Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը քննարկման ներկայացրեց «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին հարցը: Կոնվենցիայով Հայաստանը պարտավորվում է կրթել դպրոցահասակ երեխաներին սեռական շահագործման ու սեռական բռնությունների մասին, նաեւ քրեական պատասխանատվություն սահմանել երեխայի նկատմամբ սեռական բնույթի գործողությունների համար, դատապարտվածների գենետիկ տվյալներն էլ հավաքել: Արդեն նշանակվել է այս ամենն իրականացնող պետական իրավասու մարմինը՝ արդարադատության նախարարություն, ԿԳՄՍՆ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, առողջապահության նախարարություն եւ ոստիկանություն: Վերջինս հավաքելու է հանցագործների վերաբերյալ տեղեկատվական բազան:
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հարցրեց. «Այս կոնվենցիան պետություններին պարտավորում է ապահովել ֆորմալ կամ ոչ ֆորմալ պայմաններում տեղեկատվության տրամադրում՝ երեխաներին կրթելով սեռական շահագործման մասին, թե ինչպես կարող են երեխաները պաշտպանվել ու դիմել օգնության: Բացի այդ, քրեականացում է պահանջում սեռական նպատակի համար երեխաների հետ կապ հաստատելը, սիրահետելը: Մենք ունե՞նք սիրահետման դիսպոզիցիան, եթե չունենք, «Քրեական օրենսգրքում» նոր եզրույթ պետք է սահմանենք»:
Փոխնախարարը պատասխանեց, որ նախ ոչ ֆորմալ կրթություն ասվածը կոնվենցիայի բացատրական բառարանում կա: Կոնվենցիան վավերացրած երկրներ կան, որոնք կրթություն իրականացնում են տնային պայմաններում ու կարեւոր ուղերձն այն է, որ այդ տեղեկությունները պարտադիր չէ, որ ներառվեն կրթական ծրագրերում, կարեւորը՝ այդ տեղեկությունները երեխաների հասունության մակարդակին ադապտացված ձեւով փոխանցվեն՝ ընդհանուր սեռական զարգացման կրթության համատեքստում: Գրիգորյանն ասաց, որ կոնվենցիայում էլ նշված է՝ երեխային սեռական դաստիարակություն տալու պարտականությունը ծնողինն է, դպրոցները լրացնող պարտականություն պետք է կատարեն:
Ինչ վերաբերում է սիրահետելուն, այս պահին մեր օրենսդրությամբ նման հանցակազմ չկա, պետք է նախատեսեն նոր օրենսգրքով, բայց կոնվենցիայում նշվում է, որ դա այսպես կոչված «գրումինգն» է, իրենից ենթադրում է հաղորդակցման տեխնոլոգիաների միջոցով երեխայի հետ կապ հաստատելը չափահաս անձի կողմից, ընդ որում, այդ կապը միտված պետք է լինի սեռական բնույթի հանցագործություն կատարելու մտադրությանը ու դրան պիտի հաջորդեն ֆիզիկական հանդիպում ունենալու գործուն քայլեր:
Կարդացեք նաև
Հարակից զեկուցող Մարիա Կարապետյանն ասաց, որ կոնվենցիան վավերացնելով՝ պետք է օրենսդրությունը խստացնեն եւ նոր հանցակազմ սահմանեն: Օրինակ, երեխայի սեռական այլասերում, որը սեռական բնույթի գործողություններին երեխաների ականատես լինելուն դրդելն է: Այժմ մեր Քրեական օրենսգրքով քրեականացված չէ նաեւ «գրումինգը»:
Մարիա Կարապետյանի խոսքով՝ «Հասկանալի լեզվով ասած՝ այս կոնվենցիան մանկապղծության դեմ է, այսինքն՝ երեխաների բռնաբարումը, երեխաների պոռնոգրաֆիան քրեականացնելու պարտավորություն է»:
«Իմ քայլի» պատգամավոր Սարգիս Խանդանյանն ասաց. «Ամոթ է, որ մենք այս կոնվենցիան այսքան պահել ու չենք վավերացրել, ամոթ է, որ նույնիսկ նախավերջինն ենք վավերացնում»:
Քրիստինե Գրիգորյանը ներկայացրեց, թե 2019-ին Հայաստանում քանի երեխա է սեռական բռնության ենթարկվել, այդ թիվը 91 էր: Ըստ Խանդանյանի, դրանք հայտնի, արձանագրված մասն է, բայց բնականաբար, կա լատենտայնություն, կան նաեւ վիճակագրության մեջ չարտահայտված դեպքեր ու հույս ունի՝ կրթությամբ նաեւ վեր կհանեն այդ դեպքերը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ