Լրահոս
Օրվա լրահոսը

Լրտեսներ՝ իրական եւ հորինված

Ապրիլ 28,2020 09:00

Կարանտինը կարծես թե մոտենում է ավարտին, իսկ դա նշանակում է, որ նրանք, ովքեր մտադիր էին հաճույք ստանալ պարտադրված պարապությունից, ունեն 1-2 շաբաթ՝ վայելելու ժամանակակից մարդու համար այդ հազվադեպ իրավիճակը: Ես, իմ կողմից, որոշել եմ խորհուրդ տալ քեզ, իմ աշխատասեր ընթերցող, այս մնացած ժամանակն անցկացնելու հրաշալի տարբերակ:

Լրտեսական վեպի ժանրը, իմ կարծիքով՝ անարդարացիորեն, համարվում է անլուրջ: Դա տարածված կարծիք է, իսկ նման կարծիքի հետ դժվար է վիճելը: Բայց եթե մի փոքր փորփրենք, ապա պատմությունը կսկսի փայլել նոր եզրերով:

Նախորդ դարի 30-ականներին Խորհրդային Միությունը արտասահմանում ակտիվորեն հավաքագրում էր սոցիալիստական հայացքներ ունեցող մարդկանց: Սոցիալիզմն այն ժամանակ շատերին հրապուրող ուղղություն էր, եւ առաջադեմ երիտասարդությունը, որը բարդ էր վերաբերվում ողջ Եվրոպայով տարածվող նացիստական շարժումներին, շատ ձախական էր, եւ տառապում էր աշխատավորների եւ գյուղացիների առաջին սոցիալիստական պետության հանդեպ համակրանքով:

Հենց այդ ժամանակ Մեծ Բրիտանիայում հավաքագրեցին 5 երիտասարդների, որոնց հետագայում կոչեցին Քեմբրիջյան հնգյակ: Նրանք բոլորն էլ փայլուն կարիերա ունեցան: Բանը հասավ զավեշտի. Քիմ Ֆիլբին դարձավ ՄԻ-6-ի այն բաժնի վարիչը, որը պայքարում էր սովետական լրտեսության դեմ: Ջոն Քերնքրոսը աշխատում էր Բլեթչլի Փարկում՝ բրիտանական հետախուզության գաղտնի բաժանմունքում, որտեղ ապակոդավորում էին նացիստների կոդերը: Իսկ Էնթոնի Բլանթը Գեորգ 6-րդ թագավորի խորհրդականն էր:

Այս մարդկանց գործունեությունը գաղտնիքի շղարշով է պատված, բայց Քիմ Ֆիլբին, հուրախություն հետաքրքրասերների, իրենից հետո թողեց հրաշալի հուշագրություններ: Սակայն Քիմի ամենամեծ վաստակը՝ գրականության եւ լրտեսական վիպասանության ժանրում այն էր, որ 1964-ին, արդեն ԽՍՀՄ փախուստից հետո, նա բացահայտեց Դեյվիդ Ջոն Մուր Կոռնուոլին՝ Գերմանիայում աշխատող բրիտանական դիվանագետին՝ որպես բրիտանական հետախուզության աշխատակցի, որը լրտեսություն էր անում Գերմանիայի, այսինքն՝ ՆԱՏՕ-ի իր դաշնակցի դեմ: Դեյվիդ Ջոն Մուր Կոռնուոլը առանձնապես չտխրեց այդ բացահայտումից՝ նա արդեն բավականին հայտնի գրող էր, որն իր գործերը հրապարակում էր Ջոն Լե Քարրե կեղծանունով:

Աշխատանքից հեռացվելը եւ ստացած ազատությունը Ջոն Լե Քարրեի ձեռքերն ազատեցին, եւ նա գրեց իր հայտնի եռագրությունը Կարլի մասին՝ պատմություն բրիտանական հետախուզությունում դավաճանների փնտրտուքի մասին: Այս ամենեւին ոչ փաստագրական, սակայն իրականությունից «թխված» գրքերի հերոսների մեջ Ջոն Լե Քարրեն ի ցույց է դնում լրտեսական արհեստի ներքին խոհանոցը՝ դիտմամբ հակադրելով Ջորջ Սմայլիի՝ վեպերի գլխավոր հերոսի, կերպարը մեկ այլ գրական լրտեսի՝ Ջեյմս Բոնդի կերպարին: Ջորջ Սմայլին գեր է, ծեր, բրիտանական հետախուզության ոչ այնքան հաջողակ սպա, որին խորհրդային լրտեսը դուրս է շպրտել ծառայությունից: Նա Բոնդին պարտվում է ամեն հարցում, նույնիսկ սիրային ճակատում: Բոնդը հասցնում էր քնել ցանկացած շարժվող բանի հետ, իսկ Սմայլիին նույնիսկ սեփական կինն է դավաճանում:

Ջոն Լե Քարրեի լրտեսները նրանք են, ում դավաճանում են եւ ովքեր դավաճանում են: Եվ նրա գրքերն ամենեւին հերոսների եւ հերոսությունների մասին չեն: Նա գրում է մշտական կասկածամտության, հավերժ ստուգումների, գրեթե անխուսափելի դավաճանության զզվելի մթնոլորտի մասին: Գաղափարների, հայրենիքի, ընտանիքի դավաճանության:

Եվ ահա հենց դա է նրանց միավորում Քիմ Ֆիլբիի հետ: Այդ մարդիկ շատ լավ գիտեին, թե ինչ է դավաճանությունը: Յուրաքանչյուրը՝ յուրովի:

Ինչ կարդալ եւ ինչ դիտել.

Tinker, Tailor, Soldier, Spy (Шпион, выйди вон) – 2011թ.

Փայլուն ֆիլմ՝ Սմայլիի դերում փայլուն Գարրի Օլդմենի դերակատարմամբ:

 

Kim Philby. My Secret War. Ռուսերեն թարգմանությունը ծայրահեղ անհաջող է, եթե լեզվի իմացությունը թույլ է տալիս, ավելի լավ է կարդալ անգլերեն, ամեն դեպքում ռուսերեն տարբերակը ներքեւում նշել եմ:

Ким Филби. Моя тайная война. Воспоминания советского разведчика. – М.: Воениздат , 1980

John le Carrռ. Tinker Tailor Soldier Spy. The Honourable Schoolboy. Smiley՚s People. Ռուսերեն թարգմանությունը ամենեւին վատը չէ, բայց անգլերեն բնագրով կարդացվում է լրիվ այլ կերպ:

Джон Ле Карре. Шпион, выйди вон! – М.: Вагриус, 1998

Джон Ле Карре. Достопочтенный школяр. – M.: Вагриус, 1998

Джон Ле Карре. Команда Смайли. – M.: Эксмо, 2005

Ս. Յ.

«Առավոտ» օրաթերթ

28.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930