Մարդկանց տեղաշարժն ու հեռախոսազանգերի շրջանակը պարզող համակարգի միջոցով երեկ առավոտյան մշակվել են կորոնավիրուսով 843 հիվանդի տվյալներ, որից բոլոր ֆիլտրերով անցած 9400 կոնտակտ է հայտնաբերվել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը: Նրա փոխանցմամբ՝ 9400 կոնտակտից արդեն հասցրել են մշակել 5100 կոնտակտ, որից էլ լրացուցիչ 326 քաղաքացի ինքնամեկուսացվել է:
Բադալյանի պատմելով՝ երբ հաստատվում է հիվանդությունը, համաճարակաբանները հարցազրույց են անում հիվանդի հետ եւ փորձում են պարզել շփման շրջականը, ապա բոլոր հնարավոր շփում ունեցած մարդկանց տվյալները ներբեռնվում է մի ընդհանուր համակարգում, եթե ընտանիքի անդամներ են, ապա նրանց մեկուսացնում են, եթե նույն սենյակի աշխատակիցներ են՝ նույնպես մեկուսացվում են, իսկ եթե ասենք շփումը անմիջական չի եղել, կողքի սենյակի աշխատակից է եղել եւ հավանականությունը քիչ է, որ վարակված կլինի, հորդորում են ինքնամեկուսանալ:
«Բնականաբար, կլինի մի շրջանակ, որ հիվանդը չի հիշում՝ ում հետ է շփվել, ու չի ասում տվյալները: Այս համակարգի միջոցով առաջին փուլով մենք հիվանդի արած զանգերի եւ նույն ժամանակաշրջանում նույն ալեհավաքից օգտվելու տվյալների հետ միասին ավտոմատ (այդ տվյալները ոչ ոք չի տեսնում, բոլոր տվյալները մնում են բջջային օպերատորների սերվերում) գալիս են հեռախոսահամարներ, առանձնացնում ենք առողջապահության նախարարության մեկուսացածների կամ ինքնամեկուսացածների տվյալները, մնացած տվյալներով մենք ենք զբաղվում՝ զանգում ենք, անուն-ազգանունները պարզում, չենք ասում որ հիվանդի կոնտակտն է, լրացնում ենք տվյալներն ու արդեն նորից համաճարակաբանները հարցազրույց են անում: Այս ամենը մեկ օրում է կատարվում, բացառությամբ դեպքերի, եթե անձը այդ պահին կամ այդ օրը հեռախոսազանգերին չի պատասխանում, այս դեպքում մի քիչ ժամանակը երկարում է: Զանգում են ու հարցնում՝ այսինչ հեռախոսահամարով շփվե՞լ եք: Եթե՝ ոչ, ապա ավտոմատ դուրս է գալիս համակարգից, եթե դրական է պատասխանն, ապա պետք է ինքնամեկուսանում են, տվյալներ են համակարգում են ներառվում»,-ասաց Բադալյանը:
Նա քիչ հավանական է համարում, որ շփման շրջանակը անձը թաքցնի. «Երկար հոգեբանական զրույց է լինում, մանրակրկիտ աշխատում են, մարդկանց ինքնագիտակցության վրա ենք հիմնվում: Բայց հավատալ, որ 100 տոկոսով կասեն շփումների մասին, կամ բոլորը կպահպանեն կանոններն, այդպես չէ»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ հաջողվո՞ւմ է լիարժեք վերահսկվել ինքնամեկուսացվածներին, Բադալյանը պատասխանեց. «Պարբերաբար զանգում ենք իրենց՝ տեղեկատվությունը ճշտելու, համալրելու համար, լինում է, որ իրենք էլ են զանգում, ուզում են տեղեկատվություն հաղորդել: Բացի այս, ալեհավաքների միջոցով վերահսկում ենք իրենց տեղաշարժը. երբ ինքնամեկուսացվածը հասցեն լքում է՝ ավտոմատ եղանակով հաղորդագրություն է գնում ոստիկանությանը, ոստիկանը գնում է տվյալ հասցեով»: Բադալյանն ասաց, որ նման դեպքերը բազմաթիվ են, երբ քաղաքացիները լքում են ինքնամեկուսացման հասցեն, այս դեպքում ոստիկանը տուգանք է կիրառում. «Լինում է, որ անձի հեռախոսը մոտը չի եղել, ինքը տանն է եղել, բայց հեռախոսը ընտանիքի անդամի մոտ է եղել, որը գնացել էր քաղաք՝ առեւտրի: Կա մյուս ավելի ճշգրիտ եղանակը՝ մենք պարբերաբար, ավտոմատացված եղանակով sms հաղորդագրություն ենք ուղարկում տարբեր ժամերին, պատահական սկզբունքով: Տվյալ անձը հաղորդագրությունից ինտերնետային կայքէջի հղումով անցնում է, որի միջոցով տեղադիրքի մասին տվյալներն ենք վերցնում, որը շատ ճշգրիտ է, ինքնալուսանկարվում են, ուղարկում մեզ, առողջության մասին տվյալներ են լրացվում: Եթե կա կասկած հիվանդացության մասին, տվյալներն ավոտամատացված փոխանցվում է նույն համակարգում գործող համաճարակաբաներին, մնացածն իրենք են անում»:
Aravot.am-ի հարցին՝ համակարգի միջոցով քանի դեպք է հայտնաբերվել, երբ վերահսկվող ինքնամեկուսացվածների մոտ հիվանդության կասկածներ լինեն, եւ ապա նրան թեստավորման ուղարկեն, Բադալյանը պատասխանեց. «Այս պահին դեռ չունենք այդ տվյալները, որովհետեւ մշտադիտարկման համակարգը շարունակվում է համալրվել: Քանի որ մեր հիմնական նպատակն այն չէր, որ ասենք՝ մե՞ր համակարգը գտավ հիվանդին, թե՞ առողջապահության նախարարությունը: Բայց առաջիկայում այդ վիճակագրությունն էլ կհավաքագրենք ու կներկայացնենք, քանի որ հիմա մեծ հետաքրքրություն է առաջացնում դա: Բայց երբ ինքնամեկուսացածի հետ խոսում են ու առողջության մասին տվյալների հիման վրա նրանք հայտնվում են կամիր գոտում՝ ավտոմատացված համակարգով տեղեկությունը գնում է համաճարակաբանին, որն էլ, հարկ եղած դեպքում այցելում է եւ թեստավորում»:
Մոտ երեք շաբաթ է համակարգը գործի է դրվել: Բադալյանի տպավորությամբ, հիմա արդեն այս համակարգի հանդեպ հանրային դժգոհություն չկա, քանի որ, ըստ նրա, մարդիկ հասկացան սա ինչի համար է արվում. «Մոտ 5000 անձի հետ խոսել ենք, չի եղել դեպք, երբ որեւիցե մեկը չուզենա համագործակցի մեզ հետ, վատ պատասխան տա, շատ բարեհամբույր են պատասխանում քաղաքացիները, դրական տրամադրություններ ենք նկատում»:
Արդյոք փորձեր չե՞ն եղել, որ քաղաքացիները փորձեն մոլորեցնել մասնագետներին, սխալ տեղեկատվություն տան կամ թաքցնեն, մեր այս հարցին ի պատասխան Բադալյանն ասաց՝ ԱԻՆ-ի եւ ԱՆ-ի աշխատակիցները մարդկանց հետ շփվելու ու աշխատելու մեծ փորձ ունեն, նման խնդիրներ չեն առաջացել:
Հիշեցնենք, կառավարության որոշմամբ, կորոնավիրուսի դեմ պայքարի համար ներդրվեց գործիքակազմ, որի միջոցով կորոնավիրուսով հիվանդի հետ շփված անձանց տվյալները հավաքագրվում եւ մշակվում են հատուկ համակարգով, որի անվտանգությունը վերահսկում եւ սպասարկում է ԱԱԾ-ն, որն տվյալները մշակելու իրավունք չունի:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ