Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բայդենի հայտարարությունը` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու տասնամյակներ ձգվող ճանապարհի գագաթնակետ է. Հայկական համագումար

Ապրիլ 27,2020 18:25

Ս.թ. ապրիլի 24-ին Ամերիկայի հայկական համագումարն (Համագումար) ողջունեց նախկին Սենատոր և փոխնախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով:

Բայդենի հայտարարությունում մասամբ ասված է. «Այսօր մենք հիշում ենք այն դաժանությունները, որոնց հայ ժողովուրդը առնչվեց Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ… Սենատում իմ աշխատած տարիներին ես հպարտ էի առաջնորդել ջանքեր՝ հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը ճանաչելու համար… Ես կանգնած եմ այսօր բոլոր հայերի և ամերիկահայ համայնքի կողքին, ովքեր այդքան մեծ ներդրում են ունեցել մեր երկրի համար` հիշելով և հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերին»:

Այսօրվա հայտարարությունը Բայդենի` ի աջակցություն ցեղասպանության հաստատման տասնամյակներ ձգվող ճանապարհի գագաթնակետ է, հատկապես՝ ԱՄՆ Սենատում ծառայելու ժամանակ: Այն նաև հիմնված է 2019թ.-ի աշնանը Համագումարին ուղղված իր նամակի վրա:

Հայկական համագումարի Ազգային գալայում՝ ամերիկահայ Կոնգրեսական Ջեկի Սփիրին մեծարելու առիթով, Բայդենի նամակում ասված է. «Միացյալ Նահանգները պետք է մեկընդմիշտ վերահաստատի Հայոց ցեղասպանության հարցում մեր անցած ուղին»: «Մենք երբեք չպետք է մոռանանք կամ լուռ մնանք բնաջնջման այս սարսափելի ու համակարգված ռազմարշավի մասին… Եթե մենք լիովին չենք ճանաչում, ոգեկոչում և սովորեցնում մեր երեխաներին ցեղասպանության մասին՝ «այլևս երբեք» բառերը կորցնում են իրենց իմաստը…

Ցեղասպանության փաստը չհիշելը կամ չճանաչելը միայն ճանապարհ է հարթում ապագա զանգվածային վայրագությունների համար»:

Փոխնախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա առիթով

Այսօր մենք հիշում ենք այն դաժանությունները, որոնց հայ ժողովուրդը առնչվեց Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ: 1915-1923թթ. զանգվածաբար տեղահանվեցին գրեթե 2 միլիոն հայեր և սպանվեցին 1,5 միլիոն տղամարդիկ, կանայք և երեխաներ: Թիրախավորված էին նաև հույները, ասորիները, քաղդեացիները, արամեացիները, մարոնիները և այլ քրիստոնյաներ: Մենք երբեք չպետք է մոռանանք կամ լուռ մնանք բնաջնջման այս սարսափելի ու համակարգված ռազմարշավի մասին: Եվ մենք հավերժ հարգելու ենք հայ ժողովրդի հաստատակամությունը նման ողբերգության ֆոնին:

Հատկապես կարևոր է արտահայտել այս բառերը և ոգեկոչել այս պատմությունը մի պահի, երբ մեզ ամեն օր հիշեցվում է ճշմարտության ուժի և ատելության դեմ կանգնելու մեր ընդհանուր պատասխանատվության մասին, որովհետև լռությունը՝ մեղսակցություն է: Եթե մենք լիովին չենք ճանաչում, ոգեկոչում և սովորեցնում մեր երեխաներին ցեղասպանության մասին՝ «այլևս երբեք» բառերը կորցնում են իրենց իմաստը: Փաստերը պետք է լինեն նույնքան պարզ և նույնքան ազդեցիկ ապագա սերունդների համար, որքան նրանց համար, ում հիշողությունները խեղված են ողբերգությունից: Ցեղասպանության փաստը չհիշելը կամ չճանաչելը միայն ճանապարհ է հարթում ապագա զանգվածային վայրագությունների համար:

Սենատում իմ աշխատած տարիներին ես հպարտ էի առաջնորդել ջանքեր՝ հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը ճանաչելու համար: Անցյալ տարի ինձ համար մեծ պատիվ էր սատարել Ներկայացուցիչների պալատում և Սենատում երկկուսակցական օրինագծերը, որոնք պաշտոնապես ճանաչեցին և սահմանեցին Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության շարունակական հիշատակում: Ընտրվելու դեպքում, ես պարտավորվում եմ սատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև և համընդհանուր մարդու իրավունքները կդարձնեմ իմ ադմինիստրացիայի գերագույն առաջնահերթություններից մեկը:

Ես կանգնած եմ այսօր բոլոր հայերի և ամերիկահայ համայնքի կողքին, ովքեր այդքան մեծ ներդրում են ունեցել մեր երկրի համար` հիշելով և հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերին:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930