Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Հայաստանի տնտեսական վերականգնմանը ներառվի համահայկական ներուժը, դրական կանխատեսումները կարող են ոչ միայն իրական լինել, այլ անգամ թվալ քիչ». «Ժամանակ»

Ապրիլ 28,2020 11:26

Գործնականում գրեթե բոլորն են բարձրաձայն կամ լուռ զարմանում, թե ինչ հիմքով են միջազգային ֆինանսական կառույցները՝ ինչպիսիք Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը, Հայաստանի համար կանխատեսում տարեկան կտրվածքով աճի դրական ցուցանիշ, թեկուզ փոքր՝ բայց դրական:

Ո՞րն է հիմքը, որ մռայլ միջավայրում, ՀԲ-ն ու ԱՄՀ-ն Հայաստանի համար կանխատեսում են բացառիկ դրական ցուցանիշ, բացառիկ այն իմաստով, որ հետխորհրդային տարածության մյուս երկրների, այդ թվում՝ մեր հարևանների համար կանխատեսումը բացասական է: Արդյոք Հայաստանի առնչությամբ կանխատեսումներում տեղ ունի՞ համահայկական գործոնը, կամ ի՞նչ տեղ ունի այդ գործոնը: Հարցն առավել հրատապ կամ արդիական է դառնում ապրիլի 24-ին Նիկոլ Փաշինյանի ուղերձի ֆոնին, որում նա ազդարարեց, որ առաջիկա օրերին ներկայացնելու է համահայկական համախմբման իր ռազմավարությունը, դնելով այն համահայկական քննարկման: Կասկած չկա, եթե Հայաստանի տնտեսական վերականգնմանը ներառվի համահայկական ներուժը, ապա դրական կանխատեսումները կարող են ոչ միայն իրական լինել, այլ անգամ թվալ քիչ: Ամբողջ հարցն այն է, սակայն, որ համահայկական ներուժ ասվածը զուտ ֆիզիկական ծավալ չէ, կամ զուտ մարդկային հավաքականություն չէ, այլ քաղաքական, տնտեսական, հասարակական տարբեր խմբեր են, ընդ որում՝ հաճախ նաև աշխարհաքաղաքական տարբեր դաշտերում ձևավորված, գործող, այդ դաշտերով ազդված խմբեր: Եվ ուրեմն, ինչպե՞ս է հնարավոր այդ ամենի համախմբումը, հաշվի առնելով թեկուզ հենց աշխարհաքաղաքականության բարդությունը: Դա նշանակում է, որ միավորող գաղափարը պետք է լինի այնպիսին, որ այն չառաջացնի նաև աշխարհաքաղաքական դիմադրության խնդիր:

Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանն ուղերձում արձանագրել է, որ առանցքում հայկական պետականության ինքնիշխանությունն է: Առանցքն այստեղ ունի չափազանց կարևոր նշանակություն, որովհետև համազգային համախմբման ռազմավարությունը կամ հայեցակարգը թիրախավորվելու է, այդ հարցում կասկած ունենալ պետք չէ:

Ընդ որում, թիրախավորելու են առաջին հերթին շրջանակներ, կամ շրջանակների միջոցով, որոնք սովորաբար ամենից բարձրն են խմում ազգային միասնության կենացներ: Եվ այդ պարզ բանը ցավալիորեն արձանագրվեց հենց ապրիլի 24-ին՝ Ծիծեռնակաբերդ երթի առնչությամբ տարատեսակ մանիպուլյացիաների և սադրանքների միջոցով:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930