Խնդիրը ոչ այդքան Արցախյան հարցի բուն բանակցային գործընթացի համատեքստում է, այլ մի շարք հանգամանքների, որոնց թվում նաև ներքին լսարանի բաղադրիչն ու հայ-ռուսական հարաբերություններն են: Այսպես է կարծում «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ Հովսեփ Բաբայանը:
Նշենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ այս պահին բանակցային սեղանին փաստաթուղթ կա, որը ենթադրում է ԼՂ հակամարտության փուլային կարգավորում: ՀՀ իշխանության ներկայացուցիչները պնդում են նման փաստաթղթի բացակայության մասին։ Փորձագետը նկատում է. «Առհասարակ նման անսպասելի հայտարարությունը խնդրահարույց է դառնում հասարակության հետ կապերի համատեքստում, և այդ առումով այստեղ թերացում կա: Նման փաստաթուղթ բազմիցս եղել է սեղանին, բազմիցս քննարկել են ՀՀ իշխանությունները, բայց դա փաստ չէ առ այն, որ նրանք ընդունել կամ ստորագրել են դրանք: Այսինքն, այստեղ Արցախյան հակամարտության բանակցության մասով որևէ խնդիր չկա, խնդիրն ավելի շատ ներհայաստանյան է: Մասնավորապես, թե իշխանություններն ինչպե՞ս են այդ ամենը ներկայացնում հասարակությանը»,-ասաց նա՝ շեշտելով, որ ամեն ինչ թափանցիկ դարձնելու, ամեն ինչ քննարկելու տրամաբանության ներքո, բնականաբար, մի օր ինչ-որ մի բան պետք է «պայթեր»:
Ինչ վերաբերում է բուն բանակցային գործընթացին՝ Հ. Բաբայանը նկատեց. «Ս. Լավրովի ասածը, ըստ էության, ենթադրյալ կարգավորման գործընթացի մեթոդաբանության մասին է: Մյուս կողմից՝ ՀՀ ԱԳ նախարար Զ. Մնացականյանը արձագանքեց՝ շեշտելով, որ մենք քննարկում ենք տարրերի շուրջ, թե այդ տարրերի նկատմամբ ինչ վերաբերմունք ունեն կողմերը: Սա նշանակում է, որ դրանք Մադրիդյան սկզբունքների ու տարրերի հետ կապված էլեմենտներն են: Այսինքն, նոր բան, ըստ էության, չկա:
Ես խնդիրն ավելի շատ հայ-ռուսական հարաբերությունների մեջ եմ տեսնում: Ամենախնդրահարույցն այստեղ, ըստ իս, հայ-ռուսական հարաբերությունների դաշտում է: Անկախ նրանից, թե ինչ է հնչել ՌԴ ԱԳ նախարարի կողմից, և ինչ է կատարվում բանակցություններում, մենք հայ-ռուսական հարաբերություններում որոշակի անկանխատեսելիության ֆենոմեն ենք տեսնում, ինչը շատ վտանգավոր է մեզ համար, մեր արտաքին քաղաքականության համար»,-ընդգծեց Հ. Բաբայանը:
Կարդացեք նաև
Իսկ ինչո՞ւ: Փորձագետի դիտարկմամբ, հարցը հետևյալն է. «Ռուսաստանն այն եզակի երկրներից է, որի քաղաքականությունը մեզ համար հնարավորինս պետք է կանխատեսելի լինի թե՛ որպես գերտերություն, թե՛ որպես ռազմավարական դաշնակից և թե՛ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր»:
Հաշվի առնելով, որ ՌԴ ԱԳ նախարարը խոսել էր նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մասին՝ փորձագետը շեշտեց, որ այդ հանգամանքը թույլ է տալիս եզրակացնել, որ խնդիրը միայն մեկ տեղում չէ:
«Իրականում Ռուսաստանի քաղաքականությունը, պետության մտածողությունը և արտաքին քաղաքականության մոտեցումները պետք է անպայման հաշվի առնել: Երբ խոսվում է, օրինակ, նույն «Հարավկովկասյան երկաթուղու» մասին, մենք կարող ենք այս կողմից ասել. «Գիտեք՝ խախտում են արել, կոռուպցիայի հետ կապված խնդիր կա, և մենք մեր օրենքներին համապատասխան պետք է պատժենք կամ քննություն իրականացնենք»: Բայց, մյուս կողմից, պետք է հասկանալ, որ գործ ունես մի կազմակերպության հետ, որը ռուսական հսկա կազմակերպության դուստր ընկերություն է, և շղթան այդպես շարունակելու դեպքում կարող ես նաև ռուսական պետության հետ ինչ-որ խնդիրներ ունենալ, որովհետև այդ ընկերության մեջ պետությունն իր ներգրավվածությունը ևս ունի: Ընդհանուր առմամբ, այդ քայլերը դուր չեն գալիս Ռուսաստանին: Երկրի ներսում և սեփական չափանիշներով նման կազմակերպությունների հետ վարվելը, բնականաբար, ուշադրության է հանգեցնելու»,-ասաց Հ. Բաբայանը:
«Սա մի օրինակ է, ինչը ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունների կողմից, համենայն դեպս, գուցե դեռ չկա այն ընկալումը, որ գործ ունեն ոչ թե մեկ այլ երկրի, այլ կոնկրետ Ռուսաստանի հետ: Առհասարակ խնդիր առաջացնող պատճառներից մեկը հենց չհասկանալն է, թե, օրինակ՝ ինչպիսի՞ պետության հետ գործ ունես: Այս ամենի գագաթնակետը նաև Յու. Խաչատուրովի հետ կապված դեպքն էր»,-հավելեց մեր զրուցակիցը:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: