Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նույնիսկ պրեմյա չենք ստացել, իսկ Դուք ասում եք, որ ատկատներ են եղել». Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին

Ապրիլ 27,2020 17:59

«Փաշինյանն իր եթերում ևս մեկ անգամ ապացուցեց, որ իր սեփական եսը վեր է դասում նույնիսկ համազգային ողբերգությունից, ոգեկոչումից»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

Նրա համոզմամբ՝ անթույլատրելի է համազգային իրադարձությունները, ոգեկոչման օրերը դարձնել սեփական էժան PR-ի առարկա: Անթույլատրելի է ապրիլի 24-ը և ոգեկոչման միջոցառումները դարձնել հների ու նորերի, սևի ու սպիտակի, նախկինի ու ներկայի պայքար, սեփական եսը կարևորելու առիթ:

Նիկոլ Փաշինյանի՝ ազգային նոր նկարագրի, որակի, հնի ու նորի բաժանման, աննախադեպության մասին հայտարարությունների առիթով ՀՀԿ ԳՄ անդամը հայտարարեց. «Անվանարկվում են նախկինում կատարված բոլոր դրական ձեռքբերումները: Միգուցե այս ապրիլի 24-ն աննախադեպ էր, բայց աննախադեպ էր էժան PR-ի առատությամբ, երբ օրվա իշխանությունը նույնիսկ չխորշեց 82-ամյա պապիկին իր սեփական PR գործիք դարձնելու համար: Երբ այդ մարդուն մինչև գիշեր պահեցին այնտեղ, հետո նոր ամբողջ թիմով հրապարակային լծվեցին Փաշինյանի PR-ին, թե տեսեք՝ ինչ բարի է մեր վարչապետը և թույլ է տվել պապիկին գնալ և ծաղիկներ խոնարհել: Այն, որ պապիկը պետք է ծաղիկներ խոնարհեր, դա աներկբա էր, բայց դա պետք է արվեր շուտ ու լուռ, ոչ թե այս իրադարձությունը դարձնեին սեփական PR-ի և էժան դիվիդենտների գործիք»:

Խոսելով ազգային նոր նկարագրի մասին՝ Էդուարդ Շարմազանովը հեգնեց. «Ի՞նչ ազգային ընկալում, գաղափարախոսություն, արդյոք ազգային նկարագի՞ր է համարվում այն, երբ ապրիլյան պատերազմը սանձազերծող Ալիևին համարում եք կիրթ ու նորմալ, արդյոք ազգային նկարագրի մասի՞ն է խոսում այն փաստը, երբ պատրաստակամություն եք հայտնում երկխոսել Ադրբեջանի ժողովրդի հետ, մի բան էլ հայտարարում եք, որ Արցախում պետք է լուծում, որը կբավարարի նաև Ադրբեջանի հանրությանը: Ի՞նչ ազգային նկարագրի մասին է խոսքը, երբ ՀՀ քաղաքացիությունից հրաժարված տրանսգենդեր մարզիկին Ձեր սեփական պաշտպանության տակ եք առնում, ի՞նչ ազգային նկարագրի մասին է խոսքը, երբ անվանարկում եք Արցախի հերոսներին, որոնք մարտի դաշտում իրենց արյամբ ջարդ են տվել թուրքերին և հաղթանակ նվիրվել մեզ: Ի՞նչ ազգային նկարագրի մասին եք խոսում, երբ ազգային եկեղեցի համարվող հայ առաքելական եկեղեցու հովվապետի դեմ արշավ եք սկսում և Դուք էլ լռում եք: Ի՞նչ ազգային նկարագրի մասին կարող է խոսք լինել, երբ եվրոպաներում կազմակերպում եք ոչ թե Հայոց  ցեղասպանության ոգեկոչման ցուցահանդեսներ, այլ դմփ-դմփ-հու-ի ձեր հեղաշրջման ցուցահանդեսներ: Արդյոք ազգային նկարագրի մասի՞ն է խոսում այն փաստը, որ Դուք և Ձեր թիմը ձեր հեղաշրջումը հավասարեցնում եք մայիսյան հերոսամարտերին, արցախյան հաղթանակին»:

Նախկինների, ատկատների մասին՝ ՀՀ վարչապետի հայտարարության առիթով Էդուարդ Շարմազանովն ասաց. «Լավ, ե՞րբ եք Դուք վերջ տալու Ձեր անպատասխանատու, կեղծիք ու սուտ պարունակող հայտարարություններին: 2015-ի ապրիլ 24-ի միջոցառումներին 120-ից ավելի երկրների պատվիրակություններ են մասնակցել և չորս երկրի նախագահ: Նրանցից երկուսը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ են: Նույնիսկ այդ ժամանակ մենք չենք ասել, որ այդ միջոցառումն աննախադեպ է: Ի՞նչ ատկատի մասին կարող է լինել խոսք, երբ հարյուրամյակի միջոցառումների ժամանակ գեթ մեկ լումա պետական բյուջեից չի ծախսվել: Դո՞ւ ք եք ատկատներից խոսում, որ հինգ միլիոն դրամով գորգ եք լվանում, 350 հազար դոլար տրամադրում եք Գյումրիից Լոս Անջելես թռչելու համար, միլիարդավոր դրամներ պարգևավճարներ եք տալիս»:

Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց՝ հարյուրամյակի միջոցառումները կազմակերպելու համար «նույնիսկ պրեմյա չենք ստացել, իսկ Դուք ասում եք, որ ատկատներ են եղել»:

Էդուարդ Շարմազանովն ասաց, թե այնպիսի տպավորություն ունի, որ շուտով Նիկոլ Փաշինյանն իր եսը կարևորելու համար կհայտարարի, որ դեռ 1965-ի՝ Ուրուգվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը իր ու իր թիմի իրականացրած ազգանվեր աշխատանքի արդյունքն է ու հավելեց. «Այսպես որ շարունակվի, կարող է հայտարարել, որ մայիսյան հերոսամարտերին ոչ Արամ Մանուկյան, Դրաստամատ Կանայան, ոչ Մովսես Սիլիկյան, ոչ Գարեգին Նժդեհ է եղել, էլ ապրիլյան պատերազմ և Շուշիի ազատամարտի մասին չասեմ: Այնտեղ ի՞նչ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Սամվել Բաբայան, Սեյրան Օհանյան, ի՞նչ Կոմանդոս… ամբողջը Դուք ու Ձեր թիմն եք եղել: Ինչքա՞ն կարելի է շարունակել այսպես: Եղբա′յր, մտածեք իմ ասածների մասին: Ասում եմ եղբայր, քանի որ ի տարբերություն Ձեզ, ես սեփական հայրենիքում թշնամիներ չունեմ, իմ թշնամիները Արաքսից այն կողմ են»:

Ամփոփելով՝ ՀՀԿ ԳՄ անդամը խորհուրդ տվեց ՀՀ իշխանություններին՝ թե երբ նախկինների տասը տոկոսի չափ ազգային հարցերում նվաճումներ կունենաք, թույլ տվեք պատմությանը ձեզ գնահատել: Այնուհետև վստահեցրեց՝ դուք էլ եք անցնելու ու խորհուրդ տալով՝ եզրափակեց. «Մի′ ձգտեք նմանվել Հերոստրատին. սեփական եսասիրությունը կքանդի և′ Ձեր իշխանությունը, և′ մեր հանրապետությունը: Ինչպես կասեր Գարեգին Նժդեհը, եսականությունը, տգիտությունը հայրենասիրության առաջին թշնամիներն են: Մի′ քարոզեք եսականություն, տգիտություն և երկպառակություն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանուկ says:

    Ախր ինչպես՞ եղավ որ այս ազնիվ, արդար, ճշտապահ ու պարզ մարդկանց հասարակությունը « Ոչ » ասեց : օրնիբուն ժողովրդի խնդիրներով մտահոգ, սրտացավ, անձնականը մի կողմ դրած այս խեղճ ու բարի կուսակցությանը միթե՞ կարելի էր նման անմարդկային ձեւով վերաբերվել : այս անձնազոհ, հոգատար,
    անկաշառ ու առաքինի մարդկանցից պետք է դեռ ներում հայցել:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930