Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են փլուզում դատաիրավական համակարգը

Ապրիլ 27,2020 22:25

Քանի որ մեր իշխանությունները տառապում են նախկինների հետապնդման բարդույթով, ես ամեն անգամ իմ հոդվածները սկսում եմ Ձեզ հիշեցնելով, որ մեր ձայնը Ձեզ տալուց հետո մոտակա տարիներին ղեկավարվում ենք Ձեզ քննադատելու միջոցով աջակցելու սկզբունքով և այս ամենը որևէ աղերս չունի նախկինների ջրաղացին ջուր լցնելու հետ:

Իմ ձայնը՝ գովերգն ու քննադատությունը  որպես պահանջատեր ուղղված է միայն Ձեզ: Հայաստանում Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի քաղաքական ուղուն վերադարձ հնարավոր չէ, ինչը, անկախ ՀՀ քաղաքացիների տարաբնույթ  քաղաքական հայացքների, կարծում եմ միանշանակ է և որքան շուտ հասկանան ՀՀ-ում գործող քաղաքական ընդդիմադիր ուժերն այս իրողությունը, այնքան շուտ նրանք կրկին հետ կբերեն, գուցե և կավելացնեն իրենց աջակիցների բանակը: Այո հեղափոխությունը մի գեղեցիկ գարուն էր, որ սրբեց տարավ քաղաքական անկայուն օրակարգը, սակայն այսօր՝ երկու տարի անց, երբ անցավ էյֆորիան, մարդիկ արթնացան և թեև աջակցում են ներկայիս իշխանությանը, այնուամենայնիվ հասկանում են, որ իրենց քաղաքական հայացքները որոշակիորեն հակադրվում են ներկայիս իշխանության տեսակետների հետ: Եվ դա ոչ թե ներկայիս իշխանությանը հակադրվելով եմ ասում, այլ հայոց մտքի բազմազանությունն եմ գովերգում:

Կարծում եմ, որ մենք դեռ պատրաստ չենք պառլամենտական երկիր լինելուն և դրա լավագույն ապացույցն եմ համարում մեր բոլոր ժամանակների խորհրդարաններում, նույնիսկ ներկայիս, մեղմ ասած «խոպանչիների» առկայությունը: Անուններ չեմ տա՝ ոչ թե նրա համար, որ վախենում եմ, այլ այն պատճառով, որ քաղաքական դաշտն առանց այդ էլ ողողված է տհաճ բանավեճերով և այն մեծ քրեակատարողական հիմնարկ է հիշեցնում: Չնայած ի պաշտպանություն քրեակատարողական հիմնարկների պետք է ասել, որ այդ հաստատություններում բարոյահոգեբանական մթնոլորտը մի փոքր ավելի լավն է, քան թե մեր քաղաքական դաշտում:

Նախ` ցանկանում եմ շնորհակալական խոսք ասել ներկայիս կառավարությանը 2020թ. ապրիլի 24-ի «Ոգեկոչման» հրաշալի միջոցառումների համար, ինչի կապակցությամբ անձամբ դիմել էի «Առավոտ» օրաթերթում «Կորցրած գարուն» խորագրով իմ հոդվածում և այդ առաջարկով հեղեղել էի մեր  իշխանավորների էլեկտրոնային հասցեները: Շնորհակալություն, կազմակերպած միջոցառումներն ավելի լավն էին, քան ես պատկերացնում էի, սակայն արդարության համար պետք է նշեմ, որ հեղափոխությունից հետո սա կատարելությանը մոտ Ձեր միակ որոշումն է:

Դուք դեռ ոչինչ չեք արել դատաիրավական համակարգում: Նոր ոստիկանություն ստեղծելու ձեր առաջարկը որևէ քննադատության չի դիմանում, երևում է, որ այն պատրաստվել է իդեալիստ տեսաբանների կողմից և որևէ առնչություն չունի ոստիկանական ներքին խոհանոցի իրական բացասական խնդիրները լուծելու և դրականը պահպանելու հետ: Ոստիկանությունը միայն համազգեստը և մեքենաները չեն: Դա առաջին հերթին մարդիկ են, որոնք պետք է շնորհված լինեն իրավունքներով և պարտականություններով: Ժամանակին այդ համակարգը իրենից բիրտ ուժ էր ներկայացնում, հիմա այն անիրավունք մարդկանց կազմակերպություն է հիշեցնում: Պարզ ասած ոստիկանները շփոթված են և չգիտեն ինչն է թույլատրելի, ինչը՝ ոչ և դա է պատճառը, որ հեղափոխությունից հետո հանցագործությունների քանակը վերելք է ապրում, ամենից մտահոգիչը ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների քանակն է: Իսկ ինչն է այս ամենի պատճառը, ինչու են ոստիկանները ներքին խոհանոցում շշուկով կատակում, որ քրեականը դարձել է «քույրական»: Պատասխանն ակնհայտ է, միանգամայն  իրավացիորեն արգելելով մահակը, ծեծը, ոստիկաններին մարդասիրական հասարակարգին բնորոշ համահունչ զինանոցով չենք զինել: Կրկին և կրկին նշեմ, որ ծեծը և բռնությունն արատավոր երևույթներ են, սակայն արգելելով արատավորը, պետք է այլընտրանք առաջարկել:

Անդրադառնալով դատական համակարգին նշեմ, որ ինչպես ԲԴԽ-ի վերափոխումները արդյունք չտվեցին և մեկ «գեղեցիկ» օր փլվելու են հանրության ոտքերին, այնպես էլ արդյունք չեն տալու դատական օրենսգրքի վերաբերյալ ընդունված բարեփոխումները և լրացումները: Պատճառը կրկին նույնն է, այն թեև ասում են, որ պատրաստվել է իրավաբան-գիտնականների կողմից և այդ մարդիկ պրոֆեսիոնալներ են իրենց ոլորտում, ինչը ես չեմ պատրաստվում հերքել, սակայն ակնհայտ է մեկ բան՝ այն գրվել է մարդկանց կողմից, ովքեր բացարձակ անտեղյակ են դատական խոհանոցից: Ընդդիմախոսները կասեն, թե մեր ինչին է պետք տեղյակ լինել արատավոր խոհանոցից, երբ առաջարկում ենք այն փոխել, սակայն կսխալվեն: Նախ` ասեմ, որ ամեն բան և բոլորին փոխել հնարավոր չէ, եթե այդ գաղափարախոսությամբ շարժվենք, ապա բոլոր ոլորտներում առկա խնդիրները լուծելու համար պետք է դրսից հասարակություն «ներմուծենք»: Մենք այն ենք, ինչ կանք՝ դրական ու բացասական առումներով, դրականն ավելին է, քան պատկերացնում եք, քանի որ, եթե հակառակը լիներ, Գյումրիից Երևան քայլերթը հեղափոխություն չէր դառնա:

Սակայն չշեղվելով անցնենք բուն թեմային: Դատավորը ոչ թե օրենքներն անգիր սերտած իրավաբան է, այլ կյանքի «իրավաբանական» փորձով կոփված, պատիվն ու արժանապատվությունը չկորցրած հասարակության այն ներկայացուցիչը, ով նպատակադրված է ոչ թե հաճոյանալ որևէ մեկին, այլ պատրաստ է իրականացնել արդարադատություն անկախ հետագա զարգացումներից: Պարզ օրինակ՝ ինչպես կարող է արդարացի որոշում կայացնել 25 տարեկան, թեկուզ և իրավաբան-գիտնական դատավորը, քննելով համատեղ 25 տարի ապրած ամուսինների ամուսնալուծության հարցը, երբ ինքն ամուսնություն բառը լսելիս պատկերացնում է միայն հարսի շոր և գեղեցիկ մեքենաների շարասյուն: Ես դեռ չեմ խոսում քրեական հանցագործությունների դատաքննության մասին, որտեղ միայն գրքերի շնորհիվ հանցագործների մասին պատկերացում կազմած անձը, ով ծանոթ չէ կողմերի՝ ամբաստանյալների, քննիչների, դատախազների և փաստաբանների «գործիքակազմին» պետք է գտնի արդարադատության ճանապարհը:

Մնացին քննիչները` այստեղ նույնպես մեր գործերը փայլուն չեն, համակարգի գերակշիռ մասը զբաղեցնում են անփորձ և գերծանրաբեռնված մարդիկ, որոնց ոչ թե օգնում են, այլ առավոտից երեկո նախատում և բարձում են իրենց հնարավորություններից ավելին՝ հոգ չտանելով նրանց աջակցելու կամ ճիշտ ճանապարհը ցույց տալու խնդիրների մասին:

Դատախազության մասին նույնիսկ չեմ ցանկանում խոսել: Այսօր այդ համակարգին տեղին և անտեղի քննադատում են բոլորը: Իսկ փաստաբանների բանակն ամենապատրաստվածն է: Այսօր նրանց շարքերը համալրել են փորձառու դատախազներ, քննիչներ և դատավորներ, որոնք անվերապահորեն ծանոթ լինելով նշված համակարգերի ներքին խոհանոցներին և փաստաբանի կարգավիճակ ձեռք բերելով, ազատվելով պետական մեխանիզմի հիմնավորված և անհիմն շղթաներից, իրենց զգում են ինչպես ձուկը ջրում:

Վերոգրյալից ելնելով առաջարկում եմ գործող իրավաբանների կողմից կազմակերպված ընտրության արդյունքում ստեղծել անկախ իրավաբանների խորհուրդ՝ բաղկացած առնվազն 10 հոգուց, որը կազմված կլինի այնպիսի մարդկանցից, ովքեր իրենց գործնական կյանքում հեռու են մնացել քաղաքական անցուդարձից և մասնակցություն չեն ունեցել հանրային մեծ արձագանք ստացած  գործերին:

Նշված խորհուրդը նախ պետք է ծանոթանա գործող դատավորների գործունեության հետ, այնուհետև որոշ մասին պատճառաբանված տեսակետի հիման վրա հաստատելուց հետո, անցնի առաջացած թափուր հաստիքները փորձառու փաստաբանների, դատախազների և քննիչների միջոցով լրացնելու քննարկմանը: Ընդամենը երկու ամիս անց, լրատվամիջոցների օգնությամբ, հանրության աչքի առաջ կձևավորվի վստահելի դատական համակարգ:

Հետագայում մեր դատաիրավական համակարգը հնարավորինս անզուգական պահելու նպատակով անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություններ կատարել և ամենահիմնական գաղափարը, որ պետք է ամրագրվի այդ բարեփոխումների մեջ պետք է լինի հետևյալ դրույթը. ՀՀ-ում քրեական գործերով դատավորի թեկնածու կարող է լինել այն անձը, ով 15 տարուց ոչ պակաս ունի փաստաբանական կամ 10 տարվա քննչական և հինգ տարվա դատախազական մասնագիտական փորձ: Դատախազ կարող է լինել 7 տարուց ոչ պակաս քննչական կամ փաստաբանական ստաժ ունեցող իրավաբանը: Սա կիրառելի է նաև քաղաքացիական ոլորտում: Այնտեղ նույնպես առկա են ոլորտներ, այդ թվում նաև փաստաբանականը, որտեղ ապագա դատավորները կարող են ձևավորվել: Այս դեպքում իրավաբանները կհասկանան, որ իրենց առաջխաղացումը հիմնականում կախված է իրենցից, այլ ոչ թե այն կոռուպցիոն սխեմաներից, որոնք գործել և գործում են Հայաստանում:

Ինչ վերաբերում է վերոնշյալ հանձնաժողովին, ապա այն պետք է մշտապես գործի և այսօր գործող ուժային կառույցների ներքին անվտանգության վարչությունների փոխարեն քննի ուժային կառույցների աշխատակիցների վերաբերյալ առկա բողոքները: Այս հանձնաժողովի անդամներին պետք է ընտրի ողջ իրավաբանական համայնքը, որը լրատվամիջոցների հսկողության ներքո կդառնա մեր դատաիրավական համակարգի գնահատման աղբյուրը: Այսպիսով կվերանա և՛ ներքին անվտանգության վարչությունների, և՛ ԲԴԽ-ի անհրաժեշտությունը:

Ի վերջո, հարգելի՛ իշխանություն, արդար և անկախ դատական համակարգն առաջին հերթին Ձեր շահերից է բխում, տեսնում եք, թե ինչ վիճակում են հայտնվել նախկինները, մի գեղեցիկ օր էլ Դուք եք նախկին լինելու և հավատացեք այսօրվա հանրահայտ ամբաստանյալների նման միայն մեկ բանի համար եք փոշմանելու, որ չեք աջակցել իրական եվրոպական արժեքներին համահունչ արդար և անկախ  դատաիրավական համակարգի ստեղծման:

Ժիրայր ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930