Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը քննարկման ներկայացրեց «Քրեական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծ: Օրինագծով առաջարկվում է, որ գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով փաստաբանի գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելու, այդ թվում՝ փաստաբանին, կապված նրա մասնագիտական գործունեության կամ լիազորությունների իրականացման հետ, սպառնալու կամ նրան վիրավորանք հասցնելու, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու դեպքում պատժել տուգանքով` նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 300-ապատիկի չափով կամ ազատազրկմամբ` 1-3 տարի ժամկետով»:
Նախագծով նաեւ առաջարկվում է պաշտոնատար անձի կողմից նոտարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքում պատժել տուգանքով` նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 300-ապատիկի չափով կամ կալանքով` 1-ից 3 տարի ժամկետով: Նույն պատիժը նախագծով սահմանվում է նաեւ այն դեպքում, եթե նոտարի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիք լինի` կապված նրա լիազորությունների իրականացման հետ:
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ զրպարտության, վիրավորանքի դեպքում ապաքրեականացման գնացին ու այս նախագծի ընդունման դեպքում հետեւանքները պետք է հաշվի առնել ինչպես Վենետիկի հանձնաժողովում, այնպես էլ միջազգային այլ կառույցներում:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, որը մասնակցում էր նիստին, ասաց, որ զրպարտության, վիրավորանքի մասով քննիչը, հետաքննիչը, դատախազն արդեն պաշտպանված են. «Ինչու պետք է փաստաբանին պաշտպանել: Երբ փաստաբանին վիրավորում են կամ զրպարտում են, դրա ազդեցությունը կրում է վստահորդը: ՄԻՊ-ին վիրավորելը քրեականացված է: Վերջին հանրային դեպքերը հաշվի առնելով, երբ փաստաբանները ենթարկվել են հայհոյանքների, վիրավորանքների, պետք է նաեւ նրանց համար դա կիրառել»:
Կարդացեք նաև
Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը հորդորեց պատկերացնել մի իրավիճակ, երբ դատարանի դահլիճում տուժող կողմի ներկայացուցիչը վիրավորում է ամբաստանյալի փաստաբանին, օրինակ, ասում ՝ «դու էդ չե՞ս, որ պաշտպանում ես իքս մարդուն, անպարկեշտ արտահայտություններ է անում, ընդհուպ՝ ապուշ, հիմար, դեբիլ», ստացվում է, որ նման դեպքերում անձին քրեական պատասխանատվությա՞ն են ենթարկելու: Ի պատասխան՝ Արա Զոհրաբյանն ասաց, որ հաշվի է առնվում, թե ինչ պայմաններում է վիրավորանքը: Նա հիշեցրեց, որ որոշ պաշտոնատար անձանց վիրավորելը քրեականացված է, կա՛մ պետք է նույն քաղաքականությունը բոլորի նկատմամբ միատեսակ կիրառվի, կա՛մ չկիրառվի:
Սրբուհի Գալյանն ասաց, որ այնպես չի, որ լավ պրակտիկա է վիրավորանքը քրեականացնելը, ուստի իրենք կառաջարկեին ոչ թե քրեականացնել փաստաբանին վիրավորելը, այլ ապաքրեականացնել մյուս պաշտոնատար անձանց՝ քննիչին, հետաքննիչին, դատախազին վիրավորելը: Նա ասաց, որ կառավարությունը դեմ է այս նախագծին:
«Իմ քայլի» պատգամավոր Մարիա Կարապետյանը հիշեցրեց ԵԽԽՎ բանաձեւը, ոը կոչվում է «դեպի զրպարտության ապաքրեականացում»: Նա նույնպես այն կարծիքին էր, որ պետք է առաջ շարժվել ու ապաքրեականացնել քննիչի, դատախազի նկատմամբ զրպարտությունը:
ԼՀԿ-ի նախագիծը դրվեց քվեարկության եւ ստացավ բացասական եզրակացություն:
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ներկայացրեց «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություների իր նախագիծը: Գործող օրենքով երաշխավորվում է Հայաստանի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին անվճար իրավաբանական օգնությունը: Ըստ նախագծի հեղինակի՝ նման վերաբերմունքը արդարացի չէ այն զինծառայողների ընտանիքի անդամների հանդեպ, որոնց զավակները ՀՀ Զինված Ուժերում իրենց ծառայությունը իրականացնելու ընթացքում մահացել են այլ հանգամանքներում, եւ նման տարբերակված խտրական մոտեցման արդյունքում չեն կարողանում ստանալ պետության կողմից երաշխավորված անվճար իրավաբանական օգնություն:
Օրենքի նախագծի ընդունմամբ պետությունը օրենքով կերաշխավորի եւ կապահովվի զինված ուժերում ծառայության ընթացքում մահացած զինվորների ընտանիքի անդամներին՝ հանրային պաշտպանի գրասենյակի կողմից անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու հնարավորությունը:
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ