«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանի կարծիքով, նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմում ՀՀ կառավարության առաջարկած աջակցությունների ծավալը, ինչպես ընդհանուր առմամբ, այնպես էլ առանձին ծրագրերով, այնքան էլ տպավորիչ չէ։ «300 մլն դոլար հայտարարված օգնությունը ամպագոռգոռ է հնչում, սակայն պետք է ի վերջո պարզել, թե այդ հարյուր միլիոնավոր տրամադրված գումարներից, որոնք են անհատույց փոխանցումներ և որոնք վերադարձվող վարկեր»,-Aravot.am-ի հետ զրույցում իր վերապահումը հայտնեց Արման Ղուկասյանը:
Գնահատելով ՀՀ կառավարության` բիզնեսին և բնակչությանն աջակցելու ծրագրերը, մեր զրուցակիցը մի քանի էական արձանագրումներ է անում. կառավարության մշակած առաջին ծրագիրը ենթադրում է ձեռնարկություններին արտոնյալ պայմաններով նպատակային վարկերի տրամադրում, որոնք կարող են օգտագործվել աշխատակիցների աշխատավարձերի վճարման, հարկերի և տուրքերի վճարման, հումքի, սարքավորումների և պարենի ներմուծման համար: «Բիզնես-հանրության արձագանքներից արդեն կարելի է հասկանալ, որ ձեռնարկությունները նախընտրում են հրաժարվել այդ ծրագրի շրջանակներում առաջարկվող վարկերից, թեկուզև արտոնյալ պայմաններով։ Նրանց տրամաբանությունը պարզ է. տնտեսական ակտիվությունն այժմ սառեցված է, պահպանվող հարկերի և հավաքագրումների, աշխատավարձի ծախսերի, տարածքների վարձակալության և մատակարարների հետ հաշվարկները բացասական են, իսկ այդ վարկերը պետք է ինչ-որ կերպ վերադարձնել։ Հետեւաբար, շատ ձեռնարկություններ նախընտրում են իրենց աշխատողներին ուղարկել չվճարվող արձակուրդի»,- ասում է մեր զրուցակիցը`հավելելով, որ լուրջ խնդիր է նաև այն, որ ձեռնարկությունների որոշ մասը շատ անգամ զրկված են վարկ ստանալու հնարավորությունից տարբեր պետական պարտքեր ունենալու պատճառով:
Կառավարության մշակած երկրորդ և երրորդ ծրագրերը նույնպես կապված են վարկերի տրամադրման հետ` ֆերմերներին և գործարարներին: «Օգնության այդ փաթեթների իրականացման առանցքային խնդիրն այն է, որ ֆերմերների և գործարարների մեծ մասն արդեն վարկավորվել է, շատերը ներառված են այսպես կոչված սև ցուցակներում, ինչի պատճառով բանկերը հրաժարվում են դիմորդներին տրամադրել խոստացված վարկերը»,- նկատում է Արման Ղուկասյանը: Ութերորդ և տասներորդ ծրագրերի շրջանակներում պետության աջակցությանը կարող են հավակնել անհատ ձեռնարկատերերը, առաջին հերթին ծառայությունների և տրանսպորտի ոլորտից, ինչպես նաև միկրոբիզնեսից։ Միանվագ վճարի չափը կազմելու է 68-ից 136 հազար դրամ (138-277 դոլար): «Ներկայիս նախաձեռնությունները ընդունվել էին միայն այն բանից հետո, երբ բարձրացավ հասարակական դժգոհության ալիքը, ինչպես նաև հասարակական տրանսպորտի վարորդների բողոքի ակցիաներից հետո»,- ասում է մեր զրուցակիցը: Կառավարության երեք ծրագրեր`չորրորդը, վեցերորդը եւ յոթերորդը, հասցեական սոցիալական աջակցությանն ուղղված ծրագրեր են: Դրանցով նախատեսվում է, որ միանվագ վճար՝ մոտ 200 ԱՄՆ դոլարի չափով, կստանան մինչև 14 տարեկան երեխաների ծնողները, որոնք կորցրել են աշխատանքը, ինչպես նաեւ հղի կանայք, որոնց ամուսիններն ազատվել են աշխատանքից այս տարվա մարտի երկրորդ կեսին: Մոտավորապես 140 դոլար կվճարեն այն քաղաքացիներին, ովքեր տվյալ ժամանակահատվածում դարձել են գործազուրկ և, որոնց աշխատավարձն այս տարվա առաջին երկու ամիսներին չի գերազանցել 500 հազար դրամը (մոտ 1020 դոլար)։ Կառավարության հայտարարությունների համաձայն՝ այս երեք ծրագրերի շրջանակներում արդեն աջակցություն է ստացել մոտ 15 հազար մարդ։ «Այնուամենայնիվ, հասկանալու համար, թե ի վերջո ի՞նչ ազդեցություն են ունենալու այդ օգնության փաթեթները, անհրաժեշտ է հիշել`շատ քաղաքացիներ պաշտոնապես աշխատանքից չեն ազատվել, այլ ուղարկվել են չվճարված արձակուրդի: Այսպիսով, առանց պետության ուշադրության կմնան հարյուր հազարավոր մարդիկ, որոնք չեն կարող հաստատել իրենց միանվագ նպաստի իրավունքը ազատման մասին տեղեկանքով»,- արձանագրում է Արման Ղուկասյանը:
Կառավարությունը նաև օգնություն է սահմանել սոցիալական նպաստ ստացող ընտանիքներին։ Այդ նպաստները, ըստ տասներեքերորդ ծրագրի, նախատեսվում է ավելացնել 50 տոկոսով։ Այս առումով էլ մեր զրուցակիցը վերապահումներ ունի. «Եթե հաշվի առնենք, որ նախատեսված ծրագրի բյուջեն կազմում է 1,2 մլրդ դրամ (2,45 մլն դոլար) և այն ընտանիքների ընդհանուր թիվը, որոնց վրա այն տարածվում է՝ 85 հազար է, ապա մեկ ընտանիքի նպաստի ավելացումը նրան կբերի 30 դոլարից պակաս գումար»։ Ինչ վերաբերվում է կառավարության տասնմեկերորդ և տասներկուերորդ ծրագրերին, որոնցով ենթադրվում են կոմունալ ծառայությունների (գազի և էլեկտրաէներգիայի) ծախսերի փոխհատուցում, մեր զրուցակիցը ճիշտ քայլ է համարում, բայց համաձայն չէ փոխհատուցման նշված ժամկետի հետ: Այս ծրագրերով, հիշեցնենք, սահմանված է սպառման նվազագույն ծավալի 50 % – ը, որը նշվում է Հայաստանում 235 հազար տնային տնտեսությունների մոտ, և 30 % – ը ՝ սպառման մակարդակի դեպքում, որն ակտուալ է գրեթե 300 հազար տնային տնտեսությունների համար: «Կոմունալ վճարումների աջակցումը ճիշտ քայլ է, հատկապես այն լույսի ներքո, որ փոխհատուցումը տրվելու է առավել ծախսատար՝ փետրվար ամսվա համար: Սակայն առայժմ չի ենթադրվում, որ այդ երկու ծրագրերը տարածվելու են հաջորդ գարնանային ամիսներին, ինչը լրջորեն սահմանափակում է այդ միջոցառման արդյունավետությունը»,- ասաց նա։ Աման Ղուկասյանը դրական է գնահատում նաեւ կառավարության մշակած տասնչորսերորդ ծրագիրը, որը վերաբերվում է պետական բուհերի ուսանողներին աջակցելուն, միաժամանակ, նա դրանում քաղաքական բաղադրիչ է տեսնում: Հիշեցնենք, կառավարությունը լավ առաջադիմության դեպքում ամբողջությամբ կամ մասնակիորեն կվճարի մեկ կիսամյակի ուսման ծախսերը։ Հեշտացվելու են ուսման համար տրամադրվող վարկերը: Ինչպես նաև խոստացվել է լավ առաջադիմություն ունեցող ուսանողներին ուսման վարձը չվճարելու պատճառով չհեռացնել. «Այս օգնության փաթեթը չի կարող դրական չընկալվել ուսանողության շրջանում: Թեև հարկ է նշել, որ այստեղ նկատվում է կառավարության զուտ քաղաքական մոտիվացիան. քանի որ հենց ուսանողներն են եղել թավշյա հեղափոխության շարժիչ ուժերից մեկը և նրանց աջակցությունն այսօր քաղաքականապես ակտիվ կողմնակիցների պահպանման իշխանությունների քայլերից մեկն է»։
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցը նաեւ հավելում է, որ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությանն են դիմում մեծ թվով քաղաքացիներ։ Նրանցից շատերը խոսում են այն մասին, որ աջակցության ոչ մի ծրագրի մեջ չեն ներառվել և հիմա, իրապես, նյութական աջակցության կարիք ունեն։ Մյուս քաղաքացիները բողոքում են, որ իրենց կամ մերժում են աջակցել, չնայած այս կամ այն ծրագրերի չափորոշիչներին ֆորմալ համապատասխանությանը, կամ ավելի քիչ չափով օգնություն են ցուցաբերում, քան խոստացել են իշխանությունները։ Այս ամենի արդյունքում, ամփոփելով կորոնավիրուսի համաճարակի սոցիալական բացասական հետևանքները, հաղթահարելու կառավարության ձեռնարկված միջոցառումները, Արման Ղուկասյանը համարում է, որ դրանք անբավարար են. «Լուրջ հարցեր են առաջացնում այն, թե իրականում քանի քաղաքացի և ընտանիք մեր երկրում կկարողանան համապատասխանել ընդունված բոլոր բյուրոկրատական չափանիշներին և ստանալ որևէ աջակցություն։
Առայժմ ծրագրերի ազդեցությունը նվազագույն մակարդակի է: Եվ վերջապես, ծրագրերի մեծ մասը կրում է միանվագ բնույթ: Իսկ խնդիրն այն է, որ ճգնաժամն արդեն փաստացի մեկ ամիս է տևում է և հազիվ թե շուտ ավարտվի, իսկ մարդիկ կցանկանային որևէ հեռանկար տեսնել այն առումով, թե արդյոք նրանք կստանան նաև առաջիկա ամիսներին որևէ աջակցություն պետությունից, թե նրանք պետք է ինքնուրույն դուրս գան տվյալ իրավիճակից»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ