճակը ենթադրում է արտաքին պահանջարկի թուլացում, զբոսաշրջության ծավալի կրճատում. «Մասնավոր տրանսֆերտները եւս կրճատվել են. դրամական ներհոսքը կնվազի: Մեկուսացումը, տնտեսական գործունեության սահմանափակումները, կարանտինն ազդելու են տնտեսության վրա: Առաջարկվող օրինագծով կանխատեսվում է, որ կունենանք տնտեսության 2% անկում: Տնտեսության անկումն ու սնանկության ռիսկերն անխուսափելի են: Նախատեսվում է նաեւ միջոցառումների իրականացում՝ օգտագործելով հարկաբյուջետային քաղաքականությունը, որպեսզի մեղմվի սպասվող բացասական հետևանքը: Առաջարկվում է 25 միլիարդ դրամ օգտագործել տնտեսական եւ սոցիալական խնդիրները մեղմելու համար, 80 միլիարդ դրամ՝ տնտեսական երկարաժամկետ ծրագրերի իրագործման եւ 20 միլիարդ դրամ՝ պահուստային միջոցներն ըստ անհրաժեշտության վերաբաշխելու համար: Այս ճգնաժամը գնահատվում է որպես աննախադեպ՝ ոչ թե նրա համար, որ նման վարակ չի եղել, այլ որովհետեւ դրսեւորումներն են էապես տարբերվում՝ ներառելով մարդու առողջությունը եւ տարածման արագությունը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930