«Իրանն ու ՀՀ-ն ունեն շատ տնտեսական ծրագրեր, որոնք հիմա սառեցված են՝ Իրանի տնտեսական ծանր վիճակով պայմանավորված: Կորոնավիրուսի, ԱՄՆ-ի պատժամիջոցների եւ լարվածության չափաբաժնի պատճառով հավելյալ խնդիրներ են ստեղծվելու այս ծրագրերի կյանքի կոչման համար»,-ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կազմակերպած՝ «COVID19. տարածաշրջանային իրավիճակ. դիմակայում և հնարավոր զարգացումներ» քննարկման ժամանակ այսօր հայտարարեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը: Նրա խոսքով՝ ապագայում նշյալ ծրագրերի համար հավելյալ աշխատանք է հարկավոր լինելու:
Իրանագետ Վարդան Ոսկանյանն էլ շեշտեց, որ Իրանի հասարակությունը շատ դեպքերում չի հետեւել պետության ցուցումներին եւ այդ կերպ չի նպաստել վարակի տարածումը կանխելուն. «Այնուամենայնիվ, բուժվածների մեծ թիվը ցուցիչ է այն հանգամանքի, որ Իրանի առողջապահության նախարարությունն աշխատել է արդյունավետ: Մյուս կարեւոր հանգամանքն այն է, որ Իրանն այն երկրների ցանկում է, որոնք զբաղվում են ոչ միայն առողջապահական խնդիրներով, այլեւ միացել են պատվաստանյութ ստեղծելու համաշխարհային մրցավազքին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ